AKB Forums

Go Back   AKB Forums > Entertainment > Literary nook
Home Register Blogs FAQ Members List Calendar Downloads Arcade Mark Forums Read

Literary nook Ëèòåðàòóðíûé óãîëîê

Troubles when posting message? Click here! :: Ïðîáëåìû ñ îòïðàâëåíèåì ñîîáùåíèÿ? Íàæìèòå ñþäà!

Reply
 
LinkBack Thread Tools Display Modes
Old Feb 2, 2007, 11:49  
è äîáðàÿ... èíîãäà
 
Vrednaja's Avatar
 
Join Date: Mar 2005
Location: Yerevan
Posts: 464
Rep Power: 4
Reputation: 10
Ես քո Եվան եմ և Լիլիթը

Հիասքանչ աշուն էր, յուրաքանչյուր տարվա նման չքնաղ ու անկրկնելի: Սեպտեմբերի վերջն էր՝ տարվա այն եղանակը, երբ ամառը նոր է զիջում իր դիրքերը, և աշունն ամբողջ փայլով մտնում է իր տիրապետության մեջ՝ ներկված հազար ու մի գույներով. կարծես ամեն ծառ ցոցլում է իր ծիածանի մեջ, պարծենում իր զարդերով:
-Հերիք է վազվզես, խենթուկ:
Կողքից անցնող տարեց կինը շրջվեց նայելու, թե ինչպես է երիտասարդ հայրը սաստում իր չարաճճի աղջկան, սակայն շրջակայքում երեխա չկար: Նա մի փոքր տարակուսած կանգ առավ, հետո հասկանալով ժպտաց ու քայլեց առաջ: Նրա ժպիտը թերևս հիմք ուներ: Հանդիմանանքը, որ հնչեց այնպես քնքուշ, կարծես խենթության ավելի դրդելու համար նույնիսկ, ուղղված էր մի երիտասարդ աղջկա: Նա փայլող աչքերը դարձրեց դեպի երիտասարդը և, կարծես քաջալերված հանդիմանանքից, ծիծաղեց ավելի պայծառ ու մի լիքը գիրկ տերև թափեց հանգիստ կանգնած տղայի վրա: Տերևները ծիծաղեցին նույն հնչուն ծիծաղով՝ խշ, խշ, խշ: Տղան փորձեց պահպանել լրջությունը և կարգի հրավիրել ընկերուհուն, սակայն երբ թաղվեց տերևների հաջորդ շուրջպարի մեջ, նրա մեջ բարձր ճչաց մանկությունը, և վազեց՝ իր սիրելիին հասնելու և տերևաթաթախ անելու միակ ցանկությամբ: Եվ երբ փոշոտ ու հոգնած կանգ առան, նրանց աչքերը փայլում էին ավելի:
- Գիտե՞ս, երբեմն ինչ եմ մտածում: Կուզեի աշխատանքի գնալուց առաջ ավլել այս տերևները, և նրանք խշխշային իմ ավելի տակ, իսկ հետո կդառնային մի մեծ դեզ, իսկ ես կվերցնեի ու կվառեի, հետո կթռնեի վրայով:
- Հերթական լիլիթական միտքը,- ծիծաղեց տղան,- և որտեղի՞ց են քո գլխով այդպիսի բաներ անցնում: Չեմ կարողանում ընկալել ու մարսել մեկը, իսկ դու արդեն ներկայացնում ես հաջորդ անակնկալը: Ամեն անգամ, երբ ինձ թվում է, թե վերջապես ուր որ է կհասկանամ, թե էլ ինչ կարող ես ասել կամ անել, անմիջապես զգացնել ես տալիս ինձ իմ սխալը:
- Եվ հենց այդ պատճառով էլ սիրում ես ինձ, այնպես չէ՞,- վզնոցը նրա վզի վրայով պարուրելով և անմիջապես հետ քաշելով ու հեռու վազելով բացականչեց աղջիկը:
Տղան միայն հոգոց հանեց՝ արտահայտելով իր կատարյալ անզորությունը այդ հարցում:
- Գնանք, -ասաց նա: Նա միշտ ասում էր “գնանք”, երբ չէր ուզում կամ չէր կարողանում պատասխան գտնել հերթական հարցերից մեկին, թեկուզև հռետորական, թեկուզև պատասխան չպահանջող: -Ի՞նչ պատահեց,-անհանգստացավ՝ նկատելով ընկերուհու միանգամից լրջացած ու տխուր դեմքը:
Լիլիթը ոտքերով շուռումուռ էր տալիս տերևների դեզերը և կարծես սահում դրանց մեջ:
- Նայի՛ր, Միքայե՛լ, այս հրաշքն ընդամենը մի քանի օրվա կյանք ունի: Շուտով ձմեռ կգա, ու գույների այս ներկապնակից ոչինչ չի մնա: Ավելի ճիշտ կմնա միայն դարչնագույն աղբի մի մեծ զանգված՝ անօգուտ ու անիմաստ: Խոստացի՛ր ինձ, որ մեզ մոտ երբեք ձմեռ չի լինի: Ես ուզում եմ, որ այս գույնզգույն հրաշքից հետո անմիջապես իր աչքերը բացի գարունը՝ նոր երազներով ու նոր հույսերով:
- Մի՞թե նույնը չի լինում ձմեռվանից հետո:
- Ո՛չ, ձմեռն ինչ-որ բան կոտրում է և կոտրում է այնպես, որ այլևս վերականգնել հնարավոր չէ: Գիտե՛մ, այդպես կլինի: Խոստացի՛ր:
- Լավ, խոստանում եմ,- կատակով խոստացավ տղան, կարծես իրոք կարող էր կանգնեցնել դեպքերի բնական ընթացքը:
Աղջիկը նորից ծիծաղեց և այնպես հանկարծակի, ինչպես միշտ լինում էին նրա մոտ անցումները այլ թեմայի, սկսեց նորից խաղալ տղայի հոգու հետ:
- Եթե միայն տեսնեիր քեզ հայելում, թե ինչպե՛ս ես ինձ նայում,- խաղացկուն ձայնով անկեղծորեն հրճվում էր աղջիկը:
- Իսկ ինչպե՞ս եմ քեզ նայում,- նույն խաղացկուն տոնով հարցրեց տղան: Հարցը ավելի շուտ հռետորական էր, քանի որ նա ինքն էլ լավ գիտեր, թե ինչպիսին է դառնում նայվածքը, երբ նայում են սրտի աչքերով: Ուզո՞ւմ էր պատասխան լսել, թե չէր ուզում:
- Սկզբում դու շուռ ես գալիս. դու դեռ ընդամենը կռահում ես, որ ես արդեն մոտիկ եմ, ապա աչքերդ լայնանում են, դառնում երկու մեծ արև, նրանք ժպտում են, եթե նույնիսկ շուրթերդ ամուր ու ձիգ սեղմում ես, խոժոռում ես դեմքդ, աչքերդ շարունակում են ժպտալ: Նրանք փայլում են ավելի ու ավելի, մինչև ես մտածում եմ, որ կարելի է անգամ էլեկտրականությունը խնայել: Ես հասկանում եմ, որ եթե նույնիսկ շուրջդ ամբոխ հավաքված լիներ, դու տեսնելու էիր միայն ինձ: Ու քանի դեռ դու նայում ես այդպես, ես ի վիճակի չեմ լինում հայացքս կտրել: Ասա՛, ի՞նչ ես տեսնում դու այդ ժամանակ:
- Լիլիթ,- ասաց նա՝ փոխելով խոսակցության թեման,- մենք կհանդիպե՞նք այսօր երեկոյան:
- Ես… ես չեմ կարող, որովհետև…,- նա ոչ մի բան չկարողացավ հորինել, բացի այդ նրան խորթ էր ստելը,- որովհետև չեմ կարող:
Միքայելը խոժոռվեց: Ամեն օր նույնը: Ի՞նչու, ինչու նա չի ցանկանում հանդիպել իր հետ, ինչպես բոլոր նորմալ մարդիկ: Որքա՞ն ինքը կարող է բավականանալ առավոտյան նրան աշխատանքի ուղեկցելով և սակավ կեսօրվա հանդիպումներով:
- Իսկ վա՞ղը,- մռայլ շարունակեց նա:
- Միքայել, խնդրում եմ, մի ստիպիր ինձ:
- Ես քեզ դուր չեմ գալի՞ս:
- Դու ինքդ էլ գիտես, որ դա այդպես չէ: Այլապես ես վաղուց կփոխեի ճանապարհս:
- Ուրեմն ի՞նչն է պատճառը: Արդեն երեք ամիս է:
- Ես… չգիտեմ:
- Լսի՛ր ինձ, ես չեմ պատրաստվում այսպես շարունակել: Կամ դու կորոշես կամ ես ի՛նքս կփոխեմ ճանապարհս: Դու մի շաբաթ ժամանակ ունես մտածելու: Հասկացա՞ր ինձ:
Լիլիթը խոնարհեց աչքերը: Նա չէր սիրում, երբ իր հետ կոպիտ են խոսում և ամեն խոսքին պատրաստ էր երկուսը վերադարձնել, բայց այս անգամ լռեց: Զգա՞ց, որ իրավացի չէ: Սակայն երբ բարձրացրեց աչքերը, դրանք նորից փայլում էին:
- Միքայե՛լ, իսկ դու կթռչեի՞ր իմ խարույկի վրայով:
□Նա անուղղելի է□,- մտածեց Միքայելը,- □բայց ունի ընդամենը մի շաբաթ այդպիսին լինելու, հետո կամ կհնազանդվի կամ…□: Նա չցանկացավ ավարտին հասցնել միտքը և այն ուղղակի մի կողմ դրեց՝ մեկ շաբաթով:
Լիլիթը շարունակում էր խաղալ նրա հոգու հետ, թվում էր՝ նա ամեն գնով փորձում է բարկացնել և հունից հանել: Այդպիսին է սերը, խաղում է անհոգ կերպով, ամեն ինչ թույլատրելի է, ամեն ինչ հնարավոր, քանի դեռ մի գեղեցիկ, ո՛չ, սոսկալի օր անհնարին է դառնում անգամ ամենասովորականը, նույնիսկ կարճ ողջույնը հանդիպելիս: Մարդիկ, որոնք փաթաթվում էին ոչ միայն մարմիններով, այլև հոգիներով, նայում են իրար սառն ու անտարբեր և անցնում օտարների պես: Ո՛չ, նրանք կգերադասեին ավելի շուտ օտարներ լինել, քան ծանոթներ: Նրանք կգերադասեին իրար երբեք տեսած չլինել, այնժամ հնարավոր է, որ պատահաբար հանդիպելիս նրանք թաքուն նայեին իրար ժպտալով, հետո ինչ-որ ժամանակ կմնար այդ երկուստեք փոխանակված ժպիտը և կգնար կորչելու օրվա եռուզեռի մեջ: Բայց կլիներ հաճելի մի ակնթարթ, ոչ թե ամբողջ օրվա ընթացքում սրտի վրա նստած ծանրություն, որից ազատվել անհնար է, քանզի ինքն իրենից փախչել դեռ ոչ մեկի չի հաջողվել:



Շարունակելի
Vrednaja is offline   Reply With Quote Quote selected
Old Feb 12, 2007, 12:38   #16
Silence
 
Moonlight's Avatar
 
Join Date: Nov 2004
Location: back to meta level
Posts: 3,924
Blog Entries: 3
Rep Power: 5
Reputation: 189
Send a message via Skype™ to Moonlight
Sir, esli uje davno napisan rasskaz, davay do konca srazu! mi chitaem na rodnom dovol'no bistro:P a to poka poyavlyaeshsa i postaesh sled seriyu, uje zabili kak predidushaya zakonchilas'!
Moonlight is offline   Reply With Quote Quote selected
Old Feb 13, 2007, 06:13   #17
è äîáðàÿ... èíîãäà
 
Vrednaja's Avatar
 
Join Date: Mar 2005
Location: Yerevan
Posts: 464
Rep Power: 4
Reputation: 10
De lav, mi pntpnta, aha ev verjin hatvatsy


- Կարդա,- ասաց աղջիկը,- իսկ ես կսպասեմ: Կարդա, որովհետև ասել քեզ այս ամենը չեմ կարող: Շատ եմ մտածել, ինչպես վարվեմ, և եթե հիմա դու կարդում ես այս տողերը, ուրեմն գտել եմ, որ այդպես ավելի լավ կլինի: Մի կարծիր, որ ինձ համար հեշտ է եղել նման որոշման հանգելը: Ես հանդուգն եմ, դե ինչ, այնպիսին եմ, ինչպիսին կամ: Նաև խելոք եմ այնքան, որ հիմարություն անելիս հասկանում եմ, որ հիմարի պես եմ ինձ պահում: Երբեմն անսպասելի եմ անգամ ինքս ինձ համար, այնպես որ դու մի զարմացիր` կարդալով այն ամենը, ինչ պատրաստվում եմ քեզ ասել: Ճիշտ է, առնվազն գիժ պետք է լինել սա քեզ տալու համար, բայց գոնե մեկ անգամ կարող եմ ինքս ինձ թույլ տալ անկեղծ լինելու ճոխությունը: Եթե դա շատ համարես, կշարունակենք ամեն ինչ նույն ձևով, քանզի կյանքը բեմ է, իսկ մարդիկ՝ դերասաններ: Լսիր…
- Ես քո Եվան եմ և Լիլիթը: Ես այն սիրտն եմ, որ բաբախում է կրծքիդ տակ, այլապես սխալվել եմ քեզ դիմելով, այլապես այս խոսքերը քեզ համար չէ, որ նախատեսված էին: Ես սիրել եմ ծնվածս օրվանից և սիրելու եմ, մինչև մահը փակի հանդուգն աչքերս: Հավերժության մեջ դեռևս չձևավորված և մարմին չունեցող հոգիս սիրել է: Սիրո այդպիսի զգացումը հավանաբար վախեցրել է ինձ: Չգիտեմ, վախեցել եմ, թե մինչև վերջ չեմ վստահել, գուցե և մեկը, և մյուսը, բայց եթե նահանջելու տեղ այլևս չեմ ունեցել, ուղղակի փախել եմ, չցանկանալով, առանց մտածելու փախել եմ: Գոյություն է ունեցել սահման, որից այն կողմ երբեք չեմ անցել: Դու դա չես հասկանա, բայց այդպես է եղել միշտ, իսկ հիմա…
Դու թանկ ես ինձ համար: Եթե տխուր ես, ինչքան էլ ծիծաղեմ, սրտումս ուրախություն չկա: Զգում եմ քեզ, տրամադրությանդ ամենաչնչին փոփոխությունն անգամ: Եթե դու առաջվանը լինեիր, ես ոչինչ էլ չէի ձեռնարկի: Դա կլիներ միայն իմ խնդիրը: Բայց այլևս չեմ ուզում տեսնել քո կիսատխուր, կիսահեգնական ժպիտը: Ես գիտեմ, թե ինչպես կարող ես ժպտալ, և ուզում եմ՝ միշտ այդպես ժպտաս, երջանիկ լինես: Մոռացիր, աշխարհ գոյություն չունի. կանք միայն ես ու դու: ՄԻԱՅՆ ԵՍ ՈՒ ԴՈՒ: Երբ նայես աչքերիս, գուցե հասկանամ, իմն ես դեռ, թե արդեն իմը չես: Թե մերժես ինձ, աշխարհը կանգ կառնի մի վայրկյան, ու հետո, իրատես լինենք, կշարունակի իր պտույտը, որը հավերժական է կամ վերջավոր, չգիտեմ, բայց, միևնույն է, մենք այդքան երկար չենք ապրի, որ տեսնենք ժամանակների վերջը: Մեզ մի կարճ կյանք է տրված, ընդամենը մի ակնթարթ, ու մենք պետք է երջանիկ լինենք, սիրենք անգթորեն, անխնա ինքներս մեր նկատմամբ, քանզի կյանքը սիրո մեջ է ամփոփված, մնացածը հիմարություն է՝ ուշադրության անարժան: Ես ծնվել եմ սիրելու համար, դա միակ բանն է, որ հաստատ է այս անհաստատ աշխարհում: Քեզ հետ եմ ուզում կիսել իմ ակնթարթը, իմ հավերժությունը, իմ սերը, նվիրել անմնացորդ, որովհետև ամբողջությամբ չբոցավառված սերը նման է շանը նետված կրծած ոսկորի, կիսաբերան ասված բարևի, թոշնած ծաղկի, որ իրականում չի էլ բացվել: Ես քոնն եմ այսօր, այս վայրկյանին անմնացորդ քոնն եմ: Հետո չգիտեմ, ինչպես կստացվի, կանխատեսել չեմ կարող: Ոչինչ հավերժ չէ այս երկնքի տակ, և պետք էլ չէ, որ լինի, այլապես անարժեք կդառնային այն ակնթարթները, որոնք չքնաղ են հենց նրանով, որ երբեք չեն կրկնվի: Որովհետև կլինեն ուրիշները` ոչ պակաս չքնաղ, ոչ պակաս անմոռանալի: Հրաշքներ լինում են, միայն նրանց հավատալ է պետք: Մենք ինքներս կարող ենք ստեղծել դրանք, եթե ցանկանանք: Կարող ենք նաև առօրյա անհետաքրքիր մի բանի վերածել դրանք, եթե աչքերը, որ նայում են, ունակ չլինեն տեսնելու, ձեռքերը, որ հպվում են, ունակ չլինեն զգալու: Մարմինը ունակ չլինի դողալու, երբ տարածությունը առ ոչինչ է դառնում, երբ միտքը կորցնում է երկրային սահմաններն ու ձևը` վերածվելով քաղցր թմբիրի, անորոշ ու շատ որոշակի մշուշի, որ արդեն հեղեղի պես հոսում է երակներով` փոխանակ սառը դատելու: Այդ ժամանակ կորսվում է սահմանը երկնի և երկրի մեջ, աշխարհը դառնում է հրաշք, աշխարհը` անհեթեթ, անարդար, անողոք աշխարհը վերածվում է հրաշքի, եթե սիրում ես և սիրված ես:
Եթե կարողանաս մի կողմ նետել հպարտությունդ, ինչպես ես եմ նետում, և ցանկանաս ինձ հետ լինել, հավատացած եմ՝ մեզ մոտ ամեն ինչ հրաշքի պես կլինի: Իսկ եթե չհասկանանք իրար, ամեն ինչ հնարավոր է, մենք հասուն ու ազատ մարդիկ ենք. ամեն մեկը կգնա իր ճանապարհով: Իսկ եթե ցանկանաս, եթե ստացվի…
Ինչու՞ եմ ասում քեզ այս ամենը, որ չմտածես, թե աչքերիդ մեջ նայելով ստում էի կամ խաղում, ես դրան ընդունակ չեմ: Դու ամեն ինչ ճիշտ ես հասկացել, կարծում եմ` հասկացե՛լ ես: Աչքերը հոգու հայելին են. նրանք երբեք չեն ստում: Ստում են խոսքերը, երբեմն նունիսկ մտքերն են ստում, բայց աչքերը` երբեք: Աչքերն արտահայտում են նույնիսկ այն, ինչը դեռ մտքում անգամ որոշակի տեսք դեռ չի ստացել, ինչ-որ տեղ ենթագիտակցության մեջ փնտրում է ինքն իրեն: Իմ հրա՛շք, փչացած և մաքուր արարած՝ կարոտ անսահման սիրո ու քնքշանքի, փոքրիկ երեխա և հասուն տղամարդ, կրակոտ, հպարտ, պարծենկոտ, ինքնավստահ, ամաչկոտ, բարի, նեղացկոտ-նեղացկոտ, սրտումդ չարություն մի պահի: Երբեմն ինձ թվում է, թե դու միայն սեքսուալ փորձ ես հավաքել, իսկ աղջիկներից այդպես էլ ոչինչ չես հասկանում: Գուցե դու ինձանի՞ց ոչինչ չես հասկանում: Բայց ես դա հենց դու եմ, որովհետև մեր մեջ նույն կրակն է վառվում, նույնիսկ մեր ուղեղն է նույն կերպ կառուցված: Դու ասում ես այն, ինչ մտածում եմ ես, ասում ես նույնիսկ նույն բառերով: Քո ազատությունն ու անկեղծությունը, որ ոմանց երբեմն չափազանց է թվում, ինձ ձգում է անդիմադրելիորեն: Դա հենց այն է, ինչ պակասում է ինձ այս կյանքում:
Ինչու այսպե՞ս ստացվեց. ամեն ինչ ունի իր պատճառը, նույնիսկ բազմաթիվ պատճառներ՝ իրական և անիրական: Բայց դրանք հիմա էական չեն: Ինչ-որ տեղ գուցե նույնիսկ ձգտում կար, որ այսպես ստացվի քեզանից անկախ պատճառներով. նորից եմ կրկնում` դու դա չես հասկանա: Ափսոս, որ մենք նույն տեղն ենք աշխատում, դա ինձ ամենաշատն է խանգարել, դու նույնիսկ չես պատկերացնում ինչպես և ինչքան, չնայած նույնիսկ դա հիմա էական չէ: Դու ավելի թանկ ես, քան այդ բոլորը միասին վերցրած:
ինձ խղճալու սովորություն էլ չունեմ. ուզում եմ, որ ինձ հստակ մերժեն` առանց անորոշության նշույլի: Ուզում եմ, ինքդ էլ հստակ հասկանաս, թե ի վերջո քեզ ինչ է պետք: Ես չեմ ուզում ափսոսալ մի բանի համար, որ չեմ արել, կամ ավելի վատ, կարող էի սխալս ուղղել և չուղղեցի: Ավելի լավ է ափսոսամ արածիս համար, որ հետ նայելիս դատարկություն չտեսնեմ: Հնարավոր է նաև, չեմ բացառում, որ հիմա ավելի կոպիտ սխալ եմ թույլ տալիս: Դա արդեն դու պետք է դատես:
Եթե սրտումդ ինձ համար տեղ չկա, ապա այս թուղթը չարժե նույնիսկ այն տաս դրամը, որ վճարել են դրա համար: Ես ուժեղ եմ, կարող ես չանհանգստանալ: Եթե չկարողանայի հետ կանգնել, ամեն ինչ կթողեի, ինչպես կա: Դու երբեք չես զգա, որ ասել եմ այս ամենը: Ես ունակ չեմ սիրել անպատասխան: Դա երազի պես մի բան կլինի՝ նույնքան անցողիկ և գիշերվա հետ չքացած: Ես իրատես եմ և պատրանքների հետևից չեմ ընկնում: Ամեն ինչ գուցե այնպես եմ փչացրել, որ ավելի մեծ հավանականությամբ պատասխանդ բացասական կլինի: Ինձ պետք է քո ոչը առաջ գնալու համար: Այդ դեպքում մենք լավ ընկերներ կարող ենք լինել, և ես կժպտամ քեզ քրոջ պես, միայն, խնդրում եմ, առանց ինադու բաների: Ես դա ատում եմ, նույնիսկ երբ ինքս եմ այդպես վարվում: Մնացած ասածներս մոռացիր, դու սա չես կարդացել: Ես նույնիսկ չեմ էլ գրել, առավել ևս չեմ տվել քեզ: Ցանկանում եմ, որ ի վերջո հանդիպես նրան, ում սիրտը կբաբախի քոնի հետ նույն ռիթմով, ումից հեռանալ ուղղակի չես կարողանա: Երջանիկ եղիր, իմ չքնաղ ակնթարթ, որովհետև իրոք արժանի ես երջանիկ լինելու, որովհետև ինչ-որ ժամանակ դու ինձ իրոք երջանիկ ես դարձրել:
Ներիր ինձ, եթե ինչ-որ բան այնպես չեմ արել, երբեմն մենք չենք անում այն, ինչ ուզում ենք: Եթե վիրավորել եմ քեզ ինչ-որ կերպ, չեմ ցանկացել: Ներիր ինձ, որ ստիպված ես սա կարդալու վրա վատնել քո թանկագին ժամանակը: Սա վերջին անգամն է, կարող ես համոզված լինել: Ներիր ինձ, որովհետև ես այնպիսին եմ, ինչպիսին կամ: Կարծում եմ, այս խոսքերն ուղղված են նրան, որը ևս այնպիսին է, ինչպիսին կա: Իսկ փոխել որևէ բան չարժե, որովհետև ինքնությունը կորցրած մարդը նման է անձև ստվերի, ինչ-որ մեկի չհաջողված նմանակի, իսկ ես այդպիսին լինել չեմ կարող և չեմ ուզում:
Գուցե կարող էի այս ամենը ինչ-որ կերպ քեզ հասկացնելու և ինքս էլ ինձ համար հասկանալու այլ ճանապարհներ փնտրել, բայց եթե չեմ սխալվում, և դու նման ես ինձ, դա անօգուտ կլիներ: Ստիպված եմ ուղիղ գնալ: Դա էլ իմ թերությունն է. զարտուղի ճանապարհների սովոր չեմ: Եթե մենք իրոք նման ենք, դու կհասկանաս, իսկ եթե ոչ, ապա ափսոսալու տեղ էլ չունեմ: Հիմա կանգնած եմ սերը ընկերությունից բաժանող սահմանին և ինձ ընդամենը մեկ բառ է անհրաժեշտ առաջ կամ ետ գնալու համար: Ես նույնիսկ կհեշտացնեմ ամեն ինչ, ուղղակի ընդգծիր և վերադարձրու թուղթը: Որոշումը քոնն է:

ԱՅՈ ՈՉ


- Ներեցեք, մենք արդեն փակվում ենք:
Միքայելը չտեսնող աչքերով նայեց մատուցողին, հետո նրան մշուշի մեջ հասան վերջինիս բառերը: Մեքենայաբար նայեց ժամացույցին: Արդեն 12-ն էր: Անզգայության մեջ մոտ երեք ժամ էր անցել այն պահից, ինչ Տաթևիկը հեռացել էր:
- Այո, այո, հիմա,- նետեց ինչ ձեռքը կար ու դուրս եկավ: Սառը օդը սթափեցրեց նրան: “Լիլիթ” հնչեց կողքին: Նա կայծակի արագությամբ շուռ եկավ: Ընդամենը երկու անծանոթ աղջիկներ էին: Լիլիթ, ա՜խ, Լիլիթ, մի՞թե ես ցանկանում էի, որ այսպես վերջանար:
- Լիլիթ,- տարուբերեց նրա խոսքերը քամին՝ փաթաթելով ծառի ճյուղերին:
- Լիլիթ,- արձագանքեց ծառը՝ թափ տալով ճյուղերը ձյունից,- մի՞թե ես ցանկանում էի:
- Լիլիթ,- անվան հնչյունները օդում ցրեցին թափվող ձյան փաթիլները:
- Լիլիթ,- տնքաց տղայի բարկացած քայլերի տակ ճռռացող պինդ ձյունը՝ դժգոհելով,- նա չէր ցանկանում,- և պատրաստվում էր ավելացնել, որ այդ պատճառով հիմա տառապում է ինքը, բայց լռեց: Հասկացավ, որ իր տառապանքը հիմա անհամեմատելի է իր վրայով չտեսնող աչքերով քայլող տղայի տառապանքի հետ և լռեց:


***

Միքայելը հասավ տուն: Առանց նույնիսկ վերարկուն հանելու վերցրեց խոսափողը:
- Ալո,- լսվեց Լիլիթի արդեն քնատ ձայնը: Միքայելին թվաց, թե սիրտը պոկվել է կրծքից և տրոփում է լրիվ ուրիշ հարթության մեջ: Որքան ժամանակ է, նա չէր հավաքել այդ համարը:
- Լիլիթ…
- Ալո՞,- ձայնը հնչեց տագնապախառն:
- Լիլիթ…,- կարծես ուրիշ ոչինչ չէր մնացել ասելու:
- Դուք գոնե գիտե՞ք, թե ժամը քանիսն է,- սառը հարցրեց Լիլիթը,- իմ քնելու ժամանակն է,- և կախեց խոսափողը:
Միքայելը արագորեն նորից հավաքեց համարը: Երկար ժամանակ ոչ ոք չէր պատասխանում: Հետո նորից լսվեց Լիլիթի բարկացած ձայնը:
- Շնորհավորում եմ, Միքայել, դու ոտքի հանեցիր ամբողջ տունը: Է՞լ ինչի ես ուզում հասնել:
- Ես կարդացի քո նամակը:
- Ի՞նչ, ի՞նչ նամակ,- սառեց Լիլիթը:
- Ես քո Եվան եմ և Լիլիթը, ես այն սիրտն եմ, որ բաբախում է կրծքիդ տակ…
Լիլիթի սիրտը նվվաց ցավից և ստորացումից:
- Որտեղի՞ց քեզ: Զանգե՞լ ես, որ ևս մի անգամ ծիծաղես վրաս, - նրա ձայնը դողում էր: Զգում էր, որ եթե մի բառ էլ ասի, լաց է լինելու:
- Աստված ի՛մ, ի՜նչպես կարող էիր մտածել: Մի՞թե դու ինձ անզգա անասուն ես համարում: Ես մարդ եմ, տղամարդ, իսկ դու… ամենացանկալի կինն ես աշխարհում և այնումենայնիվ…
- Դու պատասխան չունես, այնպես չէ՞: Ես առաջվա պես կարդո՞ւմ եմ քո մտքերը:
- Ինձ ժամանակ է պետք: Ես չգիտեմ, ես կմտածեմ, ես պե՛տք է մտածեմ,- ձայնի մեջ հուսահատություն էր հնչում:
- Ինձ միայն մեկ հարց է հետաքրքրում: Ուզում եմ՝ անկեղծ պատասխանես:
- Այո՞:
- Դու կարծում ես, ես քեզ դավաճանե՞լ եմ: Դա՞ է պատճառը:
Խոսափողի այն կողմում լռություն էր:
- Ես պե՛տք է դա իմանամ:
Կարճ լռությունից հետո՝
- Ոչ, ես հավատում եմ քեզ: Դու չէիր կարող դավաճանել կամ խաբել: Գուցե ինչ-որ տեղ ես ափսոսում եմ, որ դու դրան ունակ չես: Միգուցե այդպես ինձ ավելի հեշտ կլիներ: Կդադարեի քեզ սիրելուց,-վերջին խոսքերը հնչեցին որպես մարած շշուկ:
- Լավ,- ասաց աղջիկը,- ես գրեթե չէի կասկածում: Ինձ պետք էր դա լսել քեզանից: “Ես կանխագուշակում էի սա նույնիսկ մեր ամենաերջանիկ օրերին”,-ավելացրեց մտքում: - Նույնքան անկեղծ կլինեմ քեզ հետ, ես չգիտեմ, որքան կարող եմ սպասել քեզ և կարո՞ղ եմ արդյոք, որովհետև ինչ-որ բան անդարձ կոտրվել է իմ մեջ: Մի մտածիր, որ մեղադրում եմ, եթե սկսեի մեղադրել, առաջինը ինձ պետք է մեղադրեի: Երևի ես եմ առաջինը ինչ-որ բան անդարձ կոտրել քո մեջ: Ուղղել ոչինչ չկարողացա, ապաշնորհ գտնվեցի, ինչ արած: Շնորհակալություն զանգի համար: Ես գիտեի, որ կհասկանաս և… հաջողություն քեզ:
- Հաջողություն քեզ,- մրմնջաց Միքայելը:
Լիլիթը անջատեց հեռախոսը, նա չէր լալիս. այլևս արցունք չէր մնացել: Սառած աչքերով նայում էր պատուհանից, որտեղ արդեն երրորդ օրն էր, ինչ իր անվերջանալի երգն էր երգում ձյունը: Իմաստ ունե՞ր այս խոսակցությունը հիմա: Չգիտեր: Հավանաբար այո: Հիմա իրենք այլևս թշնամիներ չեն, մարեց ատելությունը: Ու թեև երբեք չեն կարողանա ընկերներ լինել, բայց նա այլևս չի կանգնի իր ճանապարհին, չի խանգարի իրեն ապրել:
Նա գիտեր, կլինեն անվերջանալի գիշերներ՝ լի ափսոսանքով և արցունքներով: Կլինեն անիմաստ առավոտներ՝ առանց հույսի և նույնիսկ առանց հուսահատության, կրծքի տակ կլինի սառցի մի կտոր՝ առանց ջերմության, հետո այդ ամենը կթվա բնական, չափից դուրս բնական: Չի լինի ոչ մի փոփոխություն, ոչինչ չի հուզի իրեն: Ամեն օր հար և նման կլինի նախորդին, ու մի օր ինքը կհասկանա, որ էլ չի սիրում, որ էլ ձգտումներ չկան, որ կարող է նորից սիրահարվել, և այդժամ միգուցե կմարի անանց ափսոսանքն այն սիրո, որ խենթացնում ու զգաստացնում էր, որ այրում ու բուժում էր, որ սպանում ու կյանք էր տալիս, որ ծաղկեց ու թոշնեց, որ վառվեց ու մոխիր դարձավ…
Vrednaja is offline   Reply With Quote Quote selected
Old Feb 13, 2007, 09:30   #