Balu
Join Date: 03 2002
Location: Yerevan
Posts: 211
Rep Power: 0
|
Աղավնին
Աղավնին
Սաթո քուրիկը ստուգեց թոնրի վրա դրված պղնձի ջերմությունը և համոզվելով, որ արդեն ջուրը եռման է, սկսեց նախապատրաստվել լողանալու: Մետաղյա մեծ տաշտակը տեղավորեց թոնրատան թմբին, մոտիկ բերեց սառը ջրով դույլը, խառնորդ սարքելու համար, կողքին դրեց սանրը, օճառը, ջուր լցնելու թասը, նորից մտորեց, որ ոչինչ չի մոռացել: Համոզվելով, որ ամեն ինչ տեղում է, թոնրատան դուռը ներսից կողպեց ու անշտապ սկսեց հանվել:
Միջօրե է: Արտոն՝ 10 տարեկան տղան իր գործերով է ընկերների հետ: Չնայած քիչ հավանական է, որ որևէ մեկը կմտնի այս ժամին, համենայն դեպս առանց դուռը կողպելու լողանալ չի կարելի: Բա որ մեկն ու մեկը հանկարծ ներս մտնի՞, աղ կամ լուցկի խնդրելու:
Շորերը շատ չեն: Ամառանը ինչ կարիք կա շատ շորեր հագնելու: Իսկ թոնրատանը առանց այն էլ շոգ է: Սաթո քուրիկը, կարծես ինչ որ հատուկ բավականություն զգալով, դանդաղ, մեկիկ-մեկիկ հանեց շորերը ու խնամքով դարսեց կողքին դրված ուռի ճյուղերից հյուսած սինու՝ սալայի վրա, մի անորոշ ափսոսանքով շոյեց սպիտակ ու հարթ մաշկը, հոգոց հանեց, մտքում նորից հայհոյեց "էն գյոռբագյոռ" Հիլլերին, որ իր մարթու գլուխը կերավ, թողեց որբևայրի, իսկ էն երեխուն որբ ու անհեր:
Խառնուրդը մի քիչ տաք է, դիմանալ չի լինի: Երեսունն անց կինը մի քիչ սառը ջուր ավելացրեց պղնձի ջրին, նորից ստուգեց: Հիմա լավ է:
Տաք ջուրը թասով լցնելով մինչև գոտկատեղը հասնող արձակած փարթամ մազերին, օճառեց ու սկսեց լվանալ: Սեփական մարմնի հետ շփումը հաճելի հիշողություններ արթնացրին նրա մեջ ու նորից ստիպեցեին անեցքներ տեղալ իրեն անմարդ թողնողների հասցեին:
Հանկարծ դրսից լսվող աղմուկը Սաթո քուրիկին հանեց երանելի հուշերի գրկից ու ստիպեց ընդհատել մարմնահաճո զբաղմունքը: Ինչ որ մեկը թափով կպավ փակ դռանը: Հետո հրմշտոց ու երեխայական լացի ձայն:
- Վայ քոռանամ, Արտոս է լացում: Էս ի՞նչ բան է: Հըլը կեցի:
Ու թխսամոր նման, երեխային պաշտպանելու բնազդով ինքն իրեն դուրս քցեց:
Դռան դեմը կծիկ դառած թավալվում էին Արտոն ու հարևանի նույնահասակ տղան՝ Մկիչը: Արտոն ծոցումը պահել էր Մկիչից թռցրած աղավնին ու պաշտպանվում էր, իսկ Մկիչը կատաղած ծեծում էր նրան ու հայհում:
- Ես քու մարիկը ..., տուր տոխս: Կոխցել ես հա՞: Հիմի սատկեսնեմ, ես քու մարիկը...
- Ծո կեցի աշեմ ինչի՞ կծեծես մատմ անասունիս, ծո շան լակոտ, ինչի՞ մար կը քըրֆես:
Վերջապես հաջողվում ե կծիկը քանդել ու ծեծկռտվող պատանիներին իրարց բաժանել:
- Սաթո քուրիկ, էս մերա...ծը տոխս փախցուցել է, չի տա: Ես էտոր մարիկը... , արդարանում է հևասպառ Մկիչը:
Ստեղծված դադարի ընթացքում երկու ախոյաններն էլ հանկարծ հայացքները բարձրացնելով նկատում են իրենց բաժանող կնոջ մերկությունը: Ուշացումով ստեղծված վիճակը ընկալում է նաև հաշտարարը, բաց է թողնում տղաների ձեռքերը ու փախչում դեպի ներս:
- Վու, քա խայտառակ էղանք, շան լակոտներուն քով:
Բայց մինչև իր մերկություն կթաքցներ թոնրատանը, գործը այլ ընթացք ստացավ: Արտոն տեսնելով իր մոր մերկությունը, և որ ավելի կարևոր է, այդ մերկության ականատեսն էր իրեն ծեծող Մկիչը, կատաղորեն հարձակվեց նրա վրա.
- Ծո ես քու մարիկը ... , ծո դու իմ մորը չփլաղ տեսար, ծո հիմի ես քեզի սըպանեմ տի...
Բարդ երկընտրանքի առաջ չգիտեր ինչ անել խեղճ Սաթոն: Մի կողմից տղաների դեմ մորեմերկ լինելու ամոթը, մյուս կողմից նորելուկ աքլորների նման իրար կպած, ծեծկռտվող երեխաները: Լացը, ծիծաղը և անելանելիության զգացմունքը միախառնվել էին նրա մեջ:
- Ծո շան փերածներ, ծեծեցեք իրար իշկան կուզեք: Գեղին մեչը խոմ խայտառակ չը ըլլիմ տի:
Սրբելով լացի թե ծիծաղի արցունքները, Սաթո քուրիկը թողեց կռվարար պատանիներին ու շտապեց ներս, սրբվելու ու հագնվելու:
Տղաները իրար երես նայեցին, ամաչելով եղածից ու ուշացումով նկատեցին, որ կռվախնձորը՝ սպիտակ աղավնին, օգտվելով իրարանցումից թռել, գնացել էր:
|