լուսնագույն կարոտից մոխրացած գայլը
Բոլորը շրջանցում էին: Ուզում էր, որ գոնե որևէ մեկն իրեն հրի: Պատահաբար: Կամ դիտմամբ: Բազմությունը շրջանցում էր փակ աչքերով անծանոթ իրը: Բազմությունը վախենում էր:
/Չմատնե’ս:
Արդարության`
փափուկ պատերով սենյակում իրեն ապարդյուն պատեպատ զարկող <գժի>,
միայն իրեն հայտնի լուսնագույն կարոտից մոխրացած գայլի,
երկրային Սիրուց հրաժարված ու հոգևարային զառանցանքում այն գրեթե վերգտած ճգնավորի հուսահատ վայնասուն:
Լեթարգիա: Սարսափ: Լեթարգիա: Մոլուցք:
Մոլուցք: Լեթարգիա:/
Մի պահ քարացավ իր թափանցիկության ողջ անհեթեթությունը զգալով: Մրսեց: Հիշեց, որ կան հայելիներ, որոնք անթափանց են: Ինչ-որ մեկը հրեց: Ընկավ: Ինչ-որ մեկի դեմքին ժպիտ հայտնվեց, ինչ-որ մեկի կիսադեմին` մտահոգություն: Երկուսն էլ անիմաստ էին:
Փոքրիկ ինչ-որ մեկը երկար նայեց կուչ եկած փակ աչքերով ընկած անծանոթ իրին, հետո որոշեց ոտքով խփել: Խփեց: Անշարժ էր: Անտարբերությունն արդեն ավարտում էր իր քայքայիչ գործունեությունը` հոգու հետ հարցերը լուծելով ու նրբահամակ էս ավարից հղփացած` կոռոզիան անշտապ մարմինն էր խժռում:
Նրանց կողքով անշտապ անցավ կաղ ծերուկը` ձեռքին մի անհասկանալի անձև սարք` երկու հաստ ու մի բարակ սլաքներով, շրջանաձև դասավորված նշաններով: Ինչ-որ տեղից անընդհատ հայտնվող փոքրիկ ինչ-ու մեկերը հերթով մոտենում ու ոտքով խփում էին փակ աչքերով անծանոթ իրին: Նորից նույն տեղով, բայց ոչ հակառակ ուղղությամբ, ինչպես սովորաբար ֆիլմերում ա լինում, անցավ կաղ ծերուկը:
Մեծ ինչ որ մեկերը միացան փոքրերին: Ինչ-որ մեկը խոսեց, որ անծանոթ իրի մարմնից ինչ-որ հեղուկ ա դուրս գալիս` դեմքից, որ գույնով շատ նման ա գույնի: Ոչ ոք չզարմացավ, որովհետև ոչ ոք չգիտեր` ինչ է գույնը:
/Պատ: Ժանտախտ: Ժանտախտ: Ժանտախտ: Անշարժության հևքը դադարեց: Անշարժության հևքը
սպասիր
Օտար ու վախեցած երկինքը, երկրաչափական տարբեր գունավոր մարմինների ձև առած, սկսեց անհամաչափ թափվել: Թափվեց:
Բազմությունը մասնատվեց ու փշրվելով` անէացավ նույն ուղղությամբ:/
Անծանոթ իրի կողքը կանգնած մնացել էր մի փոքր ինչ-որ մեկ: Հայացքի հանգստության միջի մետաղե գնդիկներն իրարից հեռացան: Մոտեցավ ու ոտքով խփեց: Անսպասելիության հպումից անծանոթ իրը շրջվեց: Փոքրիկ ինչ-որ մեկի վայրի անտարբեր վախը կերպարանափոխվեց ձայնամարմնավորվեց ու հերթական անվերականգնելի ճեղքը բացեց արդեն իսկ ծվեն-ծվեն լռության մեջ: Անծանոթ իրի աչքերը բաց էին:
__________________
animula vagula blandula
|