Armenian Knowledge Base  

Go Back   Armenian Knowledge Base > Entertainment > Literary nook
Register

Reply
 
LinkBack Thread Tools
Old 23.02.2009, 08:44   #1
Младенец
 
Join Date: 03 2008
Location: Yerevan
Posts: 6
Downloads: 0
Uploads: 0
Reputation: 0 | 0
Default ՉՈՐՍ ՔԵՆԱԿԱԼԻ ԴԻՄԱՆԿԱՐ

ՉՈՐՍ ՔԵՆԱԿԱԼԻ ԴԻՄԱՆԿԱՐ
Եվ ի վերջո, 40 տարեկանից բարձր
յուրաքանչյուրը պատասխանատու
է իր դեմքի համար...

Այս պատմության սկիզբը, ինչքան էլ դա տարօրինակ է, դրեց մի երիտասարդ բոլշևիկ իր ոչ պակաս տարօրինակ ամուսնությամբ: Տարօրինակ, քանզի ձեռնարկն այդ չէր դիտվում ոչ որպես ընտանեկան երջանկության, ոչ էլ որպես լրացուցիչ ֆինանսական եկամուտների աղբյուր համապատասխանաբար վերոհիշյալ բոլշևիկի՝ տնից-տեղից իսպառ կտրված լինելու և նրա կուլակաթափ եղած աներոջ՝ որևէ շոշափելի օժիտ տալու անկարողության պատճառով: Ինչևէ, բոլշևիկն ամուսնացավ և, ի լրումն այս պատմության հետ որևէ կապ չունեցող արու զավակների, իրեն նեղություն տվեց ունենալ նաև չորս դուստր: Դստրերի հետ առնչվող հաջորդ նեղությունը բոլշևիկն իրեն տվեց արդեն շատ տարիներ անց, երբ մեկը մյուսի հետևից բարեհաճեց օրհնել չորս ամուսնություն, որոնց հետևանքով այս պատմության չորս հերոսները մեկը մյուսի հետևից փոխադարձաբար դարձան քենակալներ...

37-րդ զուգահեռականը: Առաջին քենակալը
Ամառային արևն արդեն սկսել էր իր վայրէջքը մեր շենքի կտուրից ու դեռ մի քանի ժամ պիտի պայծառ լուսավորեր մեր պատշգամբը, մինչև կթաքնվեր դիմացի շենքի կտուրի ետևում: Պատշգամբում, մեկական գիրք վերցրած, նստել էինք ես և առաջին քենակալը, ում անունը ես կրում եմ: Իմ հաստափոր գրքի միայն վերջին էջերն էին ինձնից աջ, ու քիչ անց ես բարեհաջող ավարտեցի իմ առաջին ճանապարհորդությունը Դունկան նավով՝ 37-րդ զուգահեռականի երկայնքով փնտրելով նավապետ Գրանտի հետքերը: Ավարտելուն պես բացեցի մեր մեծ ատլասն ու անփորձ աչքով սկսեցի փնտրել նախ 37-րդ զուգահեռականը, ապա ճանապարհորդությանս վերջնակետը՝ Մարիա-Թերեզա կղզին: Միամիտ էի ես ու լիովին հավատացած, որ կգտնեմ. պետք էր ընդամենը հասկանալ, թե ինչպես օգտվել քարտեզից:
Երկար փնտրում էինք այդ կղզին ես և առաջին քենակալը, ում օգնությանը դիմեցի: Կրկին ու կրկին անցանք արդեն ծանոթ վայրերով. Պատագոնիա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Խաղաղ ու Հնդկական օվկիանոսներ. չկար քարտեզի վրա ոչ Մարիա-Թերեզա, ոչ էլ Տաբոր անունով կղզի: Մի վերջին անցում էլ տեղանունների այբբենական ցանկով, ու ես համոզվեցի, որ այդպիսի կղզի չկա...
Տարիներ են անցել, բայց ամառային արևն էլի նույն կերպ սկսում է իր վայրէջքը մեր շենքի կտուրից ու մի քանի ժամով հյուրընկալվում մեր պատշգամբում: Սակայն հիմա հաճախ չէ, որ արևին հանդիպում եմ այնտեղ, ու խորթացել է այն ինձ: Հիմա, եթե պատշգամբի այդ խորթ արևն ինձ չոր-չոր ասի, որ Ժյուլ Վեռնը ֆանտաստ է, որ նրա գրածները հնարանքներ են, որ նավապետ Գրանտ չի եղել, որ աշխարհի քարտեզից օգտվել սովորելու համար պարտադիր չէ ժամերով թափառել 37-րդ զուգահեռականի երկայնքով, ես գուցե կհասկանամ, բայց չեմ հավատա: Չեմ հավատա, որովհետև արևը չունի ոչ առաջին քենակալի համբերությունը մեր պատշգամբում երկար մնալու համար, ոչ էլ առավել ևս առաջին քենակալի դեմքի լրջությունը՝ անփնտրելին փնտրելիս...

Մեծ մարդը: Երկրորդ քենակալը
Այո, մեծ մարդ էր երկրորդ քենակալը: Մեծ մարդ էր, և կոչումների այն շարանը, որ նա ուներ, ոչ թե պատճառն, այլ հետևանքն էին նրա մեծության: Մեծ մարդ էր, և նրա մասին ավելի հաճախ լսելը, քան նրան տեսնելը դարձյալ ոչ թե պատճառն, այլ սոսկ հետևանքն էին նրա մեծության: Եվ դու, ո'վ ուշադիր, բայց կասկածամիտ անցորդ, հետևանքի, այլ ոչ թե պատճառի տեղ ընդունիր այն քարե տախտակը մեր քաղաքի փողոցներից մեկում, որի վրա կկարդաս «Այստեղ ապրել և ստեղծագործել է...»
Մեծ մարդ էր երկրորդ քենակալը, և նրա հիշողության բազմաթիվ դարակներում մարդիկ հեշտությամբ էին գտնում իրենց դարակներն ու մեծ դժվարությամբ փոխում դրանք: Ու չնայած ուշ-ուշ էին բացվում այդ դարակները, բայց ոչ ուշացած: Իմ անվանակից առաջին քենակալն արդեն պատրաստվում էր փակել իր հաշիվները կյանքի հետ, երբ մի օր բացվեց նրա դարակը, ու ես, իմ կյանքում առաջին անգամ, տեսա երկրորդ քենակալին: Ներս մտավ այդ շենշող մարդը մեր տան դռնից ու իրենով պռնկեպռունկ լցրեց մեր տունն ու իմ հիշողության դատարկ դարակներից մեկը:
Երկրորդ քենակալին երկրորդ և վերջին անգամ ես տեսա, երբ նա ինքն էր փակում իր սեփական հաշիվները: Ու եթե առաջին անգամ տեսել էի բարձրահասակ, կոկիկ հագնված, ցիլինդրով, կենսուրախ ու կատակասեր մի ծերունու, ապա երկրորդ անգամ տեսա միայն տանջահար մի դեմք, ու մի զույգ աչքեր այդ դեմքի վրա: Մի զույգ արյունակալած, հոգնած, բայց բարի աչքեր, որ ամիսներ տևած անտանելի ցավերի թողած կնիքի տակից իմաստություն էին ճառագում, ու հույս: Եվ լույսն այդ աչքերի թափանցեց իմ մեջ, գտավ առաջինից ոչ պակաս խորը մի դարակ իմ հիշողության մի անկյունում, ու այս անգամ միայն իրենով դարձյալ պռնկեպռունկ լցրեց այն...

Անդեմ մարդը: Երրորդ քենակալը
Դաժան էր ձմեռն այդ տարվա: Եկավ կանուխ, առանց որևէ մեկին հարցնելու ձյան հաստ մի շերտ շաղ տվեց քաղաքով մեկ, ձեռքի տակն ընկածով հարթեցրեց-ողորկացրեց այն, քամու սառցե շնչով փչեց-քշեց սառույցների վրայից ձյան մնացուկներն ու արդեն տանտիրոջ իրավունքով թևերը տարածեց քաղաքի վրա:
Դեկտեմբերյան խաղաղ երեկոներից մեկն էր, երբ անսպասելի հնչեց դռան զանգը: Անկոչ հյուրս, ինչպես պարզվեց, երրորդ քենակալի գործերի կառավարիչն էր: Եկել էր, ինչպես պարզվեց, երրորդ քենակալի դիմանկարը պատվիրելու: Պատվերներից միշտ խուսափում եմ, մանավանդ այնպիսի դեպքերում, երբ պատվիրողը գործերի այդ կառավարչի նման մեկն է, սակայն չկարողացա մերժել, քանզի երրորդ քենակալի հերթը ոչ միայն եկել էր, այլև նույնիսկ անցել: Համաձայնեցի նույնիսկ կառավարչի պահանջած ժամկետին՝ ոչ ուշ, քան ամսվա վերջը. ուզում էր, ինչքան հասկացա, ամանորյա նվեր մատուցել իր վերադասին:
Երբ նշանակված ժամկետին գործերի այդ անտանելի կառավարիչը թակեց դուռս, առանց մի խոսք ասելու նրան հանձնեցի մաքուր մի կտավ ու ստացածս կանխավճարը: Լինում են, ախր, մարդիկ ում, իսկապես, չեմ կարողանում նկարել: Նայում եմ, նայում ու դեմք չեմ տեսնում, ինչ կարող եմ նկարել...

Սեղանի դատարկ գլուխը: Չորրորդ քենակալը
Չորրորդ քենակալի հետ իմ առաջին լուրջ, թեև անխոս, շփումը կայացավ, երբ հողին էինք հանձնում իմ անվանակից առաջին քենակալին: Պատահեց այնպես, որ չորրորդ քենակալը դամբանականի նման մի բան ասաց առաջին քենակալի վրա: Ասաց, օղու լիքը բաժակը տարավ շուրթերին ու դատարկեց: Ես ցնցվեցի, երբ հանկարծ հիշեցի, որ օղու նկատմամբ թեթևակի թուլություն ունեցող չորրորդ քենակալին կտրականապես արգելել էին խմել, իսկ նա խմեց, որովհետև հուզված էր, որովհետև պահը պահանջում էր այդ, որովհետև չէր կարող չխմել: Այդ օրը ես առաջին վրձնահարվածը տվեցի չորրորդ քենակալի դիմանկարին...
Չորրորդ քենակալի տղայի տանն ինչ-որ հավաքույթ էր: Մտա, բարևեցի բոլորին, նստեցի ինձ հատկացված միջինից քիչ բարձր կարևորության հյուրի տեղում ու սկսեցի դիտել շուրջս: Արագ անցա հրավիրվածների վրայով ու հայացքս կանգ առավ չորրորդ քենակալի վրա, որ նստել էր սեղանի հակառակ ծայրին: Վրա էի հասել հենց նրան ուղղված կենացին, որը նա ընդունեց լուռ ժպիտով և, սեղանի տակ ինչ-որ մեկի ոտքի հարվածն ընդունելով որպես բաժակի միայն կեսը դատարկելու թույլատվություն, խմեց: Հյուրերն սկսեցին շաղակրատել, իսկ ես, երբեմն-երբեմն ետ մղելով նրանց՝ ինձ ուղղված աննպատակ հարցագնդակները, հայացքս վերստին կենտրոնացրի չորրորդ քենակալի վրա: Ու տեսա, որ նա, տակի փշերից գեթ մեկ սիգարետաչափ ժամանակով ազատվելու համար քանիցս գնաց, ի տարբերություն ուրիշների, ծխելու խոհանոցում: Ու տեսա, որ այդ մարդը, ում տեսածի ու լսածի քառորդը միայն կարող էր բերնեբերան լցնել իր տղայի շաղակրատանքի վակուումը, լուռ մնաց: Լուռ, թանկագին քարերով լի սնդուկի պես, որի բանալին շուտով վերջնականապես կփտի ժանգից:
Հրաժեշտ տալիս ես սովորականից ուժեղ սեղմեցի չորրորդ քենակալի ձեռքն ու սովորականից երկար պահեցի իմ ափում՝ ինքս ինձ ժամանակ տալով մի քիչ ավելի երկար դիտելու նրա խոշոր, կիսակարմիր քթով ու ցանցառ բեղերով դեմքը: Ու ինձ չգիտես ինչու թվաց, որ իմ չասածը հասկացավ նա՝ վերջինը բոլշևիկի փեսա չորս քենակալներից...
Reply With Quote
Reply

Thread Tools


На правах рекламы:
реклама

All times are GMT. The time now is 02:51.


Powered by vBulletin® Copyright ©2000 - 2017, Jelsoft Enterprises Ltd.