Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների եւ ԵԱՀԿ-ի Երևանյան գրասենյակի ղեկավարի միջնորդությամբ Գերմանիայի Դաշնությունից եւ Դանիայի Թագավորությունից հրավիրվել են փորձագետներ, որոնց մասնակցությամբ 2007 թվականի մայիսի 19-ին տեղի է ունեցել Լ. Գուլյանի դիակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք վկաներ, նշանակվել են դատաբժշկական և դատաբժշկական հանձնաժողովային, դատակենսաբանական, դատահետքաբանական, մատնադրոշմային, դատաքիմիական–մանրաթելային համալիր փորձաքննություններ:
Ստացվել են մատնադրոշմային եւ Լ.Գուլյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները:
Լ. Գուլյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ վերջինիս մահը պայմանավորված է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներով, որոնք էլ հետեւանք են համակցված՝ գանգուղեղային բաց, կրծքավանդակի եւ ողնաշարի փակ, բութ վնասվածքներով: Լ.Գուլյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերված վնասվածքներն իրենց բնույթով եւ տեղակայմամբ բնորոշ են բարձրությունից /շուրջ 7 մետր/ վայր ընկնելուն, անկման ընթացքում այլ արգելքներին, իսկ հետագայում նաեւ բութ կարծր մակերես ունեցող ծածկույթին, այդ թվում ասֆալտապատ գրունտին համահարվածվելուն: Լ. Գուլյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հետմահու վնասվածքներ չեն հայտնաբերվել:
Նախաքննությունը շարունակվում է, մյուս փորձաքննությունների եզրակացությունները դեռեւս չեն ստացվել:
Արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
http://www.genproc.am/main/am/50/2145/