![]() |
| |||||||
| Home | Register | Blogs | FAQ | Members List | Calendar | Downloads | Arcade | Mark Forums Read |
| Literary nook Ëèòåðàòóðíûé óãîëîê |
![]() |
| | LinkBack | Thread Tools | Display Modes |
| | #1 |
| Easy rider | Avetiq Isahakyan: Abu-Lala-Mahari Աբու-Լալա-Մահարի Ավետիք Իսահակյան Աբու-Լալա-Մահարին, Հռչակավոր բանաստեղծը Բաղդադի, Տասնյակ տարիներ ապրեց Խալիֆաների հոյակապ քաղաքում, Ապրեց փառքի և վայելքի մեջ, Հզորների և մեծատունների հետ սեղան նստեց, Գիտունների և իմաստունների հետ վեճի մտավ, Սիրեց և փորձեց ընկերներին, Եղավ ուրիշ-ուրիշ ազգերի հայրենիքներում, Տեսավ և դիտեց մարդկանց և օրենքները: Եւ նրա խորաթափանց հոգին ճանաչեց մարդուն, Ճանաչեց և խորագին ատեց մարդուն Եւ նրա օրենքները: Եւ որովհետև չուներ երեխաներ, Բոլոր իր հարստությունը բաժանեց աղքատներին, Առավ իր ուղտերի փոքրիկ քարավանը` Պաշարով ու պարենով, Եւ մի գիշեր, երբ Բաղդադը քուն էր մտել Տիգրիսի նոճիածածկ ափերի վրա, Գաղտնի հեռացավ քաղաքից... Առաջին սուրահ Եւ քարավանը Աբու-Լալայի` աղբյուրի նման մեղմ կարկաչելով` Քայլում էր հանգիստ, նիրհած գիշերով, հնչուն զանգերի անուշ ղողանջով: Հավասար քայլով չափում էր ճամփան այն քարավանը ոլոր ու մոլոր, Եւ ղողանջները ծորում քաղցրալուր` ողողում էին դաշտերը անդորր: Մեղկ փափկության մեջ Բաղդադն էր նիրհում ջեննաթի շքեղ, վառ երազներով, Գյուլստաններում բլբուլն էր երգում գազելներն անուշ` սիրո արցունքով: Շատրվանները քրքջում էին պայծառ ծիծաղով ադամանդեղեն, Բույր ու համբույր էր խնկարկվում չորս կողմ խալիֆաների քյոշքից լուսեղեն: Գոհար աստղերի քարավանները թափառում էին երկնի ճամփեքով, Եւ ղողանջում էր ողջ երկիրն անհուն` աստղերի շքեղ, անշեջ դաշնակով: Մեխակի բույրով հողն էր շշնջում հեքիաթներն հազար ու մի գիշերվա, Արմավն ու նոճին անուշ քնի մեջ օրորվում էին ճամփեքի վրա: Եւ քարավանը` օրոր ու շորոր, զնգում էր առաջ ու ետ չէր նայում, Անհայտ ուղին էր Աբու-Լալային բյուր հրապույրով կանչում, փայփայում: «Գնա´, միշտ գնա´, իմ քարավանս, և քայլի´ր մինչև օրերիս վերջը»,– Այսպես էր խոսում իր սրտի խորքում Աբու Մահարին, մեծ բանաստեղծը: «Գնա´ մենավոր վայրերը թափուր. ազատ, կույս և սուրբ զմրուխտյա հեռուն. Դեպի արևը սլացիր անդուլ և սիրտս այրիր արևի սրտում: Ա~խ, մնաք բարև չեմ ասում ես ձեզ, իմ հոր գերեզման, օրոցք մայրական, Իմ հոգին հավերժ խռով է ձեզ հետ, հայրենական հարկ, հուշեր մանկական: Ես շատ սիրեցի իմ ընկերներին և բոլոր մարդկանց մոտիկ ու հեռուն, Իժ դարձավ խայթող իմ սերը հիմա, թույն-ատելությամբ սիրտըս է եռում: Ատում եմ, ինչ որ սիրել եմ առաջ, ինչ որ տեսել եմ մարդկային հոգում. Մարդկային հոգում` զազիր ու նանիր` համրել եմ հազար գարշանք ու նողկում: Բայց ամենից շատ ատում եմ հազար ու մեկերորդը` կեղծիքը հոգու, Որ զարդարում է անմեղ սրբերի լուսապսակով երեսը մարդու: Մարդկային լեզու, դու որ երկնային բույրով ու թույրով, շղարշով պայծառ, Ծածկում ես մարդու դժոխքը հոգու, ոգե՞լ ես արդյոք ճշմարիտ մի բառ: Իմ սեգ քարավան, գնա´, մխրճվի´ր անապատի մեջ` վայրի ու բոցոտ, Եւ իջևանիր այն պղնձացած, շեկ ժայռերի տակ, գազանների մոտ: Խփե´մ վրանըս, օձ-կարիճների բըների գլխին վրանըս խփեմ, Այնտեղ բյուր անգամ ես ապահով եմ, քան թե մարդկանց մոտ, կեղծ ու ժպտադեմ: Քան ընկերի մոտ, ա~խ, որի կրծքին դնում էի ես գլուխըս սիրով, Կուրծքը ընկերի, որ շղարշում է անդարձ կորստի անդունդը ստով: Այնքան ժամանակ, որքան արևը կայրե Սինայի սնարները վես, Եւ անապատի դեղին շեղջերը հորձանքներ կտան ալիքների պես: Ես չեմ կամենա ողջունել մարդկանց, նրանց սեղանից պատառ չեմ կտրի, Գազանների մոտ հացի կնստեմ, ողջույնը կառնեմ բորենիների: Եւ գազանները թող ինձ հոշոտեն, վայրագ հողմերը շաչեն ինձ վրա, Եւ այսպես, մինչև օրերիս վերջը, քարավանս անդարձ, գնա´ ու գնա´...»: Եւ վերջին անգամ Աբու Մահարին ետ դարձավ նայեց նիրհած Բաղդադին, Գարշանքով շրջեց ճակատը կնճռոտ և փարվեց ուղտի թավ պարանոցին: Սիրով գուրգուրեց, ջերմ շրթունքներով համբուրեց ուղտի աչքերը վճիտ. Եւ թարթիչներից նրա կախվեցին անզուսպ արցունքի երկու այրող շիթ: Անուշ մրմունջով, նիրհած դաշտերով մեղմ օրորվում էր ձիգ քարավանը, Գնում էր առաջ, դեպի անապատ, անհայտ ափերը, կույս-հեռաստանը: Երկրորդ սուրահ Եւ ոլորվում էր այն քարավանը սեգ արմավների շարքերի միջով, Փոշի էր հանում,– փոշու քարավան, որ վարում էր լուռ` խորշակն հուր շնչով: «Քայլի´ր, քարավա´ն, ի՞նչ ենք թողել մենք, որ կարոտանքով ցանկանք մեր դարձը»,– Այսպես էր խոսում իրեն սրտի հետ Աբու Մահարին, մեծ բանաստեղծը: «Թողել ենք այնտեղ կի՞ն – աստվածային, սե՞ր – երջանկություն, անհուն երազա՞նք. – Քայլի´ր, կանգ մի´ առ, թողել ենք միայն շղթա ու կապանք, կեղծիք ու պատրանք: Եւ կինն ի՞նչ է որ... խորամանկ, խաբող, առնախանձ մի սարդ, հավերժ նանրամիտ, Որ հացդ է սիրում, համբույրի մեջ սուտ և քո գրկի մեջ գրկում ուրիշին: Խարխուլ մակույկով հանձնվի´ր ծովին, քան թե հավատա կնոջ երդումին. Նա` կավատ, վարար, մի չքնաղ դժոխք, նրա բերանով Իբլիսն է խոսում: Դու երազել ես աստղը հեռավոր, հրեշտակաթև շուշանն ըսպիտակ, Որ քո վերքերին բալասան լինի, ոսկեշող երազ կյանքի ցավի տակ, Դու տենչացել ես լույս-ափերի մեջ քեզ իրեն կանչող աղբյուրի երգին, Եւ անմահության ցողն ես երազել և անուշ լացել երկնային կրծքին,– Բայց սերը կնոջ` տոչորված հոգուդ աղ-ջուր է տալիս, որ միշտ ծարավնաս, Հուր տարփանքի մեջ հաղթական կնոջ մարմինը լիզես ու չըհագենաս: Ո~հ, կնոջ մարմին, պագշոտ, օձեղեն, դիվական անոթ ոճիրների չար, Դո´ւ, որ մսեղեն դառն հաճույքով արևը հոգու դարձնում ես խավար: Ատում եմ սերը` մահի պես անգութ, հավիտյան այրող, խոցող գաղտնաբար, Այդ քաղցր թույնը, որով արբողը ստրուկ է դառնում և կամ բռնակալ: Ո´վ սեր, բնության դու խոշտանգիչ կամք, նենգ ու դավադիր ոգի աննահանջ, Դո´ւ թոհուբոհի ընդերք մոլեգնած, արյուն ցավատանջ, արյան մղձավանջ: Ատում եմ կնոջ` տարերքը կրքի, միշտ բեղմնավորող եղեռնը անսանձ, Աղբյուրն անսպառ, որ կուտակում է աշխարհի վրա տիղմը չարության: Ատում եմ նորից սերն ու կնոջը, իր համբույրները շողոմ ու դժնյա, Փախչում եմ նրա ճահիճ-մահիճից և անիծում եմ երկունքը նրա: Երկունքը դաժան և հավերժական, որ հեղեղում է վտառն իժերի, Որոնք խայթում են, հոշոտում իրար, աստղերն են պղծում տոփանքով ժահրի: Սրիկա է նա, ով հայր է լինում, ով երանավետ ծոցից ոչնչի` Գոյության կոչում թշվառ հյուլեին և գլխին վառում գեհենն այս կյանքի: «Իմ հայրը իմ դեմ մեղանչեց, սակայն` չմեղանչեցի ես ոչ ոքի դեմ», Այս իմ կտակը թող գրվի շիրմիս, եթե լուսնի տակ մի խորշ պիտ գտնեմ: Այնքան ժամանակ, որ ծովը պիտի փարե Հեջազի ափերն զմրուխտյա, Ես ետ չեմ դառնա կնոջ մոտ երբեք, ես չեմ կարոտնա թովչանքին նըրա: Կը գգվեմ վայրի տատասկը դժնի և կը համբուրեմ փշերը նրա, Գլուխս կդնեմ այրվող ժայռերին և կըլամ նրանց ջերմ կրծքի վրա»: Եւ քարավանը մեղմիկ կարկաչով չափում էր ուղին ոլոր ու մոլոր, Դեպի երազուն և կապույտ հեռուն հոսում էր առաջ հանգիստ ու անդորր: Զանգակներն, ասես, հեկեկում էին և ծորում հատ-հատ հնչուն արցունքներ, Քարավանն, ասես, լալիս էր անուշ, ինչ որ Մահարին սիրել, լքել էր: Եւ զեփյուռների սրինգները մեղմ գեղգեղում էին շարքիներն անուշ Սիրո վերքերի, վշտոտ կարոտի և երազական թախծանքի քնքուշ: Եւ Աբու-Լալան խորհում էր մռայլ, և նրա վիշտը անհունի նման, Ինչպես իր ուղին, որ գալարվում է, ձգվում է անծայր և չունի վախճան: Հյուսվելով անծիր ճանապարհի հետ` լուռ թախծում էր նա ցերեկ ու գիշեր, Հայացքը հառած անհայտ աստղերին, հոգու մեջ դառըն ու ցավոտ հուշեր, Եւ ետ չէր նայում անցած ճամփեքին և չէր ափսոսում թողած-լքածին, Ողջույն չէր վերցնում, ողջույն չէր տալիս անցնող ու դարձող քարավաններին: Երրորդ սուրահ Եւ քարավանը Աբու-Լալայի, աղբյուրի նման մեղմ կարկաչելով, Հանգիստ, միաչափ քայլում էր առաջ հեզ լուսնկայի շողերի միջով: Եւ լուսինն, ինչպես ջեննեթի մատաղ փերիի կուրծքը` չքնաղ, լուսավառ, Մերթ ամաչելով պահվում էր ամպում և մերթ թրթռուն փայում էր պայծառ: Նիրհ էին մտել ծաղկունքը բուրյան` ադամանդներով, շքեղ գինդերով. Ծիածանաթև հավքերը իրար գուրգուրում էին քնքուշ մրմունջով: Մեխակի բույրով հովն էր շշնջում հեքիաթներն հազար ու մի գիշերվա, Արմավն ու նոճին անուշ քնի մեջ` օրորվում էին ճամփեքի վրա: Հովի զրույցին ունկն դնելով` Աբու Մահարին խոսում էր անձայն. «Աշխարհն ել, ասես, մի հեքիաթ լինի` անսկիզբ, անվերջ, հրաշք դյութական: Եւ ո՞վ է հյուսել հեքիաթն այս վսեմ, հյուսել աստղերով, բյուր հրաշքներով: Եւ ո՞վ է պատմում բյուր-բյուր ձևերով` անդուլ ու անխոնջ` այսպես թովչանքով: Ազգեր են եկել, ազգեր գնացել և չեն ըմբռնել իմաստը նըրա. Բանաստեղծներն են հասկացել դույզն ինչ և թոթովում են հնչյուններն անմահ: Ոչ ոք չի լսել սկիզբը նըրա և չի լսելու վախճանը նըրա, Ամեն հնչյունը դարեր է ապրում, ամեն հնչյունին վերջ, սկիզբ չկա: Բայց ամեն մի նոր ծնվածի համար նորից է պատմվում հեքիաթն այս շքեղ, Նորից սկսվում և վերջանում է ամեն մի մարդու կյանքի հետ մեկտեղ: Կյանքը երազ է, աշխարհը` հեքիաթ, ազգեր, սերունդներ` անցնող քարավան, Որ հեքիաթի մեջ, վառ երազի հետ, չվում է անտես դեպի գերեզման: Կույր ու գուլ մարդի´կ, առանց երազի, առանց լսելու հեքիաթն այս վսեմ, Իրար կոկորդից պատառ եք հանում և դարձնում աշխարհն` ահավոր ջեհնեմ: Ձեր օրենքները – լուծ ու խարազան, և անելք մի ցանց խոլական սարդի, Եւ որոնց ժահրով թունավորում եք երգը բլբուլի, անուրջը վարդի: Եղկելի´ մարդիկ, փոշի կը դառնան ձեր վատ սրտերը, ձեր գործերը չար, Եւ ժամանակի ձեռքը անտարբեր կըսրբե-կավլե պիղծ հետքերը ձեր: Եւ ունայնաշունչ հողմը կըշաչե ձեր ոսկորների քարերի վըրա, Իսկ վայելելու դուք միշտ ապիկար` երազն այս չքնաղ, հեքիաթն այս ոսկյա»: Գոհար աստղերի քարավանները թափառում էին երկնի ճամփեքով, Եւ ղողանջում էր ողջ երկինքն անհուն` աստղերի պայծառ, անշեջ զընգոցով: Եւ արար-աշխարհ լցված էր, դյութված բյուր նվագներով հավերժ երկնային. Եւ անուրջներում նա վերասլաց լսում էր հոգով վսեմ երգերին: «Գնա´, քարավան, մեղմ հնչյուններդ հյուսելով երկնի լույս-ղողանջի հետ, Վիշտս տու´ր հովին, քայլի´ր բնության ծոցը մայրական, և մի´ նայիր ետ: Տա´ր ինձ լուսազգեստ, օտար մի եզերք, հեռու, հեռավոր, մենավոր ափեր, Սուրբ մենակություն, դո´ւ իմ օազիս, դո´ւ երազների աղբյուր զովաբեր: Լռության երկինք, խոսիր դու ինձ հետ աստղերիդ լեզվով և ամոքիր ինձ, Գուրգուրիր հոգիս` աշխարհից խոցված, մարդուց խայթըված վիրավոր հոգիս: Իմ մեջ այրվում է մի անհագ կարոտ, կարեկից մի սիրտ` լացող հավիտյան. Եւ իմ հոգում կա մի չքնաղ երազ, և´ սուրբ արտասուք, և´ սեր անսահման: Ոգիս ազատ է, ես չեմ հանդուրժում իմ վրա իշխող ո´չ մի զորության, Ո´չ օրենք, սահման, ո´չ ճակատագիր, ո´չ չար ու բարի և ո´չ դատաստան: Իմ գլխի վերև չպետք է լինի ո´չ մի հովանի, ո´չ մի իրավունք, Եւ իմ կամքից դուրս ամեն ինչ բանտ է, և´ ստրկացում, և´ բռնադատում: Ես կուզեմ լինել անսահման ազատ, անպարտք, անիշխան, այլև անաստված, Հոգիս տենչում է միայն, միմիայն` մեծ ազատություն, անհուն, անտարած»: Եւ քարավանը հյուսվում էր առաջ, և նըրա վերև շողում էին վառ Մանկան ժպիտով աստղերը ազատ, այն հավերժափայլ աչքերը գոհար: Եւ կանչում էին նրան կաթոգին լույս թարթումները ոսկի աստղերի, Եւ հոգին լցնում վսեմ ղողանջով երկնքի հազար բյուրեղ զանգերի: Վճիտ գիշերին դյութական ցոլքով փայլում էր ուղին փիրուզյա հեռվում, Եւ քարավանը` օրոր ու շորոր, քայլում է անդորր փիրուզյա հեռուն... Չորրորդ սուրահ Գիշերն ահարկու` և´ սև, և´ հսկա, մի չղջիկի պես թևերը փռեց, Անծիր թևերը իջան, ծածկեցին քարավանն, ուղին և դաշտերն անափ: Եւ հորիզոնից մինչև հորիզոն երկինքը լցվեց մռայլ ամպերով. Չէին շողշողում լուսինն ու աստղեր. խավարն` ասես թե` պատած խավարով: Եւ հողմերն ահեղ` նժույգների պես` սանձարձակ, վայրի արշավում էին, Հորձանքներ տալով, և հողն ու փոշին այրված դաշտերից խառնում ամպերին: Ե´ւ մահասարսուռ շառաչում էին, և´ աղաղակում հազար ձայներով, Ասես, վիրավոր գազաններ էին, մռնչում-ոռնում հողմի բերանով: Նեղ ձորերի մեջ գալարվում էին և արմավենու անտառներում կույս Հեծեծում էին հողմերը տխուր, որպես թե մի սիրտ լաց լիներ անհույս: «Գնա´, քարավան, հողմերի դիմաց աննկուն քայլիր աշխարհի եզրը»,– Այսպես էր խոսում իր սրտի խորքում Աբու Մահարին, մեծ բանաստեղծը: «Շաչեցե´ք գլխիս, ամեհի հողմեր, դո´ւք, մրրիկներ, պայթեցե´ք գլխիս, Ես բաց ճակատով ձեր դեմն եմ կանգնած, ես վախեցող չեմ, զարկեցե´ք ճակտիս: Ես ետ չեմ դառնա ժանտ քաղաքները, ուր բազմաժխոր կրքերն են եռում. Ոստաններն արյան, ուր մարդը դաժան իր նմաններին է միշտ պատառոտում: Ի´մ անտուն գլուխ, տուն չես դառնա դու, ինքդ մարեցիր երգըդ հայրենի, Վայ նրան, ով որ տուն ու տեղ ունի, կապված է շան պես իրեն տան շեմին: Արշավե´ք, հողմեր, իմ հոր տան վըրա, քանդե´ք, ավերե´ք հիմքերը նրա, Եւ փոշին ցրե´ք մեծ աշխարհով մեկ, անծայր ուղին է իմ տունը հիմա: Մենակությունն է իմ սերը հիմա, երկինքն աստղաբիբ` վրանս հայրական, Եւ քարավանն է ընկերս հիմա, և իմ հանգիստը` ուղիս անկայան: Դո´ւ, կախարդ ուղի, հավիտյան անհայտ, հավիտյան դյութող իմ նոր հայրենիք, Տար ինձ, իմ սիրտը` հավիտյան լացող` այնտեղ, ուր բնավ չեն եղել մարդիկ: Մարդկանց մոտ պետք է աչալուրջ լինես, միշտ ոտքի վրա և սուրը ձեռիդ, Որ քեզ չլլկեն, քեզ չհոշոտեն թե´ բարեկամդ և թե´ թշնամիդ: Բարեկամներից հեռու տա´ր դու ինձ, որոնք անկշտում մժղուկների պես Հետևում են քեզ, երբ արյուն ունես, իսկ երբ ցամաքես, կմոռանան քեզ: Իմ խոր վերքերը ո՞վ կնյութեր ինձ, թե չլինեին ընկեր, բարեկամ, Որոնք համբույրով սիրտս բացեցին, որոնք համբույրով խայթեցին նրան: Բյուր կեղծիք ունի իր ակունքի մեջ համբույրը մարդկանց, համբույրն ընկերի, Որով որսում է գաղտնիքը սրտիդ և դարձնում է քեզ հավիտյան գերի: Ի՞նչ է ընկերը և բարեկամը` նենգ ու դրուժան, չարակամ ու վատ: Իմ հոգում մեռավ սիրո մի երկինք, մի վառ արեգակ, և´ սեր, և´ հավատ: Բարեկամն ի՞նչ է – լավիդ նախանձող, քայլիդ խուզարկու, բամբասող, ագահ, Ծանոթ շները չեն հաչում վրադ, ծանոթ մարդիկ են հաչում քո վրա»: Հողմերն անհեթեթ ջինների նման` Աբու-Լալայի խոժոռուն դեմքին Քրքջում էին, ծափ տալիս, ծաղրում և ապարոշից քաշքշում ուժգին: Եւ քղանցներից կախ էին ընկնում, և աչքերի մեջ Աբու-Լալայի Շաղ էին տալիս բուռերով փոշի և կտրում թելը նրա խոհերի: Հինգերորդ սուրահ Եւ քարավանը ճեղքելով վստահ մըրրկապարը վայրագ ջինների, Անշեղ ու անվախ ձգվում էր առաջ` ղողանջյուններով հուզված զանգերի: «Ի՞նչ է ընկերը... – կրկնում էր անդուլ զայրացած սրտում Աբու Մահարին,– Ծոցիդ մեջ սև օձ, մահիճդ պղծող... Թռի´ր, քարավան, ընկեր մտերիմ: Եւ ուր որ կերթաս, այնտեղից նորեն գնա ու գնա, առանց հանգրվան, Իմ բարի ճամփա, տար ինձ, կորցրու, չքվիմ, տանջանքս մարդիկ չիմանան: Եւ ի՞նչ ենք թողել, ի՞նչ կա մեր հետև, որ մեզ պատրանքով ետ կանչե նորից: Փա՞ռք, գա՞նձ, օրենքնե՞ր և իշխանությո՞ւն... Թռիր, հեռացիր բոլոր-բոլորից: Եւ ի՞նչ է փառքը,– այսօր քեզ մարդիկ եղջյուրներից վեր կբարձրացնեն, Վաղը նույն մարդիկ սմբակների տակ ճմլելու համար քեզ վար կնետեն: Ի՞նչ է պատիվը, հարգանքը մարդկանց – սոսկ ոսկուց – վախից հարգ են մատուցում, Իսկ երբ սայթաքես, մուճակիդ փոշին մեծ մարդ է դառնում ու քեզ հարվածում: Եւ ի՞նչ է գանձը, որով հիմարը տիրում է մարդկանց, և´ հանճար, և´ սեր,– Բյուրավորների քամված արյունը, մեռելների միս, որբի արցունքներ: Ի՞նչ է ամբոխը – մեծ հիմարն է նա, ոգին հալածող և տարրը չարի, Բռնության խարիսխ. և´ սուր երկսայրի, և´ զայրույթի մեջ գազան վիթխարի: Ի՞նչ է համայնքը – թշնամու բանակ, և անհատն այնտեղ անշղթա գերի, Ե՞րբ է հանդուրժել հոգու թռիչքին և սլացումին վսեմ մտքերի: Նողկալի համայնք, հեղձուցիչ օղակ, քո լավն ու վատը – ահեղ խարազան, Մի անհուն մկրատ բոլորին խուզող` միահավասար և միանման: Ատում եմ, ավա~ղ, և հայրենիքը – պերճ արոտավայր հարուստների ցոփ, Որի հողն արնոտ` անդուլ հերկողը չոր քար է կրծում իր հացի հանդեպ: Ի՞նչ է օրենքը, մարդկանցից օրհնած, բիրտ ուժեղների այդ սուրը դաժան, Անզորի գլխին կախված հավիտյան, խեղճին խողխողող, հզորին պաշտպան: Ե´ւ իրավունքը, և´ օրենքները բոլոր զայրույթով ատում եմ, ատում, Գարշ իրավունքով բռնաբարում են և գարշ օրենքով լլկում ու մորթում: Յոթն անգամ ահա´ ատում եմ, ատում իշխանությունը – սերունդներ լափող, Անհագ վաշխառու, անկուշտ ձրիակեր, պատերազմների հավերժ հերյուրող: Անցած դարերի, գալիք դարերի մեծ դահիճն է նա և մեծն ավազակ, Իր անցած ուղին` ոճիր ու նախճիր, սարսափներ վիժող, ոխակալ ոհմակ: Նա հրեշի պես կրծքիս է նստել, բռունցքն է ահեղ սեղմել ճակատիս, Եւ ամեն քայլիս շղթա է զարկել, փականք է դրել լեզվիս ու մտքիս: Նա փշրում է միշտ մեր ուսերը վար, ամենուր հասնում, ճզմում է մարդուն, Եւ իրավունքի դաժան անունով բյուր կառափներից բուրգեր է կերտում: Եւ ամեն ինչ է իշխանությունը – իրավունք, օրենք և արդարություն. Նա ինքն է խիղճը և չարն ու բարին, իսկ դու` գերեզման, դու` ոչնչություն: Եւ նզովում եմ իշխանությունը հազարաճիրան մոլի բորենին. Իր ամեն քայլը` արյունի հնձան, ուր տրորում է ծերին, մանուկին: Ապիկա´ր մարդիկ, ստրուկ ու վախկոտ, ո՞վ տվեց սուրը նմանիդ ձեռին, Ո՞վ տվեց նրան վրեժի իրավունք` իշխել, խողխողել իր նմաններին: Տա´ր ինձ, քարավան, իժերին հանձնիր, թաղիր հեգ սիրտս ավազների տակ, Տա´ր ինձ, ազատիր իշխանությունից, ազատիր նըրա հովանուց վայրագ»: Խոլ կայծակները հրեղեն սրով ծվատում էին վաշտերն ամպերի Եւ արշավասույր` փշրվում էին ճերմակ բաշերին հեռու լեռների: Եւ մրրիկները մռնչում էին, արմավն ու նոճին շաչում, շառաչում. Եւ քարավանը կամուրջ քանդելով և քառատրոփ վազում էր, թռչում: Վազում էր, թռչում, զրը~նգ, հա զրը~նգ, փոշու ամպերով ծածկելով ճամփեն, Ասես, փախչում էր չար իշխանության քինոտ բռունցքից, որ չհասնի իրեն: Վեցերորդ սուրահ Եւ միջօրեի բարկ արևի տակ խիստ բուրում էին նարճիս ու ծոթոր, Եւ քարավանը փոշու մեջ կորած` քայլում էր դանդաղ, հոգնած, քրտնաթոր: «Թռի´ր, քարավան, խորշակ ու մրրիկ ճեղքելով մտիր ավազի ծոցը»,– Այսպես էր խոսում զայրացած սրտում Աբու Մահարին, մեծ բանաստեղծը: «Թող անապատի բոց հողմն իմ դեմ գա, ավազի վրայից հետքերս ջնջե, Որ մարդը երբեք տեղս չգտնի, իմ շնչած օդը մարդը չշնչե: Տեսնում եմ ահա շեկ առյուծներին` դեղին շեղջերից աչքիս են նայում, Տեսնում եմ նրանց, որոնց ոսկեղեն բաշերից հողմը կայծեր է պոկում: Արի´ք, կանչում եմ, ես փախչողը չեմ, արի~ք, լափեցե´ք սիրտս վիրավոր, Ես ետ չեմ դառնա մարդու մոտ երբեք, դուռը չեմ բախի մարդու նենգավոր: Մարդիկ ի՞նչ են որ... դիմակված դևեր, ժանիքներ ունեն. անտես ճիրաններ, Սմբակներ ունեն և որոճող են, և նրանց լեզուն` թունավոր սուսեր: Եւ ո՞վ են մարդիկ... աղվեսների հոտ, եսամոլ անհուն, ուրացող, մատնիչ. Անկումիդ ուրախ, արյուններ լակող, գազան մանկասպան և դահի´ճ, դահի´ճ: Աղքատության մեջ` քծնի, վաճառվող, թշվառության մեջ` վախկոտ, դավաճան, Հարստության մեջ` լկտի չարախինդ, և´ վրիժառու, և´ ամբարտավան: Զոհվում է լավը վատերի համար, և վատն ու չարը լլկում են, տանջում Մի բուռ լավերին այս վատ աշխարհում, և կյանքի արտում որոմն է աճում: Նզովում եմ ձեզ, հեռավո´ր մարդիկ, ձեր չարն ու բարին, կրոնները ձեր, Որոնք միմիայն շղթա են կռում և ստրկության կոփում զնդաններ: Ապիրատ աշխարհ, ուր հզոր ոսկին դարձնում է գողին ազնիվ, բարեհույս, Ապուշին` հանճար, վախկոտին` կտրիճ, տգեղին` չքնաղ և պոռնիկին` կույս: Մարդկային աշխարհ, արյան բաղանիք, ուր թույլն` հանցավոր և հզորն` արդար. Ուր մարդը տխեղծ` ինչ որ անում է այս գարշ աշխարհում` սոսկ նյութի համար: Սոսկ շահի համար, շահին միշտ գերի, աստվածացնող թաթը եղեռնի, Ահա մարդը միշտ – պատկերն աստծու, սակայն իրապես վիժվածք շեյթանի: Համրելով մեկ-մեկ անթիվ քայլերը իմ քարավանի, իմ անծայր ճամփու, Անթիվ քայլերը չեն հասնում չափին մի օրում գործած հանցանքին մարդու: Ասում եմ ահա և արևելքին, հյուսիս, հարավին և արևմուտքին, Որոնց հողմերը իրար հետ ներհակ` լսում են մեկտեղ իմ արդար խոսքին: Տարե´ք, տարփողե´ք խոսքս հրեղեն, որ ծովերից ծով աշխարհներ լսեն, Թե ավելի վատ, ավելի զազիր` քան մարդը դաժան – այդ մարդն է նորեն: Այնքան ժամանակ, որքան աստղերը անշեջ թարթում են լուռ անապատին, Եւ գալարվում են շեղջերն ավազի, շչում ու ճչում նման օձերին – Փախի´ր, քարավան, այդ պոռնկության լպիրշ ու արբշիռ ցոփ խնջույքներից. Կեղծի, կեղեքման հրապարակներից և վաճառանքի պիղծ շուկաներից: Համայնքից փախի´ր, փախի´ր վրեժից, մարդկանց արյունոտ արդարությունից, Փախի´ր կնոջից, սիրուց, ընկերից, շնչահեղձ փախի´ր մարդու ստվերից: Գնա´, քարավան, ներբաններիդ տակ տրորիր, կոխիր օրենք, իրավունք. Եւ ուղիներիդ փոշիով ծածկիր թե´ չարն ու բարին, թե´ իշխանություն: Եւ թող հոշոտեն ինձ վագր ու առյուծ, բոցոտ հողմերը շաչեն ինձ վրա – Եւ այսպես, մինչև օրերիս վերջը, քարավանս անդարձ, գնա´ ու գնա´...»: Իրենց աղեղի պարանոցները` ուղտերը լարած նետերի նման, Զիլ վազում էին, իրենց հետքից թողնելով փոշու անծայր քարավա´ն: Զիլ վազում էին խանձված դաշտերով դեպի անհայտը, դեպի հեռաստան, Սքողում էին հողի թուխպերով անծիր դաշտերը, ավան ու ոստան: Կարծես` վախեցած փախչում էր արագ` առանց հանգրվան, Աբու Մահարին, Կարծես` օրենքը, կինն ու համայնքը նրան կրընկոխ հետևում էին: Եւ քարավանը զրը~նգ, սրընթաց, առանց նայելու անցնում էր անդարձ Բուրգերի տակով մեծ քաղաքների` հացի ու կրքի ժխորով լցված: Վազում էր հապճեպ` անգիտության մեջ դարեր քարացած գյուղերի մոտով, Վազում էր, սուզվում հեռուների մեջ` ոսկեհոս աստղի անզուսպ կարոտով: Քարավանն հեստոտ օրեր-գիշերներ լափում էր ուղին ոլոր ու մոլոր, Եւ խռով հոգով Աբու Մահարին խորհում էր ցասկոտ` ճակատը խոլոր: Խոլ քարավանը նրա խոհերի, բազեների պես ծեծկված մրրկով, Սլանում էին խռիվ ու ցրիվ` մի լույս-հանգրվան գտնելու մտքով: Եւ լալիս էր նա առանց արցունքի, և նրա վիշտը նման անհունի, Ինչպես իր ուղին, որ գալարվում է` անծայր օձի պես և վախճան չունի: Եւ ետ |