Նոյեմբերի 12-ին Հոլլանդիայի Ռոտերդամ քաղաքում տեղի են ունենալու Եվրոպական Երիտասարդական Ֆորումի նախագահի և նախագահության անդամների ընտրություններ: Ընտրություններին մասնակցելու են 90-ից ավելի կազմակերպություններ աշխարհի տարբեր երկրներից: Մասնակից կազմակերպությունների պատվիրակները ընտրելու են այն 11 թեկնածուներին, ովքեր պատիվ են ունենալու ղեկավարել այդ հեղինակավոր երիտասարդական կազմակերպությունը:
Ի ուրախություն բոլորիս, Հայաստանի կողմից, որպես նախագահության անդամի թեկնածու է առաջադրվել և այդ պայքարին է մասնակցում Հայաստանի Երիտասարդության Ազգային Խարհրդի գլխավոր քարտուղար Համլետ Օհանյանը: Համլետի առաջադրվելը էլ ավելի պատիվ բերեց մեր երկրին, քանի որ նա առաջադրվել է որպես միասնական թեկնածու 6 երկրների կողմից (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա), որը կարելի է համարել մեծ դիվանագիտական հաղթանակ:
Ընտրություններում Համլետ Օհանյանի թեկնածությունը պաշտպանելու և նրան աջակցելու համար ստեղծվել է նախաձեռնող խումբ Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելոռուսի, Ռուսաստանի և Մոլդովայի ներկայացուցիչներից կազմված, որը Ձեզ պարբերաբար կտեղեկացնի իրադարձությունների ընթացքի մասին:
Ակնկալում ենք Ձեր բոլորի ակտիվ, շահագրգիռ մասնակցությունը և աջակցությունը, քանզի այս պայքարում հաջողությունը Բոլորիս հաղթանակն է:
Նախաձեռնող խմբի ներկայացուցիչներ Հայաստանում`
Հայկ Ակարմազյան- Հեռ. +374 91 48 04 69, Էլ.Փոստ
[email protected],
Վարդգես Հովեյան- Հեռ. +374 94 90 04 44, Էլ.Փոստ
[email protected]
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Եվրոպական Երիտասարդական Ֆորումի մասին
Երիտասարդ կազմակերպությունների կողմից անկախորեն հիմնված եվրոպական երիտասարդական ֆորումը հովանոց կազմակերպություն է, որը միավորում է ավելի քան 90 Երիտասարդության Ազգային Խորհուրդներ և միջազգային հասարակական երիտասարդական կազմակերպություններ, որոնք երիտասարդական կազմակերպությունների ինքնուրույն միություններ են:
Եվրոպական Երիտասարդական Ֆորումի և իր անդամ կազմակերպությունների գործունեության կարևոր սկզբունքների շարքում են ներկայացուցչությունը՝ մի շարք միջազգային կարևոր ատյաններում, միջազգային ժողովրդավարությունը, անկախությունը, ազատությունը պատրաստակամությունն ու երիտասարդների ներգրավվածությունը քաղաքական,հասարակական և սոցիալական գործընթացներում: Եվրոպական Երիտասարդական Ֆորումը աջակցություն է ստանում և ֆինանսավորվում է Եվրոպայի Խորհրդի, Եվրոպայի Միության կողմից և հանդիսանում է աշխարհի ամենախոշոր և ազդեցիկ երիտասարդական կազմակերպություններից մեկը:
Հայաստանի Երիտասարդության Ազգային Խորհուրդ
Հիմնադրվել է 1997 թ.-ին և միավորում է 60-ից ավելի կազմակերպություններ: Ունի շուրջ 15 թեկնածու անդամ կազմակերպություն: 2004թ.–ից հանդիսանում է Եվրոպական Երիտասարդական Ֆորումի լիիրավ անդամ: Հանդիսանում է հանրապետության խոշորագույն երիտասարդական հասարակական կազմակերպություններից մեկը և պաշտոնապես ներկայացնում է ՀՀ երիտասարդությանը արտերկրում: ՀԵԱԽ-ի անդամ կազմակերպությունների շարքում են ՀՀ-ում գործող տարբեր առաքելություններ ունեցող երիտասարդական կազմակերպություններ, ուսանողական ինքնակառավարման մարմիններ, մի շարք կուսակցությունների երիտասարդական կազմակերպություններ:
Համլետ Օհանյանի կենսագրական տվյալներ
Ծնվել է 1982թ.-ի հունիսի 27-ին քաղաք Երևանում: 1989-1999 սովորել է Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում, այնուհետև բարձրագույն կրթություն է ստացել է Երևանի Պետական Համալսարանի հոգեբանության և փիլիսոփայության ֆակուլտետի հոգեբանության բաժնում: 2000-2008 թթ. աշխատել է տարբեր կազմակերպություններում, որպես գեղարվեստական ղեկավար, արտաքին կապերի բաժնի ղեկավար, հեռուստատեսությունում, «Մալաթիա» բժշկական կենտրոնում` որպես հոգեբան, ինչպես նաև, դասավանդել է որպես հոգեբանության և փիլիսոփայության դասախոս:
Հանդիսանում է ՀԵԱԽ գլխավոր քարտուղար, “Youth Breath” ՀԿ-ի հիմնադիր, արտաքին կապերի պատասխանատու, այնուհետև փոխնախագահ, «Հայաստանի Ուսանողական Ֆորում» –ի հիմնադիր, մասնակցել է մի շարք տեղական և միջազգային միջոցառումների լրիվ տարբեր թեմաներով` մասնավորապես «Երիտասարդությունը Դեպի Մասնակցություն», «Աֆրիկա–Եվրոպա Միջազգային Գագաթաժողով», «Արևելյան Եվրոպայի Ազգային Խորհուրդների և Երիտասարդության Նախարարությունների Հանդիպում», «Երիտասարդական Քաղաքականություն, Հանրային Կապեր և Շարժունակություն», «Կամուրջներ Ազատ Երկրների Միջև» և այլ միջոցառումների: Ամուսնացած չէ: Անկուսակցական է: