Armenian Knowledge Base  

Go Back   Armenian Knowledge Base > Entertainment > Literary nook
Register

Reply
 
LinkBack Thread Tools
Old 05.04.2006, 05:43   #1
Easy rider
 
Silver's Avatar
 
Join Date: 11 2005
Location: tristeza
Age: 32
Posts: 1,082
Downloads: 0
Uploads: 0
Reputation: 0 | 0
Default Avetiq Isahakyan: Abu-Lala-Mahari

Աբու-Լալա-Մահարի
Ավետիք Իսահակյան

Աբու-Լալա-Մահարին,
Հռչակավոր բանաստեղծը Բաղդադի,
Տասնյակ տարիներ ապրեց
Խալիֆաների հոյակապ քաղաքում,
Ապրեց փառքի և վայելքի մեջ,

Հզորների և մեծատունների հետ սեղան նստեց,
Գիտունների և իմաստունների հետ վեճի մտավ,
Սիրեց և փորձեց ընկերներին,
Եղավ ուրիշ-ուրիշ ազգերի հայրենիքներում,

Տեսավ և դիտեց մարդկանց և օրենքները:
Եւ նրա խորաթափանց հոգին ճանաչեց մարդուն,
Ճանաչեց և խորագին ատեց մարդուն
Եւ նրա օրենքները:

Եւ որովհետև չուներ երեխաներ,
Բոլոր իր հարստությունը բաժանեց աղքատներին,
Առավ իր ուղտերի փոքրիկ քարավանը`
Պաշարով ու պարենով,

Եւ մի գիշեր, երբ Բաղդադը քուն էր մտել
Տիգրիսի նոճիածածկ ափերի վրա,
Գաղտնի հեռացավ քաղաքից...


Առաջին սուրահ

Եւ քարավանը Աբու-Լալայի` աղբյուրի նման մեղմ կարկաչելով`
Քայլում էր հանգիստ, նիրհած գիշերով, հնչուն զանգերի անուշ ղողանջով:

Հավասար քայլով չափում էր ճամփան այն քարավանը ոլոր ու մոլոր,
Եւ ղողանջները ծորում քաղցրալուր` ողողում էին դաշտերը անդորր:

Մեղկ փափկության մեջ Բաղդադն էր նիրհում ջեննաթի շքեղ, վառ երազներով,
Գյուլստաններում բլբուլն էր երգում գազելներն անուշ` սիրո արցունքով:

Շատրվանները քրքջում էին պայծառ ծիծաղով ադամանդեղեն,
Բույր ու համբույր էր խնկարկվում չորս կողմ խալիֆաների քյոշքից լուսեղեն:

Գոհար աստղերի քարավանները թափառում էին երկնի ճամփեքով,
Եւ ղողանջում էր ողջ երկիրն անհուն` աստղերի շքեղ, անշեջ դաշնակով:

Մեխակի բույրով հողն էր շշնջում հեքիաթներն հազար ու մի գիշերվա,
Արմավն ու նոճին անուշ քնի մեջ օրորվում էին ճամփեքի վրա:

Եւ քարավանը` օրոր ու շորոր, զնգում էր առաջ ու ետ չէր նայում,
Անհայտ ուղին էր Աբու-Լալային բյուր հրապույրով կանչում, փայփայում:

«Գնա´, միշտ գնա´, իմ քարավանս, և քայլի´ր մինչև օրերիս վերջը»,–
Այսպես էր խոսում իր սրտի խորքում Աբու Մահարին, մեծ բանաստեղծը:

«Գնա´ մենավոր վայրերը թափուր. ազատ, կույս և սուրբ զմրուխտյա հեռուն.
Դեպի արևը սլացիր անդուլ և սիրտս այրիր արևի սրտում:

Ա~խ, մնաք բարև չեմ ասում ես ձեզ, իմ հոր գերեզման, օրոցք մայրական,
Իմ հոգին հավերժ խռով է ձեզ հետ, հայրենական հարկ, հուշեր մանկական:

Ես շատ սիրեցի իմ ընկերներին և բոլոր մարդկանց մոտիկ ու հեռուն,
Իժ դարձավ խայթող իմ սերը հիմա, թույն-ատելությամբ սիրտըս է եռում:

Ատում եմ, ինչ որ սիրել եմ առաջ, ինչ որ տեսել եմ մարդկային հոգում.
Մարդկային հոգում` զազիր ու նանիր` համրել եմ հազար գարշանք ու նողկում:

Բայց ամենից շատ ատում եմ հազար ու մեկերորդը` կեղծիքը հոգու,
Որ զարդարում է անմեղ սրբերի լուսապսակով երեսը մարդու:

Մարդկային լեզու, դու որ երկնային բույրով ու թույրով, շղարշով պայծառ,
Ծածկում ես մարդու դժոխքը հոգու, ոգե՞լ ես արդյոք ճշմարիտ մի բառ:

Իմ սեգ քարավան, գնա´, մխրճվի´ր անապատի մեջ` վայրի ու բոցոտ,
Եւ իջևանիր այն պղնձացած, շեկ ժայռերի տակ, գազանների մոտ:

Խփե´մ վրանըս, օձ-կարիճների բըների գլխին վրանըս խփեմ,
Այնտեղ բյուր անգամ ես ապահով եմ, քան թե մարդկանց մոտ, կեղծ ու ժպտադեմ:

Քան ընկերի մոտ, ա~խ, որի կրծքին դնում էի ես գլուխըս սիրով,
Կուրծքը ընկերի, որ շղարշում է անդարձ կորստի անդունդը ստով:

Այնքան ժամանակ, որքան արևը կայրե Սինայի սնարները վես,
Եւ անապատի դեղին շեղջերը հորձանքներ կտան ալիքների պես:

Ես չեմ կամենա ողջունել մարդկանց, նրանց սեղանից պատառ չեմ կտրի,
Գազանների մոտ հացի կնստեմ, ողջույնը կառնեմ բորենիների:

Եւ գազանները թող ինձ հոշոտեն, վայրագ հողմերը շաչեն ինձ վրա,
Եւ այսպես, մինչև օրերիս վերջը, քարավանս անդարձ, գնա´ ու գնա´...»:

Եւ վերջին անգամ Աբու Մահարին ետ դարձավ նայեց նիրհած Բաղդադին,
Գարշանքով շրջեց ճակատը կնճռոտ և փարվեց ուղտի թավ պարանոցին:

Սիրով գուրգուրեց, ջերմ շրթունքներով համբուրեց ուղտի աչքերը վճիտ.
Եւ թարթիչներից նրա կախվեցին անզուսպ արցունքի երկու այրող շիթ:

Անուշ մրմունջով, նիրհած դաշտերով մեղմ օրորվում էր ձիգ քարավանը,
Գնում էր առաջ, դեպի անապատ, անհայտ ափերը, կույս-հեռաստանը:


Երկրորդ սուրահ

Եւ ոլորվում էր այն քարավանը սեգ արմավների շարքերի միջով,
Փոշի էր հանում,– փոշու քարավան, որ վարում էր լուռ` խորշակն հուր շնչով:

«Քայլի´ր, քարավա´ն, ի՞նչ ենք թողել մենք, որ կարոտանքով ցանկանք մեր դարձը»,–
Այսպես էր խոսում իրեն սրտի հետ Աբու Մահարին, մեծ բանաստեղծը:

«Թողել ենք այնտեղ կի՞ն – աստվածային, սե՞ր – երջանկություն, անհուն երազա՞նք. –
Քայլի´ր, կանգ մի´ առ, թողել ենք միայն շղթա ու կապանք, կեղծիք ու պատրանք:

Եւ կինն ի՞նչ է որ... խորամանկ, խաբող, առնախանձ մի սարդ, հավերժ նանրամիտ,
Որ հացդ է սիրում, համբույրի մեջ սուտ և քո գրկի մեջ գրկում ուրիշին:

Խարխուլ մակույկով հանձնվի´ր ծովին, քան թե հավատա կնոջ երդումին.
Նա` կավատ, վարար, մի չքնաղ դժոխք, նրա բերանով Իբլիսն է խոսում:

Դու երազել ես աստղը հեռավոր, հրեշտակաթև շուշանն ըսպիտակ,
Որ քո վերքերին բալասան լինի, ոսկեշող երազ կյանքի ցավի տակ,

Դու տենչացել ես լույս-ափերի մեջ քեզ իրեն կանչող աղբյուրի երգին,
Եւ անմահության ցողն ես երազել և անուշ լացել երկնային կրծքին,–

Բայց սերը կնոջ` տոչորված հոգուդ աղ-ջուր է տալիս, որ միշտ ծարավնաս,
Հուր տարփանքի մեջ հաղթական կնոջ մարմինը լիզես ու չըհագենաս:

Ո~հ, կնոջ մարմին, պագշոտ, օձեղեն, դիվական անոթ ոճիրների չար,
Դո´ւ, որ մսեղեն դառն հաճույքով արևը հոգու դարձնում ես խավար:

Ատում եմ սերը` մահի պես անգութ, հավիտյան այրող, խոցող գաղտնաբար,
Այդ քաղցր թույնը, որով արբողը ստրուկ է դառնում և կամ բռնակալ:

Ո´վ սեր, բնության դու խոշտանգիչ կամք, նենգ ու դավադիր ոգի աննահանջ,
Դո´ւ թոհուբոհի ընդերք մոլեգնած, արյուն ցավատանջ, արյան մղձավանջ:

Ատում եմ կնոջ` տարերքը կրքի, միշտ բեղմնավորող եղեռնը անսանձ,
Աղբյուրն անսպառ, որ կուտակում է աշխարհի վրա տիղմը չարության:

Ատում եմ նորից սերն ու կնոջը, իր համբույրները շողոմ ու դժնյա,
Փախչում եմ նրա ճահիճ-մահիճից և անիծում եմ երկունքը նրա:

Երկունքը դաժան և հավերժական, որ հեղեղում է վտառն իժերի,
Որոնք խայթում են, հոշոտում իրար, աստղերն են պղծում տոփանքով ժահրի:

Սրիկա է նա, ով հայր է լինում, ով երանավետ ծոցից ոչնչի`
Գոյության կոչում թշվառ հյուլեին և գլխին վառում գեհենն այս կյանքի:

«Իմ հայրը իմ դեմ մեղանչեց, սակայն` չմեղանչեցի ես ոչ ոքի դեմ»,
Այս իմ կտակը թող գրվի շիրմիս, եթե լուսնի տակ մի խորշ պիտ գտնեմ:

Այնքան ժամանակ, որ ծովը պիտի փարե Հեջազի ափերն զմրուխտյա,
Ես ետ չեմ դառնա կնոջ մոտ երբեք, ես չեմ կարոտնա թովչանքին նըրա:

Կը գգվեմ վայրի տատասկը դժնի և կը համբուրեմ փշերը նրա,
Գլուխս կդնեմ այրվող ժայռերին և կըլամ նրանց ջերմ կրծքի վրա»:

Եւ քարավանը մեղմիկ կարկաչով չափում էր ուղին ոլոր ու մոլոր,
Դեպի երազուն և կապույտ հեռուն հոսում էր առաջ հանգիստ ու անդորր:

Զանգակներն, ասես, հեկեկում էին և ծորում հատ-հատ հնչուն արցունքներ,
Քարավանն, ասես, լալիս էր անուշ, ինչ որ Մահարին սիրել, լքել էր:

Եւ զեփյուռների սրինգները մեղմ գեղգեղում էին շարքիներն անուշ
Սիրո վերքերի, վշտոտ կարոտի և երազական թախծանքի քնքուշ:

Եւ Աբու-Լալան խորհում էր մռայլ, և նրա վիշտը անհունի նման,
Ինչպես իր ուղին, որ գալարվում է, ձգվում է անծայր և չունի վախճան:

Հյուսվելով անծիր ճանապարհի հետ` լուռ թախծում էր նա ցերեկ ու գիշեր,
Հայացքը հառած անհայտ աստղերին, հոգու մեջ դառըն ու ցավոտ հուշեր,

Եւ ետ չէր նայում անցած ճամփեքին և չէր ափսոսում թողած-լքածին,
Ողջույն չէր վերցնում, ողջույն չէր տալիս անցնող ու դարձող քարավաններին:


Երրորդ սուրահ

Եւ քարավանը Աբու-Լալայի, աղբյուրի նման մեղմ կարկաչելով,
Հանգիստ, միաչափ քայլում էր առաջ հեզ լուսնկայի շողերի միջով:

Եւ լուսինն, ինչպես ջեննեթի մատաղ փերիի կուրծքը` չքնաղ, լուսավառ,
Մերթ ամաչելով պահվում էր ամպում և մերթ թրթռուն փայում էր պայծառ:

Նիրհ էին մտել ծաղկունքը բուրյան` ադամանդներով, շքեղ գինդերով.
Ծիածանաթև հավքերը իրար գուրգուրում էին քնքուշ մրմունջով:

Մեխակի բույրով հովն էր շշնջում հեքիաթներն հազար ու մի գիշերվա,
Արմավն ու նոճին անուշ քնի մեջ` օրորվում էին ճամփեքի վրա:

Հովի զրույցին ունկն դնելով` Աբու Մահարին խոսում էր անձայն.
«Աշխարհն ել, ասես, մի հեքիաթ լինի` անսկիզբ, անվերջ, հրաշք դյութական:

Եւ ո՞վ է հյուսել հեքիաթն այս վսեմ, հյուսել աստղերով, բյուր հրաշքներով:
Եւ ո՞վ է պատմում բյուր-բյուր ձևերով` անդուլ ու անխոնջ` այսպես թովչանքով:

Ազգեր են եկել, ազգեր գնացել և չեն ըմբռնել իմաստը նըրա.
Բանաստեղծներն են հասկացել դույզն ինչ և թոթովում են հնչյուններն անմահ:

Ոչ ոք չի լսել սկիզբը նըրա և չի լսելու վախճանը նըրա,
Ամեն հնչյունը դարեր է ապրում, ամեն հնչյունին վերջ, սկիզբ չկա:

Բայց ամեն մի նոր ծնվածի համար նորից է պատմվում հեքիաթն այս շքեղ,
Նորից սկսվում և վերջանում է ամեն մի մարդու կյանքի հետ մեկտեղ:

Կյանքը երազ է, աշխարհը` հեքիաթ, ազգեր, սերունդներ` անցնող քարավան,
Որ հեքիաթի մեջ, վառ երազի հետ, չվում է անտես դեպի գերեզման:

Կույր ու գուլ մարդի´կ, առանց երազի, առանց լսելու հեքիաթն այս վսեմ,
Իրար կոկորդից պատառ եք հանում և դարձնում աշխարհն` ահավոր ջեհնեմ:

Ձեր օրենքները – լուծ ու խարազան, և անելք մի ցանց խոլական սարդի,
Եւ որոնց ժահրով թունավորում եք երգը բլբուլի, անուրջը վարդի:

Եղկելի´ մարդիկ, փոշի կը դառնան ձեր վատ սրտերը, ձեր գործերը չար,
Եւ ժամանակի ձեռքը անտարբեր կըսրբե-կավլե պիղծ հետքերը ձեր:

Եւ ունայնաշունչ հողմը կըշաչե ձեր ոսկորների քարերի վըրա,
Իսկ վայելելու դուք միշտ ապիկար` երազն այս չքնաղ, հեքիաթն այս ոսկյա»:

Գոհար աստղերի քարավանները թափառում էին երկնի ճամփեքով,
Եւ ղողանջում էր ողջ երկինքն անհուն` աստղերի պայծառ, անշեջ զընգոցով:

Եւ արար-աշխարհ լցված էր, դյութված բյուր նվագներով հավերժ երկնային.
Եւ անուրջներում նա վերասլաց լսում էր հոգով վսեմ երգերին:

«Գնա´, քարավան, մեղմ հնչյուններդ հյուսելով երկնի լույս-ղողանջի հետ,
Վիշտս տու´ր հովին, քայլի´ր բնության ծոցը մայրական, և մի´ նայիր ետ:

Տա´ր ինձ լուսազգեստ, օտար մի եզերք, հեռու, հեռավոր, մենավոր ափեր,
Սուրբ մենակություն, դո´ւ իմ օազիս, դո´ւ երազների աղբյուր զովաբեր:

Լռության երկինք, խոսիր դու ինձ հետ աստղերիդ լեզվով և ամոքիր ինձ,
Գուրգուրիր հոգիս` աշխարհից խոցված, մարդուց խայթըված վիրավոր հոգիս:

Իմ մեջ այրվում է մի անհագ կարոտ, կարեկից մի սիրտ` լացող հավիտյան.
Եւ իմ հոգում կա մի չքնաղ երազ, և´ սուրբ արտասուք, և´ սեր անսահման:

Ոգիս ազատ է, ես չեմ հանդուրժում իմ վրա իշխող ո´չ մի զորության,
Ո´չ օրենք, սահման, ո´չ ճակատագիր, ո´չ չար ու բարի և ո´չ դատաստան:

Իմ գլխի վերև չպետք է լինի ո´չ մի հովանի, ո´չ մի իրավունք,
Եւ իմ կամքից դուրս ամեն ինչ բանտ է, և´ ստրկացում, և´ բռնադատում:

Ես կուզեմ լինել անսահման ազատ, անպարտք, անիշխան, այլև անաստված,
Հոգիս տենչում է միայն, միմիայն` մեծ ազատություն, անհուն, անտարած»:

Եւ քարավանը հյուսվում էր առաջ, և նըրա վերև շողում էին վառ
Մանկան ժպիտով աստղերը ազատ, այն հավերժափայլ աչքերը գոհար:

Եւ կանչում էին նրան կաթոգին լույս թարթումները ոսկի աստղերի,
Եւ հոգին լցնում վսեմ ղողանջով երկնքի հազար բյուրեղ զանգերի:

Վճիտ գիշերին դյութական ցոլքով փայլում էր ուղին փիրուզյա հեռվում,
Եւ քարավանը` օրոր ու շորոր, քայլում է անդորր փիրուզյա հեռուն...


Չորրորդ սուրահ

Գիշերն ահարկու` և´ սև, և´ հսկա, մի չղջիկի պես թևերը փռեց,
Անծիր թևերը իջան, ծածկեցին քարավանն, ուղին և դաշտերն անափ:

Եւ հորիզոնից մինչև հորիզոն երկինքը լցվեց մռայլ ամպերով.
Չէին շողշողում լուսինն ու աստղեր. խավարն` ասես թե` պատած խավարով:

Եւ հողմերն ահեղ` նժույգների պես` սանձարձակ, վայրի արշավում էին,
Հորձանքներ տալով, և հողն ու փոշին այրված դաշտերից խառնում ամպերին:

Ե´ւ մահասարսուռ շառաչում էին, և´ աղաղակում հազար ձայներով,
Ասես, վիրավոր գազաններ էին, մռնչում-ոռնում հողմի բերանով:

Նեղ ձորերի մեջ գալարվում էին և արմավենու անտառներում կույս
Հեծեծում էին հողմերը տխուր, որպես թե մի սիրտ լաց լիներ անհույս:

«Գնա´, քարավան, հողմերի դիմաց աննկուն քայլիր աշխարհի եզրը»,–
Այսպես էր խոսում իր սրտի խորքում Աբու Մահարին, մեծ բանաստեղծը:

«Շաչեցե´ք գլխիս, ամեհի հողմեր, դո´ւք, մրրիկներ, պայթեցե´ք գլխիս,
Ես բաց ճակատով ձեր դեմն եմ կանգնած, ես վախեցող չեմ, զարկեցե´ք ճակտիս:

Ես ետ չեմ դառնա ժանտ քաղաքները, ուր բազմաժխոր կրքերն են եռում.
Ոստաններն արյան, ուր մարդը դաժան իր նմաններին է միշտ պատառոտում:

Ի´մ անտուն գլուխ, տուն չես դառնա դու, ինքդ մարեցիր երգըդ հայրենի,
Վայ նրան, ով որ տուն ու տեղ ունի, կապված է շան պես իրեն տան շեմին:

Արշավե´ք, հողմեր, իմ հոր տան վըրա, քանդե´ք, ավերե´ք հիմքերը նրա,
Եւ փոշին ցրե´ք մեծ աշխարհով մեկ, անծայր ուղին է իմ տունը հիմա:

Մենակությունն է իմ սերը հիմա, երկինքն աստղաբիբ` վրանս հայրական,
Եւ քարավանն է ընկերս հիմա, և իմ հանգիստը` ուղիս անկայան:

Դո´ւ, կախարդ ուղի, հավիտյան անհայտ, հավիտյան դյութող իմ նոր հայրենիք,
Տար ինձ, իմ սիրտը` հավիտյան լացող` այնտեղ, ուր բնավ չեն եղել մարդիկ:

Մարդկանց մոտ պետք է աչալուրջ լինես, միշտ ոտքի վրա և սուրը ձեռիդ,
Որ քեզ չլլկեն, քեզ չհոշոտեն թե´ բարեկամդ և թե´ թշնամիդ:

Բարեկամներից հեռու տա´ր դու ինձ, որոնք անկշտում մժղուկների պես
Հետևում են քեզ, երբ արյուն ունես, իսկ երբ ցամաքես, կմոռանան քեզ:

Իմ խոր վերքերը ո՞վ կնյութեր ինձ, թե չլինեին ընկեր, բարեկամ,
Որոնք համբույրով սիրտս բացեցին, որոնք համբույրով խայթեցին նրան:

Բյուր կեղծիք ունի իր ակունքի մեջ համբույրը մարդկանց, համբույրն ընկերի,
Որով որսում է գաղտնիքը սրտիդ և դարձնում է քեզ հավիտյան գերի:

Ի՞նչ է ընկերը և բարեկամը` նենգ ու դրուժան, չարակամ ու վատ:
Իմ հոգում մեռավ սիրո մի երկինք, մի վառ արեգակ, և´ սեր, և´ հավատ:

Բարեկամն ի՞նչ է – լավիդ նախանձող, քայլիդ խուզարկու, բամբասող, ագահ,
Ծանոթ շները չեն հաչում վրադ, ծանոթ մարդիկ են հաչում քո վրա»:

Հողմերն անհեթեթ ջինների նման` Աբու-Լալայի խոժոռուն դեմքին
Քրքջում էին, ծափ տալիս, ծաղրում և ապարոշից քաշքշում ուժգին:

Եւ քղանցներից կախ էին ընկնում, և աչքերի մեջ Աբու-Լալայի
Շաղ էին տալիս բուռերով փոշի և կտրում թելը նրա խոհերի:


Հինգերորդ սուրահ

Եւ քարավանը ճեղքելով վստահ մըրրկապարը վայրագ ջինների,
Անշեղ ու անվախ ձգվում էր առաջ` ղողանջյուններով հուզված զանգերի:

«Ի՞նչ է ընկերը... – կրկնում էր անդուլ զայրացած սրտում Աբու Մահարին,–
Ծոցիդ մեջ սև օձ, մահիճդ պղծող... Թռի´ր, քարավան, ընկեր մտերիմ:

Եւ ուր որ կերթաս, այնտեղից նորեն գնա ու գնա, առանց հանգրվան,
Իմ բարի ճամփա, տար ինձ, կորցրու, չքվիմ, տանջանքս մարդիկ չիմանան:

Եւ ի՞նչ ենք թողել, ի՞նչ կա մեր հետև, որ մեզ պատրանքով ետ կանչե նորից:
Փա՞ռք, գա՞նձ, օրենքնե՞ր և իշխանությո՞ւն... Թռիր, հեռացիր բոլոր-բոլորից:

Եւ ի՞նչ է փառքը,– այսօր քեզ մարդիկ եղջյուրներից վեր կբարձրացնեն,
Վաղը նույն մարդիկ սմբակների տակ ճմլելու համար քեզ վար կնետեն:

Ի՞նչ է պատիվը, հարգանքը մարդկանց – սոսկ ոսկուց – վախից հարգ են մատուցում,
Իսկ երբ սայթաքես, մուճակիդ փոշին մեծ մարդ է դառնում ու քեզ հարվածում:

Եւ ի՞նչ է գանձը, որով հիմարը տիրում է մարդկանց, և´ հանճար, և´ սեր,–
Բյուրավորների քամված արյունը, մեռելների միս, որբի արցունքներ:

Ի՞նչ է ամբոխը – մեծ հիմարն է նա, ոգին հալածող և տարրը չարի,
Բռնության խարիսխ. և´ սուր երկսայրի, և´ զայրույթի մեջ գազան վիթխարի:

Ի՞նչ է համայնքը – թշնամու բանակ, և անհատն այնտեղ անշղթա գերի,
Ե՞րբ է հանդուրժել հոգու թռիչքին և սլացումին վսեմ մտքերի:

Նողկալի համայնք, հեղձուցիչ օղակ, քո լավն ու վատը – ահեղ խարազան,
Մի անհուն մկրատ բոլորին խուզող` միահավասար և միանման:

Ատում եմ, ավա~ղ, և հայրենիքը – պերճ արոտավայր հարուստների ցոփ,
Որի հողն արնոտ` անդուլ հերկողը չոր քար է կրծում իր հացի հանդեպ:

Ի՞նչ է օրենքը, մարդկանցից օրհնած, բիրտ ուժեղների այդ սուրը դաժան,
Անզորի գլխին կախված հավիտյան, խեղճին խողխողող, հզորին պաշտպան:

Ե´ւ իրավունքը, և´ օրենքները բոլոր զայրույթով ատում եմ, ատում,
Գարշ իրավունքով բռնաբարում են և գարշ օրենքով լլկում ու մորթում:

Յոթն անգամ ահա´ ատում եմ, ատում իշխանությունը – սերունդներ լափող,
Անհագ վաշխառու, անկուշտ ձրիակեր, պատերազմների հավերժ հերյուրող:

Անցած դարերի, գալիք դարերի մեծ դահիճն է նա և մեծն ավազակ,
Իր անցած ուղին` ոճիր ու նախճիր, սարսափներ վիժող, ոխակալ ոհմակ:

Նա հրեշի պես կրծքիս է նստել, բռունցքն է ահեղ սեղմել ճակատիս,
Եւ ամեն քայլիս շղթա է զարկել, փականք է դրել լեզվիս ու մտքիս:

Նա փշրում է միշտ մեր ուսերը վար, ամենուր հասնում, ճզմում է մարդուն,
Եւ իրավունքի դաժան անունով բյուր կառափներից բուրգեր է կերտում:

Եւ ամեն ինչ է իշխանությունը – իրավունք, օրենք և արդարություն.
Նա ինքն է խիղճը և չարն ու բարին, իսկ դու` գերեզման, դու` ոչնչություն:

Եւ նզովում եմ իշխանությունը հազարաճիրան մոլի բորենին.
Իր ամեն քայլը` արյունի հնձան, ուր տրորում է ծերին, մանուկին:

Ապիկա´ր մարդիկ, ստրուկ ու վախկոտ, ո՞վ տվեց սուրը նմանիդ ձեռին,
Ո՞վ տվեց նրան վրեժի իրավունք` իշխել, խողխողել իր նմաններին:

Տա´ր ինձ, քարավան, իժերին հանձնիր, թաղիր հեգ սիրտս ավազների տակ,
Տա´ր ինձ, ազատիր իշխանությունից, ազատիր նըրա հովանուց վայրագ»:

Խոլ կայծակները հրեղեն սրով ծվատում էին վաշտերն ամպերի
Եւ արշավասույր` փշրվում էին ճերմակ բաշերին հեռու լեռների:

Եւ մրրիկները մռնչում էին, արմավն ու նոճին շաչում, շառաչում.
Եւ քարավանը կամուրջ քանդելով և քառատրոփ վազում էր, թռչում:

Վազում էր, թռչում, զրը~նգ, հա զրը~նգ, փոշու ամպերով ծածկելով ճամփեն,
Ասես, փախչում էր չար իշխանության քինոտ բռունցքից, որ չհասնի իրեն:


Վեցերորդ սուրահ

Եւ միջօրեի բարկ արևի տակ խիստ բուրում էին նարճիս ու ծոթոր,
Եւ քարավանը փոշու մեջ կորած` քայլում էր դանդաղ, հոգնած, քրտնաթոր:

«Թռի´ր, քարավան, խորշակ ու մրրիկ ճեղքելով մտիր ավազի ծոցը»,–
Այսպես էր խոսում զայրացած սրտում Աբու Մահարին, մեծ բանաստեղծը:

«Թող անապատի բոց հողմն իմ դեմ գա, ավազի վրայից հետքերս ջնջե,
Որ մարդը երբեք տեղս չգտնի, իմ շնչած օդը մարդը չշնչե:

Տեսնում եմ ահա շեկ առյուծներին` դեղին շեղջերից աչքիս են նայում,
Տեսնում եմ նրանց, որոնց ոսկեղեն բաշերից հողմը կայծեր է պոկում:

Արի´ք, կանչում եմ, ես փախչողը չեմ, արի~ք, լափեցե´ք սիրտս վիրավոր,
Ես ետ չեմ դառնա մարդու մոտ երբեք, դուռը չեմ բախի մարդու նենգավոր:

Մարդիկ ի՞նչ են որ... դիմակված դևեր, ժանիքներ ունեն. անտես ճիրաններ,
Սմբակներ ունեն և որոճող են, և նրանց լեզուն` թունավոր սուսեր:

Եւ ո՞վ են մարդիկ... աղվեսների հոտ, եսամոլ անհուն, ուրացող, մատնիչ.
Անկումիդ ուրախ, արյուններ լակող, գազան մանկասպան և դահի´ճ, դահի´ճ:

Աղքատության մեջ` քծնի, վաճառվող, թշվառության մեջ` վախկոտ, դավաճան,
Հարստության մեջ` լկտի չարախինդ, և´ վրիժառու, և´ ամբարտավան:

Զոհվում է լավը վատերի համար, և վատն ու չարը լլկում են, տանջում
Մի բուռ լավերին այս վատ աշխարհում, և կյանքի արտում որոմն է աճում:

Նզովում եմ ձեզ, հեռավո´ր մարդիկ, ձեր չարն ու բարին, կրոնները ձեր,
Որոնք միմիայն շղթա են կռում և ստրկության կոփում զնդաններ:

Ապիրատ աշխարհ, ուր հզոր ոսկին դարձնում է գողին ազնիվ, բարեհույս,
Ապուշին` հանճար, վախկոտին` կտրիճ, տգեղին` չքնաղ և պոռնիկին` կույս:

Մարդկային աշխարհ, արյան բաղանիք, ուր թույլն` հանցավոր և հզորն` արդար.
Ուր մարդը տխեղծ` ինչ որ անում է այս գարշ աշխարհում` սոսկ նյութի համար:

Սոսկ շահի համար, շահին միշտ գերի, աստվածացնող թաթը եղեռնի,
Ահա մարդը միշտ – պատկերն աստծու, սակայն իրապես վիժվածք շեյթանի:

Համրելով մեկ-մեկ անթիվ քայլերը իմ քարավանի, իմ անծայր ճամփու,
Անթիվ քայլերը չեն հասնում չափին մի օրում գործած հանցանքին մարդու:

Ասում եմ ահա և արևելքին, հյուսիս, հարավին և արևմուտքին,
Որոնց հողմերը իրար հետ ներհակ` լսում են մեկտեղ իմ արդար խոսքին:

Տարե´ք, տարփողե´ք խոսքս հրեղեն, որ ծովերից ծով աշխարհներ լսեն,
Թե ավելի վատ, ավելի զազիր` քան մարդը դաժան – այդ մարդն է նորեն:

Այնքան ժամանակ, որքան աստղերը անշեջ թարթում են լուռ անապատին,
Եւ գալարվում են շեղջերն ավազի, շչում ու ճչում նման օձերին –

Փախի´ր, քարավան, այդ պոռնկության լպիրշ ու արբշիռ ցոփ խնջույքներից.
Կեղծի, կեղեքման հրապարակներից և վաճառանքի պիղծ շուկաներից:

Համայնքից փախի´ր, փախի´ր վրեժից, մարդկանց արյունոտ արդարությունից,
Փախի´ր կնոջից, սիրուց, ընկերից, շնչահեղձ փախի´ր մարդու ստվերից:

Գնա´, քարավան, ներբաններիդ տակ տրորիր, կոխիր օրենք, իրավունք.
Եւ ուղիներիդ փոշիով ծածկիր թե´ չարն ու բարին, թե´ իշխանություն:

Եւ թող հոշոտեն ինձ վագր ու առյուծ, բոցոտ հողմերը շաչեն ինձ վրա –
Եւ այսպես, մինչև օրերիս վերջը, քարավանս անդարձ, գնա´ ու գնա´...»:

Իրենց աղեղի պարանոցները` ուղտերը լարած նետերի նման,
Զիլ վազում էին, իրենց հետքից թողնելով փոշու անծայր քարավա´ն:

Զիլ վազում էին խանձված դաշտերով դեպի անհայտը, դեպի հեռաստան,
Սքողում էին հողի թուխպերով անծիր դաշտերը, ավան ու ոստան:

Կարծես` վախեցած փախչում էր արագ` առանց հանգրվան, Աբու Մահարին,
Կարծես` օրենքը, կինն ու համայնքը նրան կրընկոխ հետևում էին:

Եւ քարավանը զրը~նգ, սրընթաց, առանց նայելու անցնում էր անդարձ
Բուրգերի տակով մեծ քաղաքների` հացի ու կրքի ժխորով լցված:

Վազում էր հապճեպ` անգիտության մեջ դարեր քարացած գյուղերի մոտով,
Վազում էր, սուզվում հեռուների մեջ` ոսկեհոս աստղի անզուսպ կարոտով:

Քարավանն հեստոտ օրեր-գիշերներ լափում էր ուղին ոլոր ու մոլոր,
Եւ խռով հոգով Աբու Մահարին խորհում էր ցասկոտ` ճակատը խոլոր:

Խոլ քարավանը նրա խոհերի, բազեների պես ծեծկված մրրկով,
Սլանում էին խռիվ ու ցրիվ` մի լույս-հանգրվան գտնելու մտքով:

Եւ լալիս էր նա առանց արցունքի, և նրա վիշտը նման անհունի,
Ինչպես իր ուղին, որ գալարվում է` անծայր օձի պես և վախճան չունի:

Եւ ետ չէր նայում անցած ճամփեքին և չէր ափսոսում թողած, անցածին.
Ողջույն չեր վերցնում, ողջույն չեր տալիս եկող ու անցնող քարավաններին:


Յոթերորդ սուրահ

Եւ քարավանը Աբու-Լալայի Արաբստանի մեծ անապատի
Դարբասների մոտ ծունկ իջավ հոգնած...

Հորիզոնները հրդեհվում էին իրենց ամայի, ազատ ափերում,
Մութն հավաքում էր քղանցքը թավշյա, բոցերով բոսոր երկինքն էր ծփում:

Եւ Աբու-Լալան նստեց մենավոր` հակինթյա ժայռին գլուղը հենած,
Հայացքը սուզած դյութական հեռուն և հաշտ ու պայծառ, հոգին անդորրած:

«Ո~հ, ի~նչ ազատ եմ, անպարփակ ազատ, մի՞թե կարող է այս մեծ սահարան
Պարուրել, գրկել իր ծիրերի մեջ ազատությունս` անհուն, անսահման:

Ոչ մի մարդկային աչք ինձ չի տեսնի, չի հասնի ոչ մի մարդկային բազուկ,
Ո´վ ազատություն, դու դրախտային չքնաղ վարդերի լուսեղեն բուրմունք:

Քո պերճ վարդերով դո´ւ պսակիր ինձ, վառի´ր իմ հոգում ջահերդ հուր-հրան.
Ո´վ ազատություն, դու դրախտային լույս-բլբուլների անմահ Ալ-Կորան:

Չքնաղ առապար, դու իմաստության ոսկեղեն աշխարհ, հազար ողջույն քեզ,
Անարատ Բադիե, ուր մարդը մարդուն չի լլկել բնավ, հար օրհնյալ լինես:

Տարածվի´ր անծիր, փռի´ր ավազիդ դեղին ծովերը ազգերի վրա,
Ծածկիր ողջ մարդկանց, քյոշք ու խրճիթներ, գյուղ ու շահաստան, շուկա ու կլա:

Վիշապ հողմիդ հետ ազատությունը թող գահակալե աշխարհը հանուր.
Եւ ոսկեվառե վսեմ արևը` ազատությունը աշխարհասփյուռ»:

Հազար ու հազար հրաշալիքներով և հրաբորբոք հրապույրներով
Շեմս-արևն ելավ` շքեղ, լուսավառ, վարդի, սնդուսի բյուր պարույրներով:

Եւ վեհ արևի ջահերի ներքո փռվեց, ծավալվեց ծիրն անապատի,
Վառ-վառ հուրհրաց, ինչպես տիտանյան հսկա առյուծի ոսկեփառ մորթի:

«Սալամ քեզ, արև´, շյուքըր բյուրաբյուր, դու աստծուց հզոր, դու կյանքի աղբյուր.
Դու, իմ անմահ մայր, մայրական դու գիրկ, դու միակ բարի, դու միակ սուրբ, սուրբ:

Տիեզերական դու բաժակ անհուն` ոսկի արբեցման և երանության,
Դու հրճվանքի, հրապույրների հրեղեն գինու դու անհուն օվկիան:

Տիեզերական հազարահանդես դու մեծ խրախճանք, բարի´ արեգակ,
Ահա իմ հոգին – մի ծարավ բողբոջ, թափի´ր նրա մեջ գինիդ անապակ:

Քո երջանկությամբ, քո իմաստությամբ, քո հավերժությամբ հարբեցրու´ ինձ,
Տո´ւր ինձ անցյալի անզարթ մոռացում, լույս անուրջներում քո բուրումնալից:

Հարբեցրու ինձ, հարբեցրու ինձ, քո անմահ գինով հարբեցրու ինձ,
Մոռանամ մարդուն, սուտն ու մռայլը, մոռանամ հավերժ չարիքն ու թախիծ:

Քո վսեմությամբ հարբեցրու ինձ, հարբեցրու ինձ լույս-հիացքներով,
Խավարների դեմ անհաղթ ախոյան, գարունների մայր, ուրախության ծով:

Դու միակ բարի, դու միակ իմ սեր, դու միայն սուրբ, սուրբ, մայրական դու գիրկ,
Դու հավետ գթոտ, մահը խորտակող, դու գերահրաշ, միակ գեղեցիկ:

Ես սիրում եմ քեզ, ես սիրում եմ քեզ, հրակոծ սիրով կիզիր, խոցիր ինձ,
Եւ ոսկեճաճանչ վարսերդ շքեղ փռիր ինձ վրա և գուրգուրիր ինձ:

Եւ արյունոտիր իմ շրթունքները համբույրիդ խայթով քո հրդեհակեզ,
Երջանկասփյուռ քո լույս-գիրկը բաց, ես սիրաբորբոք թռչում եմ դեպ քեզ:

Եւ թող խլանան իմ ականջները` աղմուկն աշխարհի չլսեմ հավետ,
Հավետ կուրանամ աշխարհի համար, մարդկանց տեսնելու այլ չնայեմ ետ:

Դեպի արևը դարեր ու դարեր թռիր, սլացիր, ազնիվ քարավան,
Նրա լուսեղեն, բոցեղեն գրկում, որ արևանամ և հավերժանամ:

Ո´հ, իմ մայր-արև, քո ոսկեփրփուր ծիրանիդ շքեղ ձգի´ր ուսերիս,
Որ ես հաղթական, լույս փառքերիդ մեջ սրարբած սուրամ դեպի, դեպի քեզ:

Դու աստծուց հզոր, դու միակ իմ սեր, դու միակ իմ մայր, մայրական դու գիրկ,
Դու միայն բարի, դու միայն սո´ւրբ, սո´ւրբ, դու գերահրաշ, միակ գեղեցիկ»...

Վուհադիներից զով սյուքն էր բերում վառ քասիդները այրող կարոտի,
Դայլայլում էին կաթնաղբյուրները երազներն իրենց կուսական սրտի:

Եւ հեքիաթների լույս փերիները մայր-արմավենու քնքուշ սոսյունով
Համբույր ու ողջույն ուղարկում էին և կանչում նրան գաղտնի խոստումով:

Բայց Աբու-Լալան չէր ուզում լսել սիրո ողջույնին, գողտրիկ սոսավին,
Թռչում էր անհագ` դեպի արևը, և ինքն էլ պայծառ` նման արևին:

Իսկ սերաբները նոր տեսիլներով բյուր պատրանքները, հրապույրների`
Թռցնում էին կախարդված հոգին ոսկի թևերով լույս-անուրջների:

Ուղտերը արձակ պարուսաններով հուժկու, մոլեգին, այնպես խոլաբար
Սլանում էին, ճախր էին առնում հրեղեն թափով, խենթ ու խելագար:

Եւ արեգական վառ ցնցուղի տակ բոցկլտում էին ուղտերը զվարթ,
Եւ բարձրաղողանջ կայլակում էին զանգակներն ազատ, ցնծուն, լուսազարդ:

Աբու Մահարին արծվի նման աչքերն անքթիթ` արևին հառած,
Թռչում էր աննինջ, հոգին լուսարբած և երանության ջահերով վառված:

Նրա հետևում լոկ անապատն էր փռված հոլանի` լույսերի ծոցում,
Իսկ գլխի վերև արևն էր նազում շափյուղյա վարսերն անծիր տարածուն:

Եւ ոսկեփրփուր ծիրանին ուսին Աբու Մահարին, մեծ բանաստեղծը,
Թռչում էր անդուլ` հաղթական ու վեհ, դեպի արևը, անմահ արևը...
__________________
http://sssilver.googlepages.com/blog...ner_300x30.jpg

http://www.hra.am/img/Gulyan1.gif

You must spread before giving to Silver again.
Reply With Quote
Reply

Thread Tools


На правах рекламы:
реклама

All times are GMT. The time now is 06:13.


Powered by vBulletin® Copyright ©2000 - 2017, Jelsoft Enterprises Ltd.