Moderator
Join Date: 10 2001
Location: Yerevan
Posts: 5,466
Rep Power: 6
|
Уроки истории ...
Quote:
Եկեղեցին՝ 17-րդ դարասկզբի հայոց Մեծ ողբերգության գլխավոր մեղավոր
«Նա (կաթողիկոս Մելքիսեթը -Ս.Մ.) շահին բերեց հայոց աշխարհը, ամբողջ երկիրը ավերեց, ծագեծագ անմարդաբնակ դարձրեց» (Առաքել Դավրիժեցի)
«- Օ՜, կնատարազ այրերի ոխի՛ց վախեցեք կյանքում եւ սարսափեցեք նրանց վրեժի՜ց անբեկանելի:
… Նրանց շնչից դեռ օդը պիտի լցվի սարսուռով, ու հողն ունենա երկրաշարժային գլխապտույտներ…
Օ՜, կնատարազ այրերի քենի՛ց դողացեք անվերջ եւ սահմռկեցեք վրեժի՜ց նրանց…» (Պ. Սեւակ)
Ո՞ր հայի հոգում ողբերգական դաջվածք չի թողել տակավին մանուկ հասակից սերտած Թումանյանի «Թագավորն ու Չարչին». «Հետեւը սո՜ւր, առաջը ջո՜ւր», - որքա՜ն անգամ է հայը կրկնել պոեմի այս տողերը ու անիծել չարչի թագավորին, ասել է թե, իրական իմաստով՝ Շահ-Աբասին: Ամենայն հայոց գրողի պոեմի այս հարուցածը Հայի մեջ է’լ ավելի է ամրապնդվել 19-20-րդ դդ. հայ պատմագրությամբ, որի իշխող գիծը նույնպես այն է, որ Շահ-Աբասը եկավ - հայերին առաջը գըցեց-քշեց Պարսկաստան, հային այդպես բնավեր դարձրեց, Հայաստանը հայից դատարկեց:
Սակայն, պարզվում է, բուն պատմական իրականությունը այլ ծալքեր էլ ունի, որոնք միտումնորեն կամ անմտորեն մնացել են չբացահայտված, զի Հայաստանում հնուց ի վեր գործող ինչ-որ մութ ուժեր կան, որոնց որոշ փաստեր ամենեւին էլ ձեռնտու չեն:
17-րդ դ. սկզբին Հայստանի հետ պատահած չարաղետի մասին, որն իր ընդգրկումով թերեւս համեմատելի է միայն 301-ինի հետ, իմանում ենք նույն դարի հայ պատմիչ Առաքել Դավրիժեցու «Պատմություն»-ից: Այս գրքում, պարզվում է, հայոց տարհանումի եւ դրա հետ կապված բազում այլ ողբերգությունների պատճառների մասին եթե ոչ սկզբունքորեն այլ, ապա գոնե բավականաչափ տարբերվող պատկերացում ենք տեսնում, քան այն, որը (որքան էլ զարմանալի է, հենց Դավրիժեցու «Պատմության» հիման վրա ձեւավորված) մենք իմացել ենք: Այն իմաստով, որ պատմիչի՝ եկեղեցական կրթություն ստանալն ու Էջմիածնին միաբան լինելը նրան չի խոչընդոտել իրեն հարազատ եկեղեցու գլխավոր դեմքերի մատն էլ խառը տեսնել հայոց վրա եկած չարաղետի մեջ:
Դավրիժեցու «Պատմությունից» իմանում ենք, որ 17-րդ դ. սկզբին Էջմիածինը միանգամից երկու կաթողիկոս է ունենում՝ Դավիթին ու Մելքիսեթին (սրանցից առաջինը տեղի տալով երկրորդի՝ կաթողիկոս լինելու բուռն ցանկություններին, ու նրանից «ինչքեր» կաշառք վերցնելով՝ նրան օծում է երկրորդ կաթողիկոսը, - զավեշտալի է չէ՞…). թե մինչ այդ «ծախսողը մեկն էր, հիմա դարձան երկուսը», - ասում է պատմիչը: Այդ ժամանակներում Հայաստանը իր մեծ մասով գտնվելիս է լինում Օսմանյան Թուրքիայի հպատակության տակ: Կաթողիկոսները չբավարարվելով եկեղեցու անբավ հարստություններից՝ «պարտք են վերցնում» օսմանցիներից. հանգամանք, որն ասում է այն մասին, որ այդ ժամանակներում եկեղեցու եւ օսմանյան դռան հարաբերությունները բնավ էլ անտանելի չեն եղել: Այն, որ վերցրած պարտքը հսկայական է լինում, եւ դա հենց պարտք է լինում, եւ ոչ թե ասենք հարկ՝ վկայում է պատմիչի՝ Շահ-Աբասի բերանով ասած հետեւյալ արտահայտությունը. «Ձեզ մոտ են գտնվում օսմանցիների շատ գանձեր, որոնք դուք նրանցից եք պարտք առել», - ասում է արքան պարտատուներին (այս եւ այսուհետ ընդգծ. իմն են): «Պատմության» մեկ այլ էջում պատմիչը ասում է, որ կաթողիկոսների վերցրած պարտքը վերջ ի վերջո մի ահռելի չափի՝ «50 հազար ղուռուշի» է հասնում. «Արդ՝ թե նրանց ծախսելուց, թե ժամանակի հարկապահանջությունից, եւ թե այլ ինչ պատճառից, այնուամենայնիվ նրանց ձեռքով պարտքը չստացավ, բարդվեց, դիզվեց Սուրբ Էջմիածնի աթոռի վրա. ասում են, թե պարտքը մինչեւ հիսուն հազար ղուռուշի հասավ», -ասում է պատմիչը: Իհարկե, շարունակում է Դավրիժեցին, «պարտք տվողները գալիս պահանջում էին իրենց տված պարտքը», ինչպես նաեւ՝ «թագավորական ու իշխանական հարկահանները գալիս պահանջում էին արքունի (դիմոսական) հարկերը», բայց կաթողիկոսները չքավորության պատճառով ոչինչ չունեին, որպեսզի վճարեին»: Ասվածից պարզ է՝ կաթողիկոսները ոչ միայն վերցրած պարտքերը չէին վերադարձնում, այլեւ ժողովրդից՝ օսմանյան Դռան համար հավաքված հարկերը տեղ չէին հասցնում՝ այդպես օսմանցիներին գրգռելով թե՛ իրենց դեմ, թե՛ հեգ ժողովրդի: Դրա պատճառի՝ պատմիչի տված բացատրությունը՝ որպես թե «կաթողիկոսները չքավորության պատճառով ոչինչ չունեին», որ տային, - իհարկե, չի համապատասխանում իրականությանը, քանզի նրանք, ի վերջո, «բոլոր պարտքերը», այնուամենայնիվ, վերադարձնում են, բայց այս անգամ իրենց նոր տիրոջը՝ Շահ-Աբասին: Ավելին, Շահ-Աբասը զգալի քանակության գումար էլ Սրապիոն անունով նոր կաթողիկոսից է կորզում (պարտատուները իրենց վրայից պարտքը գցելու համար խորամանկորեն կաթողիկոսությունը զիջում են այս մեկին, որը բավականաչափ հարուստ է լինում): Այսինքն՝ պատմիչը ինքն իրեն հակասում է, որի նպատակը, պարզ է, եկեղեցու բուն արատը՝ ընչասիրությունը, հանձին նրա այդ առաջնորդների, հնարավորինս կոծկելն է:
Կաթողիկոսները հանուն իրենց ձեռք բերած հարստության պահպանության մի ծրագիր են կազմում, որն ի վերջո Հայաստանը կործանման է տանում (առայժմ մեծ աղետի պատճառների մասին, հետեւելով պատմիչին, դատենք դեռ այսպես՝ մակերեսորեն, որպես թե այն պայմանավորված էր զուտ անհատական գործոնով): Նրանք որոշում են իրենց պարտատերերից ազատվելու համար «գցել» օսմանցիներին՝ երկիրը դնել պարսկական Դռան տիրապետության տակ, իսկ երկրում ապրողներին Շահ-Աբասի օգնությամբ իրենց բնօրրանից հանել-տանել Պարսկաստան. «Էլ ումի՞ց կուզեք ձեր պարտքերը»,- երեւի իրենք իրենց մեջ մտածել են «աստծո տան» սպասավոր կաթողիկոսները:
Համընկնու՞մ էին արդյոք այդ առումով կաթողիկոսների անձնական շահերը երկրի ընդհանուր շահերին: Իր իսկ՝ Դավրիժեցու «Պատմությամբ» դատելով՝ բնավ ոչ. oսմանյան Թուրքիայի եւ եկեղեցու հարաբերությունները ամենեւին էլ դրամատիկ չէին (եթե այդպիսին լինեին՝ եկեղեցուն մեծաքանակ պարտք չէին տա, իսկ պարտքը չստանալով՝ նրան ըստ ամենայնի կնեղեին): Հայը այդ ժամանակաշրջանում, չնայած գոյություն ունեցող հարկերին, այնուամենայնիվ ապրում էր բարեկեցիկ կյանքով, ինչը տեսնում ու զարմանում է հետագայում հայերին տեղահանելու համար Հայաստան եկած Շահ-Աբասը եւ, ամենակարեւորը, երկրի բուն տերը՝ Հայը, բնավ չէր ցանկանում իր երկիրը լքել - օտար երկիր գնալ («Պատմության» մեջ հիշատակվող՝ մի քանի տանուտերերի ու իշխանների՝ Պարսկաստան գաղթելը դեռեւս հակառակի մասին չի խոսում): Բացի այդ, Շահ-Աբասը ամենեւին էլ չէր մտածել հայերին իր երկիր քշելու մասին, համենայն դեպս այդպես զանգվածաբար, դա նրան հուշեցին կաթողիկոսներն ու մի քանի տանուտեր-իշխանները (իհարկե, «Հայաստան գալը», ինչպես ասում է պատմիչը, եւ Հայաստանը կրկին Պարսկաստանի տիրապետության տակ անցկացնելը վաղօրոք կային Շահ-Աբասի ծրագրերի մեջ): Ուստի եւ, պետք է ասել, հայոց Մեծ գաղթը անմիջականորեն պայմանավորված էր հատկապես կաթողիկոսների ընչասիրության հանգամանքով, իսկ այլ՝ շահագրգիռ կողմերի գործոնը երկրորդական կարգի էր:
Այսպես, ուրեմն, գրում է պատմիչը, կաթողիկոսները «մտածեցին, խորհեցին, որպեսզի գուցե մի հնար գտնվի, որ Կաթողիկոսությունից չզրկվեն, այլ կաթողիկոսությունը մնա իրենց ձեռքում, եւ որեւէ կերպ ազատվեն պարտատերերի ձեռքից: Խորհուրդ արին…, ի կորուստ իրենց եւ ի կործանում եւ տապալում երկրի, ի բնավ ջնջում իրենց ազգի, քանզի որոշեցին իրենց միջեւ արված հաստատությամբ, որպեսզի գնան Սպահան պարսից թագավորի մոտ, որի անունն էր Շահ-Աբաս»: Ստացվում է, հանուն կաթողիկոսների՝ կաթողիկուսությունից չզրկվելու (նկատենք՝ խոսքը կաթողիկոսության վերացման մասին չէ), հանուն կաթողիկոսական ինչքերի ու պարտքը չվերադարձնելու՝ մի ամբողջ երկիր է սկուտեղի վրա մատուցվում Շահ-Աբասին: Իսկ ինչո՞ւ պետք է թագավորը դա չվերցներ: Բայց կաթողիկոսները միամիտ չէին (ինչպես միշտ միամիտ չի եղել իրենց եկեղեցին…), որ իրենց քայլը առանց նախապատրաստելու անեին. այն շահի առաջ որպես թե ժողովրդական պահանջ ներկայացնելու կարիքը կար (խե~ղճ ժողովուրդ, քանի անգամ է եկեղեցին նրա անունից խոսել): Ահա թե ինչու նրանք ի մի են բերում օսմանցիներից դժգոհ երկրի բոլոր տարրերին, եւ սրանց մեջ, հատկապես, իրենց պես օսմանցիներին պարտատու եղողներին: Սրանց կաթողիկոսները համոզում են, որ Պարսկաստանի տիրապետության տակ անցնելը, այդ երկիր գնալ-ապրելը իրավիճակի հրամայական պահանջն է: Արդյունքում՝ «Սրանք, որ ամենքն էլ խիստ չքավոր եւ պարտատուներ էին, մնացել էին ճարահատ», «փախան գնացին Պարսկաստան», ճանապարհ բացելով կաթողիկոսների առջեւ,- գրում է Դավրիժեցին: Դա ասելուց անմիջապես հետո պատմիչը ավելացնում է, որ նրանց՝ Պարսկաստան ճողոպրելու, դրանից ետքը նրանցից շատերի՝ շահի մոտ գնալու մասին «կաթողիկոսները գիտեին». ինչն ասում է այն մասին, որ նրանց մատը խառն է եղել երկիրը լքողների քայլերի նախապատրաստությանը:
Այդ ամենից հետո կաթողիկոսները ելնում-գնում են Պարսկաստան, հասնելուց հետո՝ ներկայանում Շահ-Աբասին: Ասել, թե շահը գլխապատառ է ընդունում Հայաստանի «հոգեւոր առաջնորդների» Հայաստանում՝ որպես թե տեղի ունեցած «խորհրդակցության» վճռի առաջարկը՝ ճիշտ չի լինի: Նա երկար ժամանակ տնտղում է կաթողիկոսներին ու նրանց առաջարկը: Եվ, ի վերջո,- գրում է պատմիչը,- «նրանց սրտերի (ու հայոց աշխարհի - Ս. Մ.) բոլոր գաղտնիքները դուրս քաշելով, նրանց երկրների վերուդիրը եւ իշխանավոր անձանց իմանալով» (Նարեկացին ասել է, «մոռացա ամոթույքս ծածկել»,- հայաստանյայց եկեղեցին որքա~ն անգամներ է այդպես՝ հայ ամոթույքը բացել ու աշխարհին ի տես պահել…), եւ համոզվելով, «որ իրոք նրանց սրտինը այն է, ինչ որ բերանով խոսում են, հրաման տվեց իր զորավարներին զորքը պատրաստել մեկնելու համար: Իսկույն շուտափույթ հրամանը կատարվեց»: Ինչպե՞ս շահը ունկ չդներ «հայի» (երբեմնի իր ցեղակցի ու զինակցի, իր հետ տարածաշրջանում հզորագույն պետություն ունեցողի) «հոգեւոր առաջնորդների» ձայնին, մանավանդ դա իր հոգու խորքերից եկող ձայնն էլ էր…Շահը, ի տարբերություն «անձդ փրկիր»-ով առաջնորդվող կաթողիկոսների ու նրանց պեսների, իր ազգային շահի գիտակցումն ուներ. ինչո՞ւ չօգտվեր բարեպատեհ առիթից ու իր երկիրը չշենացներ ու չամրապնդեր հայ արարող գենով ու մարմնով, ինչպես նա հետագայում իր քայլը բազմիցս արդարացնում է իր հայրենակիցների մոտ:
Այս ամենի արդյունքում, սկսած 1603թ.-ից, տեղի ունեցավ հայոց աննախադեպ (սա հաստատապես կարելի է ասել) տարագրումների շարքը. ամեն անգամ, երբ հայերի հոծ զանգված էր շահը քշում-տանում Պարսկաստան, եւ իմանում, որ էլի հայեր են մնացել երկրում (պատմիչը վկայում է, որ բուն աշխարհական հայը բնավ չէր ցանկանում գաղթվել), վերադառնում էր նրանց էլ տարահանելու: Եվ այսպես անընդհատ, մինչեւ…Պատմիչը վկայում է, որ «այս գործը, այսինքն՝ հայոց ազգին քշել-տանելը, ոչ թե մի կամ երկու, կամ երեք անգամ արեց եւ դադարեց, այլ հավաստի գտա շատ մարդիկ, որոնք իրենք իսկ քշված էին, որոնց հարցնելով տեղեկացա նաեւ ձեռագրերի հիշատակարաններից, որոնք կարդացի, (իմացա), որ յոթից-ութ անգամ» առանձին-առանձին միմյանց հետեւից քշել-տարել է»: Ընդ որում, շահը հայերին քշել-տանելով՝ այրել ու ավերել է տալիս հայերի տները, դրանցում եղած-չեղածը՝ նպատակ հետապնդելով մի կողմից հայերի մեջ մեռցնել հետդարձի ամեն մի հույս, եւ մյուս կողմից օսմանցիներին զրկել տնտեսական ու կենցաղային ապավենից:
Ի հետեւանք այս ամենի՝ ահա թե ինչպիսի սահմռկեցուցիչ պատկեր է նկարագրում պատմիչը. «Այս ամենը մենք լսելով ու գրելով՝ ճմլվում է մեր սիրտը, գալարվում են մեր որովայնի աղիները… Եվ չենք կարողանում այստեղ (իմանալ), թե ի՞նչ օրինակով կամ ի՞նչ ձեւով ողբեր ըսկսելով ողբանք մեր ազգի եւ երկրի խորտակման վրա, ի՞նչ պատճառով ելավ մահաբեր հրամանը երկրորդ Սաբյուռոսի բերանից…, որովհետեւ միանգամից անմարդաբնակ դարձրեց ամեն ինչով լի ու հուռթի աշխարհս Հայոց, որովհետեւ տարագրելիս ոչ թե մեկ կամ երկու գավառ քշեց Պարսկաստան, այլ շատ գավառներ (այդուհետ պատմիչը թվարկում է այդ ժամանակների գրեթե ողջ Հայստանը կազմող գավառների անունները-Ս.Մ.): Արդ՝ …շահը հայոց վայելչատես աշխարհը ավերակ ու անմարդաբնակ դարձրեց … Եվ սրա (Հայոց աշխարհի) այլ ամեն վայելչությունները տեսնելով, հեղձամուղձ լինելով փղձկում եմ եւ արտասվելով, ողբում ու կսկծում եմ, որովհետեւ անապատ եղավ մեր վայելուչ ու քաղցր երկիրը: Եվ մեր հայրենի ու բնիկ ժառանգություններից, օրհնված երկրից … եղան վտարանդի ու տարագրված օտար երկիր, այլացեղ եւ այլալեզու ազգերի մոտ…»:
Հանուն ճշմարտության պետք է նկատել նաեւ, որ իր երկրում շահը հայերի նկատմամբ ըստ ամենայնի սիրալից վերաբերմունք է ցույց տալիս, ինչպես վկայում է պատմիչը: Բայց դա միթե՞ կամոքեր հայրենակորույս ու հայրենակարոտ հայերին, մոռացության մատնել կտար նրանց՝ գաղթի ճանապարհներին անասելի տեսածներն ու ապրածները:
Հարկ է նշել, որ չնայած պարսից դռան՝ հայերի նկատմամբ ցուցաբերած սիրաշահելու քաղաքականությանը, ինչպես նաեւ հետդարձի վտանգավորության գիտակցումին (շա~տ «կամուրջներ» էին այրվել), - հայերը միշտ հայրենիք վերադառնալու ցանկությունն են ունեցել: Շատ բան ասող է, այս առումով, պատմիչի այն վկայությունը, որ շահի այն հարցին, թե «ինչո՞ւ հայերը ջերմ ու հոժար չեն մնալու Սպահանի երկրում, քանի որ շեն երկիր է եւ թիկունքային, իսկ Հայաստան աշխարհը սահման է ու թշնամու բերան, միշտ ավար ու գերություն». հայերը պատասխանում են, «թե հայոց աշխարհում ամեն բարիքներ, լիություն է, առատություն ու էժանություն, իսկ այստեղ սուղ է ու թանկություն: Այնտեղ են իրենց հայրերի ու նախնիների գերեզմանները»: Այնուհետեւ պատմիչը ավելացնում է, սա էլ կարեւորենք, որ «այս խոսքերը (Շահին-Ս.Մ.) ասել են ոչ միայն տգետ ու աննշան ոմանք, այլ նշանավորներ ու գիտուններ»: Այս ամեն պատահելիքը մտովի անշուշտ կռահելով՝ կաթողիկոսները ու նրանց պեսները, ինչպե՞ս, ի՞նչ խղճով էին շահին ներկայացնում, թե Պարսկաստան գաղթվելու իրենց վճիռը ժողովրդական վճիռ է…
Տեղափոխվենք Հայաստանի այն հատվածը, որտեղ Շահ-Աբասը չմտավ (եւ, հետեւաբար, չկարողացավ այդտեղի հայերին հավաքել-քշել Պարսկաստան), եւ որը մնաց օսմանյան Թուրքիայի վերահսկողության տակ: Այստեղ էլ հայի գլխին եկածն իմանում ենք Դավրիժեցու «Պատմությունից», ոչ պակաս չարաղետ էր, քան մյուս հատվածինը: Բայց դա եւս պայմանավորված էր, հիմք է տալիս ասելու այդ «Պատմությունը», Շահ-Աբասին Հայաստան բերելով. Հայաստանի օսմանյան մասի քրդացեղ ավազակաբարո վաչկատուները՝ ջալալիները օգտվելով օսմանյան թուրքերի՝ իրենց հիմնական ուժերը Պարսկաստանի դեմ ուղղելու հանգամանքից (կամ էլ, պարզապես, նրանց կողմից համաձայնություն ստանալով, որպիսին տեղի ունեցավ նաեւ դարեր անց՝ 1915թ.-ին…)՝ ազատություն տալով իրենց ավազակաբարո ու գիշատչական կրքերին՝ գերեվարում են, գողանում ու թալանում: Հայի՝ իր բնօրրանում ապրելը, իր հող ու ջրում վար ու ցանքս անելը դառնում է անհնար: «Քարից հաց քամող» հայը սովի է մատնվում: «Նրանք, որ մնացին Հայաստանի միջնաշխարհում (նկատի է առնվում Հայաստանի օսմանյան հատվածը-Ս. Մ.),- գրում է պատմիչը, - հաց չլինելու պատճառով սկսեցին ուտել կենդանիներ: Երբ ուտելի կենդանիները սպառվեցին, անցան անմաքուր կենդանիներին՝ ձի, ջորի, էշ…, մինչեւ իսկ շուն, կատու եւ այլ ինչ, որ ձեռք էր ընկնում: Իսկ երբ սովն էլ ավելի սաստկացավ, սկսեցին մեռածներին ուտել, այլեւս չէին թաղում, այլ ուտում էին, որովհետեւ երկրում սովը սաստկացել էր: Եվ շատերը շատ տեղերում կենդանի (օտարական-Ս.Մ.) մարդկանց բռնում ուտում էին»: Բայց ամենասահմռկեցուցիչն էլ էր պատահում. «Եվ ոչ միայն օտար մարդ էին ուտում, այլեւ տղամարդիկ ու կանայք իրենց զավակներին էին կերել: Ինչպես լսեցինք: Սեբաստիայի գավառում ոմանք կերել են իրենց զավակներին»: Կենդանական աշխարհից անհամեմատ բարձր գտնվող մարդու հայ տեսակի մեջ առաջանում է «մարդու» մի տեսակ, որին ժամանակակիցները «մարդագայլ» անվանումն են տվել. «Ուտելով մեռածներին՝ սովորեցին նաեւ ուտել կենդանի մարդ, որին (մարդ ուտողին) մարդագայլ էին ասում», - պատմում է պատմիչը: Ահա թե ի~նչ օրը գցեց հային հայի «գոյատեւման երաշխավոր»՝ համարվող եկեղեցին իր այդ ժամանակների առաջնորդների գլխավորությամբ (հակառակում համոզվածները, որոնք մեր շուրջը լիքն են, թող հեթանոսական Հայաստանի պատմությունից նման զարհուրելի փաստի օրինակ բերեն…):
Նույն՝ օսմանյան հատվածի մյուս հայերը ուրիշ կերպ էին փորձում լուծել իրենց գոյատեւման խնդիրը. «Արդ՝ թե այս պատճառով (նկատի է առնվում «հայոց ազգից ոմանց» կողմից, դրանց «կամքով ու մատով»՝ հայոց աշխարհը կործանումը), թե նախապես ասված մեծ սովի ու ջալալիների պատճառով հայոց ողջ ազգը ելավ, դարձավ վտարանդի իր տեղերից, հայրենի բնակավայրերից ու երկրներից եւ գլուխ առած իր երեսի ուղղությամբ ցիրուցան լինելով սփռվեց ամբողջ աշխարհում՝ Կիպրոս, Կոստանդնուպոլիս եւ սրա շուրջ եղած քաղաքներում, Ուռումելի (Բալկեններ-Ս.Մ.), Բողդան (Մոլդովա-Ս.Մ.), Իլախների երկիրը (Լեհաստան-Ս.Մ.), Կաֆայի կղզին (Ղրիմ-Ս.Մ), Պոնդոսի (Սև ծովի-Ս.Մ.) ծովեզրերը: Այլեւ շատերը Ատրպատական երկիրը, Երեւան, Գանձակ, Թավրիզ, Արտաբիլ եւ սրանց շրջակա գավառները, մեկ այլ տեղ ավելացվում է նաեւ Թրակիան ու Մակեդոնիան-Ս.Մ.),- լաց ու կոծով գրում է Դավրիժեցին:
Պատմիչը պատմում է, որ խաղաղ ու իրենց ձեռք բերած հարստությամբ ուրախանալու կյանքով ապրել չվիճակվեց նաեւ կաթողիկոսներին՝ Շահ-Աբասին որպես պատուհաս Հայաստան բերողներին: Շահը նրանց ձեռքից խլում է թե՛ այն պարտքերը, որոնք նրանք վերցրել էին օսմանցիներից, եւ թե՛ այն հարկերը, որոնք նրանք պետք է տային օսմանյան Դռանը: Եվ դա՝ նոր տիրոջ իրավունքով: Ավելին, թագավորը կաթողիկոսներից մեկին՝ Մելիքսեթին, մի պատժով է պատժել տալիս (ստիպում է «ինքն իր միսը՝ թեւերից կտրած, ուտել»), որը պատիժների մեջ ամենասահմռկեցուցիչն է: Դա հետեւյալ պատճառով է տեղի ունենում: Մյուս կաթողիկոսը՝ Դավիթը շահին՝ իր օծած կաթողիկոսի մասին հայտնում է առ այն, որ նա «ոսկորներ ծախող կաթողիկոս» է (եկեղեցական հնո~ւց եկող բարքեր…), որ նա «Հռիփսիմեի (3-րդ դարում Հայաստանում հավատքի ու սիրո ազատություն… քարոզող օտարազգի կնանոցից մեկի-Ս.Մ.) նշխարները կաշառքով ֆրանկներին է տվել»: Որին եւ հետեւում է հիշատակված պատիժը: «Ո՞նց էր համը քո մսի…», - նմանակելով մեծ գրողին՝ երեւակայորեն հարցնենք կաթողիկոսին..
Ահա թե ինչ բերվեց «օրհնված երկրի»՝ Հայաստանի եւ ի վերուստ նրա տեր՝ Հայի գլխին (ջհանդամը, թե ինչ եկավ դրա գլխավոր մեղավորների՝ կաթողիկոսների գլխին…): Ի՞նչ եւ ո՞ւմ պատճառով, - կրկին անդրադառնանք այս հարցին՝ այս անգամ ավելի որոշակիորեն: Մի կողմ թողնենք հարցի՝ Դավրիժեցուց հետո հայ պատմա«գիտության» (պատմա«փիլիսոփայության») մեջ երեւան եկած իշխող պատասխանը, ըստ որի՝ աղետը պայմանավորված էր գլխավորապես արտաքին՝ պարսկական ու թուրքական գործոնով: Այդ պատկերացման կողմնակիցները, փոխանակ նկատելու աղետի դավրիժեցիական պատճառաբանության՝ իրականամետ (ճշմարտացի) պահերը (Դավրիժեցու «Պատմությունը», չնայած հեղինակի՝ եկեղեցական պատմիչ լինելուն, զգալի անաչառ շեշտադրումներ ունի), եւ դրանք ավելի զարգացնելու, - անտեսեցին դրանք՝ ըստ այդմ էլ ավելի մթագնելով Դավրիժեցու ըմբռնումներում արդեն իսկ առկա բուն պատմական ընթացքի պատճառաբանվածության խճողված ընկալումը (հայ պատմագիտությունն ու պատմափիլիսոփայությունը, պարզվում է, հեռու են աղբյուրագիտությունից՝ իրենց ելակետից). ինչ-որ մութ ուժերից վա՞խը խոսեց նրանց մեջ, հայ պատմագիտության սովորութային բարդույթը՝ հայ կյանքի ողբերգական իրադարձությունների (պետականության կորուստների, 15-ի եղեռնի…) համար մեղավոր են այլերը եւ ո՛չ մենք, գլո՞ւխ բարձրացրեց նրանց անտոհմիկ գիտակցության մեջ, - այսպես՝ դեռ լոկ ճարտասանորեն հակադարձենք այդ «ըմբռնումներին»:
17-րդ դարասկզբի չարաղետի (որը լիովին տեղավորելի է նաեւ «Մեծ եղեռն» հասկացողության մեջ), այն չարաղետի, որի հետեւանքները հայը զգաց նաեւ հետայսու (զի պատմությանը անընդհատական ընթացք է), պատճառաբանության մեր ընկալման ելակետը, բայց միայն ելակետը, դավրիժեցիականն է:
Այսպես, ուրեմն, ինչպե՞ս է Մեծ աղետի (եղեռնի) պատճառները բացատրում Դավրիժեցին: «Հայոց ազգից ոմանք իրենց կամքով ու մատով կուրացրին իրենց աչքերը, որովհետեւ իրենք կործանեցին իրենց թագավորությունը իրենց նենգությամբ, անհնազանդությամբ եւ եղան այլ ազգերի ու թագավորների ոտքերի կոխան, ծառաներ, գերիներ, եւ երբ ինչ-որ նեղություններ են վրա հասնում՝ որեւէ տեղից օգնություն չգտնելով ու ճարահատ մնալով փախստական լինելով ճողոպրում են այստեղ-այնտեղ»: Պատմիչը «այս պատճառին» հավելում է նաեւ «այն»՝ դրանից ածանցված պատճառները՝ Շահ-Աբասի Հայաստան գալ-հայերին հավաքել-իր երկիր տանելը, ինչպես նաեւ՝ «նախապես ասված մեծ սովի ու ջալալիների պատճառով հայոց ողջ ազգը (խոսքը օսմանյան մասի հայերի մասին է-Ս.Մ.) ելավ, դարձավ վտարանդի իր տեղերից...»-ը: «Այս պատճառի»՝ «ոմանց» հետ կապված պատճառի պատմիչը հատուկ կանգ է առնում կաթողիկոսների, նրանց ընչասիրության գործոնի վրա, քանզի գիտակցում է, որ Հայաստանից մյուս ճողոպրողները (մյուս «ոմանք»-ները) ու Շահ-Աբասի՝ հայաստանյան ախորժակի մյուս գրգռողները, վերջ ի վերջո, գործում էին այդ «հոգեւոր առաջնորդների» թելադրանքով («կաղ միջնադար»-ն էր, ինչպես նկատել է Պ. Սեւակը, եւ թե՛ իշխանը, եւ թե՛ ռամիկը ենթարկվում էին «կաղ» եկեղեցականների,- մեր կողմից ավելացնենք): Դավրիժեցին հատկապես այդ կաթողիկոսներին է մեղադրում Հայաստանի հետ պատահած չարաղետի համար: Կըրկին անգամ մեջբերենք պատմիչի «Պատմության» հետեւյալ հատվածը. «Երկու կաթողիկոսները՝ Դավիթն ու Մելքիսեթը, եւ այն մարդիկ, որ նրանց հետ էին,… մտածեցին, խորհեցին, որպեսզի գուցե մի հնար գտնվի, կաթողիկոսությունից չզրկվեն, այլ կաթողիկոսությունը մնա իրենց ձեռքում, եւ որեւէ կերպ ազատվեն պարտատերերի ձեռքից: Խորհուրդ արին,…, ի կորուստ իրենց եւ ի կործանում եւ տապալում երկրի, ի բնավ ջնջում իրենց ազգի, քանզի որոշեցին իրենց միջեւ արված հաստատությամբ, որպեսզի գնան Սպահան պարսից թագավորի մոտ, որի անունն էր Շահ-Աբաս»: Մեկ այլ տեղ պատմիչը ավելի է որոշակիացնում Շահ-Աբասի մոտ գնալու կաթողիկոսների նպատակը. «Իր (խոսքը այս անգամ միայն Մելքիսեթի մասին-Ս.Մ.) հույսը դրել էր շահի վրա, իր սրտի ապաստանը նրան արած գնաց նրա մոտ՝ Սպահան, որպեսզի ապագայում բազմաթիվ բարիքներ ընդունի նրանից: Այստեղից նա շահին բերերեց Հայոց աշխարհը, ամբողջ երկիրը ավերեց, ծագեծագ անմարդաբնակ դարձրեց»:
Այսպիսով, ակնհայտ է, որ պատմիչը Հայաստանի հետ եղեռնորեն պատահածի համար գլխավորապես մեղադրում է հայաստանյաց եկեղեցու այն ժամանակների կաթողիկոսներին: Պակաս չափով հանցավորների շարքում նա տեսնում է այդ կաթողիկոսների եկեղեցական շրջապատից «ոմանց» (դրանց նա նկատի ունի իր վերը բերված՝ «եւ այն մարդիկ, որ նրանց հետ էին» արտահայտությամբ), ինչպես նաեւ Հայաստանի այն տանուտերերին ու իշխաններին, որոնք կամավորաբար զանազան պատճառներով ճողոպրեցին Պարսկաստան: Արժե նկատել, որ կաթողիկոսներին հանցակից եկեղեցու սպասավոր «ոմանց» նկատմամբ Դավրիժեցու արգահատանքը այն աստիճանի է հասնում, որ նա դրանց համարում է, տրվելով ժողովրդական խոսք ու զրույցին, «սեւագլուխներ», «պոռնիկներ» ու «երկկանայք», «մարմնական արհեստներով տարված», վանքերը՝ «կանանցով լցնողներ»:
Եկեղեցական կրթություն ու դաստիարակություն ստացած ու եկեղեցու սպասավոր (այդ թվում՝ եկեղեցու տեսանկյունից հայոց պատմության շարադրող) դարձած պատմիչը, այս ամենը ասելով, էլ չի խորանում, թեեւ նրա այդ ասածները դա անելուն բոլոր հիմքերը տալիս են: Նա, բոլոր դեպքերում, մնում է որպես եկեղեցական պատմիչ, հայոց պատմությունը՝ եկեղեցական հարացույցով իմաստավորող: Պատահական չէ, որ նրա «Պատմության» մեջ, նկատված ճշմարտապատում պահերի հետ մեկտեղ՝ տեսնում ենք նաեւ այնպիսիք, ըստ որոնց՝ հայոց մեծ աղետը պայմանավորված էր քրիստոնեություն-մահմեդականություն հակամարտությամբ, Շահ-Աբասի՝ «Մահմեդական օձաբարո վարք ու բարքով» (հայն իր աշխարհով քրիստոնեության պահակն է եւ, հետեւաբար, նրա գլխին այդ ամենը պե~տք է գային,- հետեւում է նրա «Պատմության» իշխող գծից…), եկեղեցին, նրա կենտրոն՝ Էջմիածինը, իր ամբողջության մեջ սուրբ է, նա է հայի գլխավոր ապավենը, քրիստոնյաների (սո~ւրբ հորջորջվող…) ոսկորները արժեն, որ դրանց պահպանության համար հայը տեսակ-տեսակ զոհողություններ կրի եւ այլն: Իր՝ Դավրիժեցու հիշատակված կաթողիկոսներից հետո կաթողիկոս դարձած Փիլիպոսի պատվերով գրված «Պատմության» նպատակն էլ, վերջին հաշվով, ոչ այլ ինչն էր, քան հայոց Մեծ չարաղետի համար մեղքը միայն «ոմանց» վրա գցելով (սրանց մեջ, հատկապես, Մելքիսեթ ու Դավիր կաթողիկոսների), դրանով իսկ մաքուր, անմեղ դուրս բերել եկեղեցի ինստիտուտը, նրա՝ դավանաբանությունը, դրանց առաջնորդությամբ ապրող ժողովրդին (խայծ, որը հետագայում կուլ տվեց հայ պատմագրությունը, ավելին, որը չնկատեց նաեւ եղեռնագործ կաթողիկոսների հանցանքը…):
Այն դեպքում, երբ Դավրիժեցու ասածները մեր առջեւ շատ այլ բաներ է պարզում: Իսկ այդ շատ բանը այն է, որ Հայաստանի անապատացման բուն մեղավորները ո՛չ թե եկեղեցու սպասավոր առանձին անձինք են (սկսած այդ եկեղեցու գլխավորներով, վերջացրած՝ «նրանց հետ» եղողներով), այլ հենց ինքը՝ եկեղեցին, կրոնական այդ ինստիտուտը, իր ողջ կրոնական գաղափարախոսությամբ, ու այդ գաղափարախոսության՝ բոլոր կրողներով հանդերձ: Հայաստանյայց եկեղեցին՝ հայոց բուն հավատքի հետ բնավ կապ չունեցող այդ օտարամուտ գաղափարախոսական կառույցը իր հիմնման օրերից ի վեր երբե~ք հա՛յ կյանքի, հա՛յ կենսաձեւի, հա՛յ գոյության, հա՛յ ճակատագրի հետ կապ չի ունեցել, նրա ուշք ու միտքը մի~շտ եղել է օտարը, նրա սրբերի ոսկորները, նրա վերին ու ստորին Երուսաղեմները, նրա՝ հայաստանյան «անշարժ» կապիտալ եկեղեցիները, այդ եկեղեցիների կահ-կարասիները, ինչքերն ու հարստությունները, հանուն որոնց պահպանության նա բազմիցս սկուտեղի վրա մեր թշնամիներին է մատուցել հայոց թագավորություններ, հայոց աշխարհներ, հայի բազո~ւմ-բազո~ւմ գլուխներ (ինչպես պարզորոշ դա մենք տեսանք ներկա դեպքում): Եկեղեցին մի՛շտ հայապահպանություն ասելով հասկացել է իր պահպանությունը, հայի գոյապայքար ասելով՝ իր գոյապայքարը (պատմիչը իր «Պատմության» մեջ, եղեռնապատումից հետո խինդով պատմում է Պարսկաստանում սկիզբ առած եկեղեցական շինարարության մասին. կարծես ոչի~նչ էլ չէր պատահել…): Այդ եկեղեցին է, որ դարեր ի վեր հայի մեջ մտցրել է նրա համար ինքնասպան այն մտայնությունը, որ ինքը «ոչխարի» «հոտ» է, իսկ այդպիսինին՝ ինքնորեն ապրելու կամքից զրկվածին, վաղ թե ուշ սպանդանոց են տանում, ինչպես ըստ էության տեղի ունեցավ 17-րդ դարի սկզբին: Հոգեվիճակների նկարագրության մեջ բավականաչափ հմուտ պատմիչը ասում է, որ կաթողիկոսներն ու նրանց համախոհները «իրենց հույսը դրել էին շահի վրա», իրենց «սրտի ապաստանը» նրան էին արել, իսկ այլոց մասին էլ, թե «երբ նրանց ինչ-որ նեղություններ են վրա հասնում՝ որեւէ տեղից օգնություն չգտնելով ու ճարահատ մնալով փախստական լինելով ճողոպրում են այստեղ-այնտեղ»: Պատմիչը հայի մեջ այդ՝ կրավորաբար ապրելու, «անձդ փրկիր»-ի հոգեբանության երեւան գալու պատճառների մեջ խորամուխ չի լինում: Եթե լիներ, ապա կպարզեր, որ «շան գլուխը» թաքնված է հենց եկեղեցու, նրա «փրկիչ» գաղափարի, նրա՝ ամեն ինչ «աստծո» նախախնամության վրա գցելու մտայնության մեջ:
Պատահակա՞ն է, որ Դավրիժեցու «Պատմության» մեջ մենք չենք հանդիպում եւ ոչ մի եկեղեցականի, որը կընդդիմանար կաթողիկոսների հրեշավոր ծրագրին (գրքում հոգեւորականներից միայն մեկն, տեր Հովհաննես անվանվողն է Շահ-Աբասին առաջարկում հայոց տարագրումը աշունից հետաձգել գարնանը, ասել է, թե հայոց աշխարհի մահը մի քանի ամիս ձգձգել): Ինքը՝ հայոց այդ մեծ աղետի մասին պատմող ու կաթողիկոսների «արարքները խիզախորեն» դատապարտող մեր պատմիչն էլ, եթե այդ կաթողիկոսների ժամանակակիցը լիներ, ապա համարձակություն չէր ունենա պատմել այն, ինչը հետագայում պատմել է (թեեւ դա էլ է մտնում եկեղեցական հոգեբանության մեջ՝ ողբերգություն սարքել ու հա~ դրա մասին պատմել՝ դրանով իսկ էլ ավելի սպանելով մարդու մեջ ապրելու կամքը):
Կաթողիկոսների՝ հայ ողբերգությունը սարքելու ծրագրի հանդեպ կրավորական կեցվածք ընդունեց նաեւ դարեդար եկեղեցու կողմից կրոնական հոտի վերածված, իր ճակատագիրը ինքնուրույնաբար տնօրինելուց հետ վարժված աշխարհական հայը. նրա ապրելու կամքը, նրա՝ իր հող ու ջրի հետ միաձույլ մնալու ցանկությունը, ըստ Դավրիժեցու հաղորդածների, լավագույնս դրսեւորվում էր միայն շահի վճռի դեմ տարերային բողոքի, նրա մահաբեր ոստայններից ճողոպրելու ու դես ու դեն փախչելու ձեւերով: Քրիստոնեական կրոնը, նրա եկեղեցին հային ազգից ժողովուրդ էին դարձրել, նրան վատասերել էին, նրան հետ էին վարժեցրել ինքն իրեն զգալու, իր տարրական անգամ բնազդները, դիցուք՝ ինքնապահպանման, ունենալու պահանջից,- էլ ինչպե՞ս հայը Մեծ աղետին դիմակայելու կամք դրսեւորեր: Այս եզրակացություններին է հանգում սովորական բանախոհական ընդունակություններ ունեցողը, առանց մտային ջանք թափելու անգամ՝ կարդալով Դավրիժեցու «Պատմությունը»:
Մեծ աղետի ժամանակներից գալով այս կողմ՝ նկատենք նաեւ հետեւյալը: Երկար ժամանակ չպահանջվեց, ընդամենը 50-100 տարի, որ «ավերակ ու անմարդաբնակ» «օրհնված երկիր» «հայոց վայելչատես աշխարհը» վերստին իր գիրկն առներ իր ապերախտ սիրասուն զավակին, իր՝ բնիկ տիրոջը: Հայը, չնայած հետադարձի վտանգավորություններին, եկավ-տեր կանգնեց իր հայրենիքին՝ փորձելով այն վերստին շենացնել, հուռթի դարձնել: Մեռնում-Հառնում: Կոչենք ապրողաց: Բայց… Մեծ ողբերգությունը, գրեթե համանմանորեն ու նույն ընթացքով, դարձյալ պետք է կրկնվեր: Մահ փնտրողը՝ մա՛հ է գտնում: «Նախ՝/ Քրիստոսը մեծացավ, ինքնին, եւս մի տարով,/ եւ երկրագնդի պտտվող կողին՝/ հասարակածի լայնության վրա / սառցե գրիչով մեծատառ գրվեց/ նրա տարիքը՝/1914 թիվը» (Պ. Սեւակ): Նրա հետ մեկտեղ հասունացավ նաեւ մարդկության ու հայի սրտին մխրճված՝ նրա հիմնած սուր դանակ եկեղեցին: Եվ ապա՝ «Հիսուսը, նստած հոր աջում (նրա հետ մեկտեղ՝ նրա եկեղեցին-Ս.Մ.), /ինքնին մեծացավ արդեն մե՛կ տարով,/եւ երկրագնդի կիսարյունաքամ-գունատ ճակատին/արյունոտ մատով աղվեսագրվեց/1915 թիվը…» (Պ. Սեւակ): Հայի նոր Մեծ Եղեռն «առաջին դեպքը ո՛չ կոտորածի, / առաջին դեպքը …ազգասպանության» (Պ. Ս.):
Մեծ ողբերգության պատմությունը կրկնվում է: Զի այսօր էլ մենք տեսնում ենք «մեռածին՝ մեզանով ապրեցնելը» (Գրիգոր Նարեկացի): Զի այսօր էլ մենք տեսնում ենք «մահվան վերակացուի»՝ Հիսուսի (բնութագրումը Գրիգորիս «Լուսավորիչն է» տվել՝ Տրդատի հետ մինչ «դարձը» վեճերից մեկի ժամանակ. տե’ս Ագաթանգեղոս) հիմնած մեռելապաշտ եկեղեցու առաջ բերած ավերները մեր մեջ ու մեր կյանքում…
Ե~րբ պետք է հայ մտավորականը, եւ նրանում հատկապես հայ պատմաբանն ու հայոց պատմության իմաստաբանողը հայոց պատմությունը ճանաչի: Ու ճանաչելով՝ իր պատմությունից դասեր քաղի: Ու ճանաչելով՝ իր հարազատներին իր «ընտանի թշնամիներից» (Գր. Նարեկացի) ու օտար թշնամիներից զանազանի: Ե~րբ պետք է հայ պատմական գիտակցությունում մտնի՝ հայ կյանքի բոլո~ր ողբերգական ընթացքների համար ասված Նարեկացու ասածը՝ «Ես եմ մեղավոր»:
|
Արդյոք գիտե՞նք մեր պատմությունը:
__________________
---------------
Արատտայի ու Խալդեյի հովանավոր .
|