***
Էսօր մանկությանս հիշողություններն ինձ այցի էին եկել: Երևի քնած էի ու երազ էի տեսնում, չնայած նորմալ մարդիկ աչքերը բաց երազ չեն տեսնում:
*** Վազում եմ լողավազանի չորս կողմը: Ինչու՞: Երկու տարեկան երեխաները սովորաբար առանց լուրջ նպատակի էլ կարող են վազել, բայց այս անգամ ես նպատակ ունեմ: ՈՒզում եմ անցնել իմ սեփական շողքին, իսկ նա՝ այդ անպիտանը, ինձնից արագ է վազում: Ես այդպես խաղալ չեմ ուզում, բայց վազում եմ: Արագ, ավելի արագ ու... ընկնում եմ: Սկսում եմ թնկթնկալ: Բոլորը մոտ են վազում, կարծելով, որ ձեռքս կամ ոտքս եմ վնասել: Սկսում են ինձ հանգստացնել, ասելով, որ ցավը կանցնի: ՈՒ չեն հասկանում, որ ամենևին էլ դրա պատճառով չէ, որ լաց եմ լինում: Առաջին անգամ պարտվել եմ: Դառն է: Պիտի մարսել, երևի: Իրավիճակի անծանոթության պատճառով չգիտեմ, թե ինձ ոնց պետք է պահեմ: Վեր եմ կենում, որ նորից վազեմ, մեծերը վրաս բարկանում են, ստիպված նստում եմ: Փաստորեն, նույնիսկ ռևանշի հույս չի թողնում: Իսկ շողքս նստում է կողքիս, ու նրա դեմքին նկատում եմ ինձ ավելի բարկացնող քմծիծաղ:
***Բակում մի մեծ մեքենա էր կանգնած՝ Խաչոենց ԶԻԼ - ը: Մինչև վերջերս չէի էլ հասկանում, թե ինչ է նշանակում հապավումը: Բայց դե ամեն դեպքում, ԶԻԼ - ը կանգնած էր բակում: Եղբայրս ու երկու ընկերներն ավելի ճարպիկ էին ինձնից: Հետևաբար ես ավելի հաճախ մնում էի ԶԻԼ - ի ներքևում, մինչդեռ նրանք խաղում էին վերևում: Զրկված էի նրանց հետ խաղալու հնարավորությունից: Գիտեի, թե ինչ է նշանակում պարտությունը, բայց զգում էի նաև, որ պետք է լինի դրա հակառակ երևույթը, որը հետագայում հաղթանակ կոչվեց: Չգիտեի, բայց զգում էի: Դրեցի մի ոտքս, երկու ձեռքով պինդ բռնվեցի ու ձգվեցի վեր: Չստացվեց: Ձեռքերս հոգնում էին, իսկ վերևից տղաներն էին ծաղրում: Եվս մեկ անգամ... Ըհը... այս անգամ ոնց որ ավելի հաջող էր: Պետք է շունչ քաշել ու մի քիչ էլ բարձրանալ, այնուհետև ոտքը գցել այն կողմ, հիմա էլ մյուսը ու... վերջ! վերևում եմ! Զարմացել եմ. Իրենք էլ: Նույնիսկ շողքս է զարմացել ու չարացել է: Ես ցնծում եմ ու խաղում եմ աշխարհի ամենալավ խաղերը ամենալավ տեղում ու ամենալավ մարդկանց հետ: Շողքս չի խաղում: Դարան է մտել ու նախանձից պայթում է: Մեկ էլ ինչ-որ բան մտածեց, քմծիծաղ տվեց ու ինձնից արաջ ընկավ: ՈՒզում է ԶԻԼ - ի բեռնախցիկից անցնել առաջ ու ցած իջնել: Դե ինչ, հաղթանակ կոչվածը դուրս շատ է եկել, ու ես էլ եմ իջնում: Շողքն ավելի ճարպիկ է, որովհետև ինձնից ահագին բոյով է: Ինքն արդեն համարյա հասել է գետնին, իսկ ես դեռ չեմ էլ սկսել իջնելը: Ոտքս մի քիչ ցած դրեցի; Քանի որ հազիվ 3 տարեկան էի, չգիտեի, որ ապակու վրա ոտքս չի մնա: Սայթաքեցի ու մի պահ փորձում էի բռնել օդը: Բայց, չգիտեմ ինչու, հայտնվեցի գետնին՝ հորիզոնական դիրքով: Տղաները մոտ վազեցին, իսկ ես ճակատիս մոտ զգացի ինչ-որ թաց բան: Գլուխս մի քիչ բարձրացրի ու տեսա, որ շողքիս վրա եմ պառկած: ՈՒ գլխիս տակ կարմիր է: Մուգ ու թաց կարմիր: Աչքերս փակեցի: Այս անգամ ոչ-ոքի էր: Իսկ գլուխս ցավում էր: Ինձ տուն բարձրացրին: Մայրս ( զարմանալի է, բայց փաստ ) չբարկացավ, այլ սկսեց լաց լինել: Հետո ինձ դրեցին մեքենան ու տարան մի մեծ շենք, որտեղ բոլորը սպիտակ խալաթներով էին: Ես քնեցի, իսկ երբ արթնացա, պատմեցին, որ գլուխս մծ ասեղով կարել են: Տղաները դրանից հետո ինձ հարգանքով էին նայում: Շողքին մի քանի որ չտեսա, որովհետև հիվանդանոցում արհեստական լույս էր, իսկ ինքը դրանից վախենում էր:
***Երեկոները շողքս ավելի էր երկարում, բայց հենց արևը մայր էր մտնում, ինքն էլ եր փախնում: Հեծանիվ էինք քշում: Իմը նոր էր: "Орленек" ֆիրմայի: Կարմիր! Չորս ամյակիս էին նվիրել: Ես ու եղբայրս քշում էինք այդ երկար փողոցում, իսկ ծնողներս նայում էին պատուհանից: Գլխիս վերքը լավացել էր, բայց այդ տեղում մազերը դեռ նորմալ չէին աճում (մինչև հիմա էլ եդտեղ ցանցառ է

), այս ու այն կողմ էին ցցված: Շողքս հետևում էր ինձ: Ինքն էլ էր քշում: Մեքենա էր գալիս, մայրս կանչեց, որ մի կողմ գնանք: Մեքենան կանգնեց հենց մեր դիմաց: Դուրս եկավ մի մարդ՝ լրիվ շև շորերով ու անբնականորեն սպիտակ մազերով: Մտավ մեր շենք, ու ես զգացի, որ մեր տուն է գնում: Մայրս պատշգամբից տուն մտավ, ու շողքս վազեց տուն: Տանը տեսա մորս գունատ դեմքն ու արցունքոտ աչքերը: Հաջորդ երկու օրերը տագնապալի ու անհասկանալի էին: Մայրս ու հայրս տանը չէին, ինձ ու եղբորս մեծ քույրս ու եղբայրս էին պահում (եթե, իհարկե, կարելի է իրենց մեծ ասել. մենք 4-5 տարեկան էինք, իրենք 12-13): Հարևաններն ասում էին, որ տատիկն է մահացել: ՈՒ ես մտածեցի, որ մահն այն սև շորեր հագած մարդն է, ու որ մահը մորս արցունքներն են ու անշարժ պառկած տատիկը: ՈՒ որ դա քաղցր ձմերուկ է ու մի քանի գիշեր առանց մոր: ու որ մահը շողքի հետ պատերազմի ավարտն է... կամ գոնե զինադադարը:
Իսկ շողքն ի"նչ էր մտածում...