Ա. Ս. Պուշկին
ՁՄԵՌՎԱ ԻՐԻԿՈՒՆԸ
Հողմը մեգով երկինքն առնում,
Գալարում է բուքը ձյան,
Մին՝ մանկան պես լաց է լինում,
Մին՝ ոռնում է զերթ գազան.
Մին՝ վայրենի սուլում պես-պես,
Աղմըկում է տանիքում,
Մին՝ ուշացած ճամփորդ, ասես՝
Լուսամուտն է նա թակում:
Մեր խրճիթը, աղքատ ու հին,
Ե՜վ մըթին է, և՜տխուր.
Ի՞նչ ես նըստել պատի տակին,
Իմ պառա՜վս, էդպես լուռ:
Հոգնե՞լ ես դու փոթորիկի
Ոռնոցներից խելագար,
Թե՞ նիրհում ես քո իլիկի
Բըզզոգի տակ միալար:
Արի խըմե՜նք, բարի՜ ընկեր
Իմ սև, ջահել օրերի,
Խըմենք դարդից, բաժակըդ բե՜ր,
Սիրտներըս բաց կլինի:
Երգի՜ր, ոնց էր ապրում խաղաղ
Հավքը ծովի էն ափին,
Երգի՜ր, ոնց էր աղջիկը վաղ
Ջուրը գնում մինչ արփին:
Հողմը մեգով երկինքն առնում,
Գալարում է բուքը ձյան,
Մին՝ մանկան պես լաց է լինում,
Մին՝ ոռնում է զերթ գազան:
Արի խըմե՜նք, բարի՜ ընկեր
Իմ սև, ջահել օրերի,
Խըմենք դարդից, բաժակըդ բե՜ր,
Սիրտներըս բաց կլինի:
|