՚Միսս Հայաստանՙ ավանդական մրցույթներն անց են կացվում կազմակերպչական եւ մասնակցության այնպիսի որակով, ասես դրանք առաջին անգամ են Հայաստանում անցկացվում: Երեկ ուշ երեկոյան ՚Միսս Հայաստան 2007ՙ դարձավ երեւանցի 18-ամյա Մարգարիտա Սարուխանյանը: Մրցույթին նա մասնակցում էր 6-րդ համարի ներքո եւ հաղթողի տիտղոսից բացի նվաճեց նաեւ հանդիսատեսի ՚Միսս համակրանքՙ-ը: Ի դեպ, հանդիսատեսի համակրանքը նա շահել էր sms քվեարկությամբ:
Ինչ վերաբերում է բուն մրցույթին, ապա այն բավականին զվարճալի ընթացք ունեցավ: Հանդիսատեսը միանգամից հասկացավ, որ չկա սցենար հասկացությունը. հաղորդավարները հիմնականում ՚ իմպրովիզացիաՙ էին անում եւ ամեն պատեհ-անպատեհ առիթներով հիշում հովանավորների հսկայական ցուցակն ու սկսում ոչ միայն թվարկել նրանց, այլեւ ներկայացնել նրանց մի էջանոց գովազդը: Դա այնքան էր ձանձրացրել հանդիսատեսին, որ երբ հաղորդավարներն ասելիք չունենալու պատճառով մի պահ լռում էին, դահլիճից բղավում էին. ՚Հովանավորների մասին խոսեք, հովանավորների: Մեր մրցույթի հովանավորներն են
սկսեք, դեՙ: Ամբողջ մրցույթի ընթացքում հաղորդավարներն ՚տառապումՙ էին միկրոֆոնների վատ աշխատանքի պատճառով. դրանք պարբերաբար անջատվում էին՝ կիսատ-պռատ հնչեցնելով հաղորդավարների խոսքը: Իսկ մասնակից 18 գեղեցկուհիները, որոնք ներկայացնում էին ՀՀ գրեթե բոլոր մարզերը՝ միգուցե լարվածությունից գրեթե բոլորը մռայլ էին, անժպիտ եւ նույնիսկ վախենում էին շարժվել: Դա հատկապես վերաբերում էր մարզերից եկած աղջիկներին: Թեեւ ցուցադրվեց մի տեսանյութ, ըստ որի նրանք լավ մարզվել էին, լավ սերտել պարային բազմաթիվ շարժումներ ու գիտեին ընդունել ճիշտ կեցվածք: Հանդիսատեսի համար մի քանի դրվագներ մնացին անհասկանալի: Օրինակ` գեղեցկուհիները բեմ բարձրացան ռոք երաժշտության հնչյունների տակ` ազգային տարազներով, հայկական պարային շարժումներով:
Աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Հացագործյանի ելույթի ընթացքում բեմի վրա սարսափելի իրարանցում սկսվեց, որը թույլ չտվեց լսել նրա կատարումը: Այդ ժամանակ գեղեցկուհիները սկսեցին լքել բեմը, ու նրանցից յուրաքանչյուրը բեմից հեռանում էր ինչպես ուզում էր: Օրինակ՝ 4-րդ համարի գեղեցկուհին բավականին անհարգալից պահվածք ուներ՝ ծիծաղում էր, խոսում կողքի աղջիկների հետ, ամեն կերպ փորձում իր վրա ուշադրություն հրավիրել: Օպերային երգչուհու կատարման ժամանակ իրեն նվիրված ծաղիկները պարկի պես գցելով ուսին՝ արհամարհալից կեցվածքով իջավ բեմից ու այլեւս բեմ չբարձրացավ:
Ամենազավեշտալին եղավ հետո, երբ Հասմիկ Հացագործյանի ելույթի ժամանակ էկրանին չգիտես ինչու հայտնվեց փոքրիկ արջուկի՝ պանդայի նկարը: Ամբողջ դահլիճը, մոռանալով աշխարահառչակ երգչուհու հրաշալի կատարումը, սկսեց բարձր ձայնով անզուսպ ծիծաղել:
Ինչ վերաբերում է գեղեցկուհիների ինտելեկտուալ կարողություններին, ապա նրանցից ոչ մեկը առանձնապես չփայլեց: Գեղեցկուհիներից ոչ մեկն, օրինակ` այդպես էլ չկարողացավ պատասխանել ժյուրիի այն հարցին, թե ով է Օպերայի շենքի ճարտարապետը: Դա նրանք հետո պատճառաբանեցին իրենց հուզված լինելով:
՚Միսս Հայաստան-2007ՙ -ին կոչմանն արժանացած Մարգարիտա Սարուխանյանը, որը մոտ մեկ րոպե չէր կարողանում ասել, թե ինչ կարգախոսով ու նպատակով է մասնակցում մրցույթին, ի վերջո ասաց. ՚Իմ կարգախոսն է չհուզվել. միշտ առաջՙ:
Նրա ընտրությունը շատ հանդիսատեսների մեջ դժգոհության ալիք բարձրացրեց. նրա անունը հնչելուց հետո դահլիճում ոչ թե բուռն ծափողջյուններ ու ուրախության բացականչություններ եղան, այլ բոլորը շտապում էին դուրս գալ: Ի դեպ, մրցույթի ընթացքում եւս մարդիկ խմբերով պարբերաբար դուրս էին գալիս:
՚ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ Էՙ
Մրցույթի ավարտից հետո փորձեցինք 4-րդ համարի գեղեցկուհուց` Տավուշի մարզի Մարի Նուբարյանից ճշտել, թե ի՞նչն էր նրա անհամեստ պահվածքի պատճառը: Սակայն մեզ չհաջողվեց գտնելնրան վարագույրների հետեւում, իսկ մյուս գեղեցկուհիները չգիտեին, թե որտեղ է նա: ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում ՚Միսս Հայաստանՙ ազգային գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանը նշեց, որ աղջիկների վարքն արտացոլում է նրանց դաստիարակությունը: ՚Ազգային գործակալությունն աշխատում է աղջիկների հետ, սակայն մենք չենք կարող մեկ ամսում նրանց սովորեցնել այն, ինչը նրանք չեն սովորել իրենց տանը 20 տարվա ընթացքումՙ,-ասաց նա:
Ի դեպ, 2-րդ վիցե միսս մրցանակին արժանացած Սվետա Միրզոյանը մրցանակը ստանալուց անմիջապես հետո լքեց բեմը եւ հանդիսատեսը կարծեց, թե նա նեղացավ, որ չարժանացավ ՚Միսս Հայաստանՙ կոչմանը: ՚Ա1+ՙ-իհետ զրույցում Սվետա Միրզոյանը պարզաբանեց,որ նա ոչ թե նեղացել է,այլ պարզապես ոտքն էր ցավում: