Go Back   Armenian Knowledge Base > Entertainment > Literary nook

Reply
 
Thread Tools

Հեքիաթները նաև քայլող են լինում
Old 22.11.2007, 21:59   #1
poor misguided fool
 
lightontheshore's Avatar
 
Join Date: 03 2005
Location: Yerevan
Age: 37
Posts: 606
Rep Power: 0
Default Հեքիաթները նաև քայլող են լինում

Վաղուց այս ֆորումում որևէ բան չէի գրել… Կուզեի վերադարձիս հետ մի ստեղծագործություն տեղադրել:


Հեքիաթները նաև քայլող են լինում

Իմ սիրելի՛ ընկեր, ես երբևէ չեմ մաքրի քո մատնահետքերը, որոնք թողել ես իմ անցած ուղու վրա: Հարազա՛տս, ես ուզում եմ պատմել քո պատմությունը, իմ պատմությունը, մեր պատառիկը, անցած-գնացած հեքիաթը: Այսօրվա պես եմ հիշում մեր առաջին հանդիպումը: Ես եկել էի ձեր տուն: Դու հինգ-վեց տարեկան կլինեիր, ես՝ մի քիչ ավելի մեծ: Ի՞նչ գործ ունեի այդտեղ, մի՞թե մեր ծնողներն էին իրար ճանաչում: Ասենք, դա կարևոր էլ չէր: Դու նեղացած պպզել էիր մի պատի տակ ու մատներդ էիր կրծոտում: Դու փոքրիկ էիր, անօգնական, ինչպես այն ժամանակ, երբ քեզ վերջին անգամ տեսա: Ես չգիտեմ, թե իմ մանկական մտքով ինչ անցավ այդ պահին, բայց դու ինձ անմիջապես գրավեցիր, և ես մոտեցա:
- Խաղա՞նք:
- Ի՞նչ:
- Տուն-տունիկ:
- Չէ՛, զզվել եմ:
- Ի՞նչ ես ուզում:
- Գնա՛:
Ու թեև իմ չձևավորված ուղեղը հասկացավ, որ դու իրականում ուզում էիր, որ մնամ, ես սուսիկ-փուսիկ հեռացա. ասես գիտեի, որ մեր շփումը դրանով չէր վերջանում:

Տարիներ անց մայրդ քեզ մեր խմբակ բերեց: Դու նկարել չէիր ուզում, գոռգոռում էիր, լալիս: Իսկ ես գործս կիսատ թողած, կարմիր ներկով թաթախված վրձինը ձեռքիս ուշադիր քեզ էի նայում: Երբ ինձ նկատեցիր, ձայնդ կտրեցիր. երևի հիշեցիր, որ մենք «ծանոթ» ենք:
Դրանից հետո հաճախ էինք իրար տեսնում խմբակում: Դու լուռ էիր, չխոսկան: Պատահում էր, որ օրերով ոչինչ չէիր ասում: Չնայած ամենաշատը դու էիր աշխատում, բայց հանձնարարությունները մեզնից մեկ-երկու շաբաթ հետո էիր ավարտում: Հաճախ էին քեզ հարցնում նկարներիդ մասին, իսկ դու լռում էիր: Կապույտ գույնը շատ էիր սիրում: Օգտագործում էիր դրա բոլոր երանգները քո բոլոր նկարներում… չափից դուրս շատ, պարզապես անխնա: Մյուս գույներն իրենց տեղում էին մնում, իսկ կապույտդ ընդհանուր տուփից դուրս էր, առանձին: Մի անգամ կապույտ ութոտնուկներ էիր նկարել կապույտ սենյակում: Չնայած քեզ հետ շփվելու մի քանի անհաջող փորձ արել էի, և դու լռել էիր կամ դեմքդ փակել ու հեռացել, բայց ութոտնուկների նկարը տեսնելուց հետո (որոնք, չգիտես ինչու, միայն հինգ ոտք ունեին) մոտեցա քեզ ու ասացի.
- Սա ի՞նչ է:
- Երազ:
- Թե՞ երազանք:
- Չէ՛, երազ… ամենաիսկական երազ, որ ամեն գիշեր տեսնում եմ:
- Ինչու՞ հնգոտանի ութոտնուկներ:
- Որ իմանայի, չէի տեսնի:

Թեև չէիր խոսում, քո ներսում կատարվածը կարելի էր կարդալ դեմքիդ վրա, տեսնել քո նկարներում: Մի անգամ սարսափելի անտրամադիր եկար: Ես միանգամից նկատեցի, որ կապույտ ներկը բացելու համար ջրի փոխարեն արցունքներդ էիր օգտագործում: Այդ օրը դու չէիր նկարում, այլ պարզապես նյարդային շարժումներով վրձինը տանում-բերում էիր: Վերջում պատկեր չստացվեց… Պարզապես տրամադրություն էր, կապույտ տրամադրություն: Ես նորից մոտեցա քեզ.
- Ի՞նչ է պատահել:
- Ոչինչ:
- Իսկ սա ի՞նչ է:
- Ես եմ:
- Բայց դու կապույտ չես:
- Իսկ դու գույնին մի նայիր:
- Ինչի՞ն:
- Պատկերին:
- Բայց սա միայն խզբզանք է:
- Ճիշտ ես. դա ես եմ:
- Իսկ կասե՞ս ինչու ես այսքան տխուր:
- Վիճել եմ:
- Ու՞մ հետ:
- Ուսուցչուհուս:
- Չարժեր…
- Չէ՛, արժեր… Նրան դուր չեկավ շարադրությունս:
- Ինչի՞ մասին էր:
- Երևանի:
- Ի՞նչ էիր գրել:
- Դե… նկարագրել էի, թե որքան վատն է մեր քաղաքը. կեղտոտ, փոշոտ… պարզապես աղբանոց: Իսկ հետո գրել էի, որ չնայած այդ ամենին, սիրում եմ այն: Ուսուցչուհիս էլ կատաղած ասաց. «Մրոտում ես քաղաքը, հետո ասում, որ սիրու՞մ ես… Էդպես չի կարելի»: Ես էլ ջղայնացա ու տետրս պատռեցի… Մնացածը կարևոր չէ:
- Արժե՞ր դրա համար այսքան տխրել, դեռ մի բան էլ արտասվել:
- Հա՛, արժեր… յուրաքանչյուր գրածիս համար արժե:
Ու դու այլևս չկարողացար խոսել. արցունքները խեղդում էին: Ես էլ չդիմացա: Քեզ գրկեցի, և մենք միասին արտասվեցինք. դու՝ գրածիդ, ես՝ նկարածիդ համար:

Այդ օրը ես իմացա, որ սիրում ես գրել: Չէ՛, խոսքեր պետք չէին: Կապույտ խզբզանքդ, ասածդ մի քանի նախադասությունն ու արցունքներդ բավական էին, որ ես համոզվեի դրանում: Երբ արդեն մոտ երեք տարի կլիներ, ինչ միասին նույն խմբակն էինք հաճախում, ու չնայած դու շարունակում էիր նույն չխոսկանը մնալ, ես մի անգամ էլ խիզախեցի ու քեզ հարցրեցի.
- Դու դեռ գրու՞մ ես:
Սպասում էի, որ կզարմանաս այդ հարցից: Բայց դու շատ հանգիստ պատասխանեցիր.
- Արյունը քանի՞ ձևավոր տարր ունի:
- Երեք. էրիթրոցիտներ, լեյկոցիտներ, թրոմբոցիտներ:
- Անատոմիա լավ ես սովորել… Իսկ ես ունեմ չորրորդը՝ բառերը:

Հաջորդ անգամ հետդ մի թղթապանակ էիր բերել: Տվեցիր ինձ ու ասացիր.
- Վերցրու, կկարդաս:
Ես շշմեցի:
Երեք օր տևեց մինչև ծայրից ծայր կարդացի: Հետո ևս մեկ շաբաթ էր պետք, որ ուշքի գամ: Այդ ընթացքում նկարչության դասերին ինձ չէիր նայում, իսկ խոսելու մասին չեմ էլ ասում: Դա այնքան տևեց մինչև այդ ամենը մարսելուց հետո քեզ ասացի.
- Լսի՛ր, ընթերցողին մի քիչ խնայիր. շատ դաժան ես:
- Գիտե՞ս ինչ: Գրելիս երբևէ չեմ կարող ասել. որևէ մեկը կկարդա՞, թե՞ ոչ: Ես թափում եմ մտածածս, արհամարհում, հաշվի չեմ առնում ընթերցողին:
- Այդ դեպքում ինչու՞ ես գրում:
- Հիշի՛ր արյան չորրորդ ձևավոր տարրը:

Դու այլևս չեկար խմբակ: Գուցե տարօրինակ թվա, բայց կարոտում էի: Մեր հաջորդ հանդիպումն այգում էր: Դու խորացած ինչ-որ բան էիր գրում: Ես մոտեցա ու գրիչդ խլեցի: Անմիտ էի…
- Դու՞ էլ:
- Ես ի՞նչ:
- Մի՞թե դու էլ չես ուզում, որ ես գրեմ:
- Ասենք, այդպես է: Միևնույն է, դրանից ոչինչ չի փոխվում: Դու ծանր մտքեր ես արտահայտում ու դրանով տանջում մարդկանց: Այդպես գրող չես դառնա: Ավելի լավ է՝ թող դա, կարգին բաներով զբաղվիր:
- Որտե՞ղ ես անգիր արել այդ խոսքերը:
- Դրանք իմ սեփականն են:
- Ավելի վատ… ուրեմն չես ուզում, որ ես գրեմ, հա՞:
- Ճիշտ այդպես. դա լավագույն տարբերակն է թե՛ քո, թե՛ մարդկանց համար:
Դու լռեցիր: Հետո մի նոր գրիչ հանեցիր պայուսակիցդ, տետրիցդ մի թերթ պոկեցիր, արագ-արագ ինչ-որ բան խզբզեցիր, խցկեցիր ձեռքիս մեջ ու հեռացար: Ես մերթ քո փախչող կերպարանքին էի նայում, մերթ՝ ձեռքիս մեջ մնացած անօգնական թղթին: Երբ անհետացար իմ տեսադաշտից, համարձակվեցի կարդալ գրածդ. «Կբռնես ձեռքս, գրիչս կխլես: Բայց չէ՛, չես կարող ինձ արգելել գրել: Ես կկտրեմ մազերս ու դրանցից տառեր կսարքեմ: Կպատռեմ հագուստս, որ կտոր-կտոր բառեր դառնան ու հերթով շարվեն սպիտակեղենիս վրա, որն իմ թուղթը կլինի: Թել ու ասեղ կվերցնեմ, մտքերս կկարեմ թղթիս, որ եթե հանկարծ քամին փչի, դրանք չցրվեն, չփախչեն ինձնից: Բառերը ծակել չի կարելի. պետք է զգույշ աշխատել: Այդ դեպքում ինչպե՞ս կպցնեմ թղթին, ի՞նչ անեմ, որ չկորչեն: Ուժեղ մտքերը մնայուն են, կարելու կարիք չկա: Դրանք տպվում են ավելի ամուր թղթի վրա, որը ո՛չ քամուց կքշվի, ո՛չ կրակից կայրվի:
Վերցրու՛ գրիչս, պատռի՛ր տետրերս, կտրի՛ր ձեռքերս: Միևնույն է, ես գրելու եմ՝ ինչ էլ անես, ինչ էլ ասես…»:

Դրանք ամենաուժեղ տողերն էին, որ երբևէ կարդացել էի: Գուցե պատճառն այն էր, որ հենց ինձ էին ուղղված… չէ՛, բոլոր նրանց, ովքեր քեզ խորհուրդ էին տալիս չգրել: Դա նման էր պոռթկումի: Դու հոգնել էիր, զզվել քո սեփական ընթերցողից, որին ինքդ էիր ընտրել:

Հաջորդ անգամ քեզ մի համերգի ընդմիջման ժամանակ տեսա:
- Մենա՞կ ես,- հարցրի:
- Դու էլ հարց գտար տալու… Իհարկե:
- Չե՞ս տխրում:
- Չէ՛:
- Կարող ես մեզ միանալ:
Ես ընկերախմբով էի:
Հետո, չնայած խոսքդ ինձ էիր ուղղել, բայց ասես ինքդ քեզ հետ զրուցելով ասացիր.
- Ի՜նչ հաճելի է, երբ ի սկզբանե որոշում ես մենակ գալ համերգ: Այս դեպքում… ոչ ոք չի հրաժարվում քեզ ընկերակցելուց, ոչ ոք չի հիասթափացնում, կախված չես ոչ ոքից, բոլորը քեզ սիրում են բայց դու ոչ ոքինն ես, ոչ ոք թքած չունի քեզ վրա, բոլորը քեզ հարազատ են, դու զայրացած չես, չես արտասվում, տրամադրությունդ բարձր է, վրեժ լուծել չես ուզում, արհամարհված չես, ստիպված չես որոնել ծանոթ մարդկանց, որոնք քեզ կառաջարկեն իրենց միանալ, որ մենակ չմնաս, ստիպված չես գտնելուց հետո սպասել հրավերի, ու չստանալուց հետո քեզ լքված զգալ: Ծանոթներն իրենք են քեզ գտնում, զարմանում, որ մենակ ես, առաջարկում միանալ, բայց դու մերժում ես, որովհետև որոշել էիր մենակ գալ
և դու քեզ լավ ես զգում, երաժշտությունը վայելում…
- Իսկապե՞ս լավ ես:
- Չէ՛… - քայլեցիր դեպի դուռը ու շարունակեցիր,- այս ամենը քեզ միայն թվում է, դու ձանձրանում ես, որոշում գնալ, որովհետև եկել էիր ոչ թե համերգ, այլ ապացուցելու, որ շատ լավ է մենակ…
- Ես ոչինչ չեմ հասկանում,- հետեևիցդ ասացի:
Դու շրջվեցիր, եկար դեպի ինձ ու ականջիս շշնջացիր.
- Գերադասում եմ ինքս ընտրել մենակությունը, քան դատապարտվել դրան:
Այդ պահին ինձ համար պարզ դարձավ, որ ես քո մասին գրեթե ոչինչ չգիտեմ: Հա՛, կարդացել էի գրածներդ, մոտ չորս տարի հետդ նկարչության գնացել, շատ բան գիտեի քո տրամադրությունների մասին, բայց թե որտեղից էին դրանք գալիս և ուր էին գնում, ես կարող էի միայն ենթադրել: Չէ՛, նույնիսկ դրա համար անհրաժեշտ չափով տեղեկացված չէի: Եվ ես որոշեցի քո մասին իմանալ ամեն ինչ… հենց քեզնից: Չեմ հիշում, թե ինչպես կարողացա քեզ գտնել ու առաջարկել հանդիպել: Դու չմերժեցիր:
Ես անհամբեր էի. հենց հայտնվեցիր պայմանավորված վայրում, ես առանց երկար-բարակ «բարև-ոնց ես-ի» խնդրեցի, որ պատմես քո մասին, իսկ դու.
- Կար մի հեքիաթ՝ զզվելի ու հնամաշ: Այնտեղ լուսինն ասես հոտած պանիր լիներ…
- Բայց դա ի՞նչ կապ ունի քեզ հետ:
- Հեքիաթները նաև քայլող են լինում: Դու չես կարող վերադարձնել կորցրածս կյանքը:
Մի պահ ինձ թվաց, թե խելագար ես: Ինչ-որ անկապ մտքեր էիր արտահայտում, որոնցից ես գլուխ չէի հանում: Իսկ դու կարծես հասկացար, թե ինչ եմ մտածում.
- Ստեղծագործելու համար առնվազն պետք է հոգեպես վատառողջ լինել… ինձ նման: Իսկ եթե նույնիսկ այդպիսին չես, հոգ չէ. քեզ կդարձնեն:
Ու դու ժպտացիր:
- Այսպես ավելի լավ է,- ասացի,- չտխրես:
- Հաճախ է լինում, երբ ներսս պատերազմ է, բայց ես ժպտում եմ բոլորին՝ վարպետորեն ծածկելով կռվի դաշտում զոհվածներին ու վիրավորներին:
Ես միանգամից մռայլվեցի: Իսկ դու ինձ փաթաթվեցիր ու ասացիր.
- Մի՛ զարմացիր… Դու ինձ շատ ավելի լավ գիտես, քան նրանք, ովքեր ինձ ամեն օր տեսնում են: Այլևս հարցեր չտաս:

Չգիտեմ՝ ինչպես պատահեց, չգիտեմ՝ ինչու ես մի օր նորից ձեր տուն եկա: Ես քեզ չճանաչեցի: Դու պառկած էիր մահճակալին, գրկել էիր բարձդ, որի վրա ոչ մի չոր տեղ չկար: Երբ նայեցի քեզ, սարսափեցի: Աչքերիդ տակ մոխրագույն փոսեր էին գոյացել, կոպերդ ուռել էին: Նիհար էիր, գունատ: Իսկ պիժամադ այն նույն գույնն ուներ, որից դու համառորեն չէիր հրաժարվում:
- Ի՞նչ է պատահել:
Լռում էիր:
- Ինչու՞ ես այս վիճակում:
Հիմար էի: Հարցեր պետք չէին:
Հանկարծ սկսեցիր խոսել, ավելի ճիշտ՝ ինչ-որ կցկտուր նախադասություններ ասել.
- Գրում եմ… Խելագար եմ… Փնտրում եմ… Փախչում եմ ինձնից… Հեռանու՞մ… Չէ՜, ես ավելի արագ եմ վազում, քան ես: Ի վերջո, հասնում եմ ինձ, բռնում, գետնին շպրտում ու ծեծում, ծեծում, ծեծում…
Հանկարծ լռեցիր, նայեցիր ինձ: Աչքերդ փայլեցին: Փորձեցիր ժպտալ: Չստացվեց. երևի զոհերն ու վիրավորները չափից դուրս շատ էին:
- Ես քեզ սպասում էի: Ի՜նչ լավ է, որ եկար… Տեսնու՞մ ես այն պահարանը: Քեզ եմ նվիրում: Ճիշտ է՝ մեջը անպետք բաները շատ են, բայց արժեքավորներ էլ կան… Գրածներս… Ծաղիկներս… Բալիկներս:
Ու հանկարծ շշնջացիր մի շատ ծանոթ բանաստեղծություն.
- Եթե մի օր, անուշ ընկեր,
Գաս այցելու իմ շիրմին
Ու նորաբույս վառ ծաղիկներ
Տեսնես փըռված չորս կողմին,

Դու չըկարծես, թե հասարակ
Ծաղիկներ են ոտքիդ տակ,
Կամ թե գարունն է այն բերել,
Իմ նոր տունը զարդարել:

Եթե մի օր, անուշ ընկեր… Եթե մի օր, անուշ ընկեր…
Լռեցիր: Քնել էիր: Ժպտում էիր: Գրկել էի քեզ: Կամաց-կամաց սառում էիր: Ու ես շարունակեցի.
- Նրանք չերգած քո երգերն են,
Որ սրտումըդ դու տարար,
Նրանք սիրո էն խոսքերն են,
Որ դեռ չասած դու մեռար:*

*Հ. Թումանյանի «Նմանություն» բանաստեղծությունն է, որը հեղինակը փոքր-ինչ փոփոխության է ենթարկել՝ հարմարացնելով պատմվածքին:
__________________
But you're not allowed
You're uninvited
An unfortunate slight

Old 23.11.2007, 07:03   #2
realist
 
aslan's Avatar
 
Join Date: 05 2007
Location: ayntex vortex im @nkernern en,vortex chkan tshnaminer...
Posts: 760
Rep Power: 4
Default

...CAP CAP CAP...

Old 23.11.2007, 09:20   #3
the mochinger
 
Hans Andersen's Avatar
 
Join Date: 02 2002
Location: Paranoid Android, @10:50
Age: 45
Posts: 1,894
Rep Power: 5
Default

Very stunning, gripping and moving. thanks for sharing!

Waiting for more...

Old 23.11.2007, 10:01   #4
kexhts @nker
 
kexhtsavor's Avatar
 
Join Date: 02 2007
Location: -------------
Posts: 785
Rep Power: 4
Default

shat hetaqrqir er bayc tvuma te kisat mnac

Old 23.11.2007, 11:12   #5
Дошкольник
 
Garik Manvelyan's Avatar
 
Join Date: 05 2003
Location: Armenia,Yerevan
Age: 46
Posts: 145
Rep Power: 5
Default

Երևի այդ աղջիկը ծնվել էր միայն այդ տղայի կյանքը փոխելու համար:
Չարժեր:
__________________
I never forget faces but in your case I can do exclusion.

Old 23.11.2007, 11:47   #6
the mochinger
 
Hans Andersen's Avatar
 
Join Date: 02 2002
Location: Paranoid Android, @10:50
Age: 45
Posts: 1,894
Rep Power: 5
Default

btw, minchev verj el parz chi 2i serern el

Old 23.11.2007, 12:36   #7
Дошкольник
 
Garik Manvelyan's Avatar
 
Join Date: 05 2003
Location: Armenia,Yerevan
Age: 46
Posts: 145
Rep Power: 5
Default

Ուզում ես պատկերացնես հերոսին միայն կապույտ խզբզած թուղթ է գալիս աչքերիդ և պոկռտած մազեր:

Old 27.11.2007, 05:34   #8
kexhts @nker
 
kexhtsavor's Avatar
 
Join Date: 02 2007
Location: -------------
Posts: 785
Rep Power: 4
Default

es amen@ sharunakutun kunena?

Old 29.11.2007, 22:11   #9
poor misguided fool
 
lightontheshore's Avatar
 
Join Date: 03 2005
Location: Yerevan
Age: 37
Posts: 606
Rep Power: 0
Default

Շնորհակալ եմ բոլոր կարծիքների համար
Quote:
Originally Posted by kexhtsavor View Post
shat hetaqrqir er bayc tvuma te kisat mnac
Կիսա՞տ… երբևէ մտքովս չի անցել այն շարունակել. գրվել է մի շնչով, ավարտվել, երբ այլևս գրելիք չի եղել:

Quote:
Originally Posted by Garik Manvelyan View Post
Երևի այդ աղջիկը ծնվել էր միայն այդ տղայի կյանքը փոխելու համար:
Չարժեր:
Կյանք փոխե՞լ: Այստեղ կյանք փոխելու մասին խոսք չկա: Իսկ եթե խորանանք, ցանկացած մարդ ինչ-որ կերպ, թեկուզ աննշան փոխում է դիմացինի կյանքը:

Quote:
Originally Posted by Hans Andersen View Post
btw, minchev verj el parz chi 2i serern el
Անկեղծ ասած, գրելիս ես երկուսին էլ աղջիկ էի պատկերացնում, բայց շատ եմ նկատել, թե ինչպես են ուրիշները երկրորդ դեմքին տղա պատկերացրել (առաջին դեմքին մի քիչ դժվար էր՝ իմանալով հեղինակի սեռը): Ամեն դեպքում՝ կարծում եմ, որ այստեղ սեռերն էական չեն:

Quote:
Originally Posted by kexhtsavor View Post
es amen@ sharunakutun kunena?
Շարունակություն՝ չէ, բայց թեմատիկ առումով մոտ պատմվածքը մի քանի րոպեից կտեղադրեմ:

Վիժողները
Old 29.11.2007, 22:20   #10
poor misguided fool
 
lightontheshore's Avatar
 
Join Date: 03 2005
Location: Yerevan
Age: 37
Posts: 606
Rep Power: 0
Default Վիժողները

Հոգեբուժարանի երկրորդ հարկի միջանցքի ծայրում գտնվում էր մի սենյակ, որի վրա փակցված էր. «Վիժողներ»: Հենց այդտեղով տարան նրան, դուռը բացեցին, ներս հրեցին ու փակեցին: Այդ պահին նկատեց, որ իր հագին կարմիր զսպաշապիկ կա:
Սենյակը մեծ էր, պատուհաններ չուներ: Բացի երեք մահճակալից, ուրիշ ոչ մի կահավորանք չկար: Ամեն ինչ սպիտակ էր` և՛ հատակը, և՛ առաստաղը, և՛ պատերը, և՛ մահճակալներն իրենց բոլոր մանրամասնություններով: Ու այս համատարած սպիտակության մեջ հնարավոր չէր չնկատել գետնին նստած կանանց` մեկը կանաչ, իսկ մյուսը` կապույտ զսպաշապիկով:
Երբ դուռը փակվեց, հայացք գցեց նրանց վրա ու փորձեց հասկանալ, թե ինչ է կատարվում:
- Ուրեմն ես գի՞ժ եմ,- շշնջաց:
- Չէ՛, դու վիժող ես,- ժպտաց կապույտ զսպաշապիկով կինը,- դրանք մի քիչ տարբեր բաներ են,- հետո ձայնը ցածրացրեց ու շարունակեց,- բարով ես եկել:
- Դուք ովքե՞ր եք,- փորձեց իմանալ նորեկը:
- Մե՞նք… Դժվար է բացատրել: Մի բառով` վիժողներ ենք,- այս անգամ խոսեց կանաչը:
- Հասկացա… Մենք անուն չունենք… Դու Կանաչն ես, դու` Կապույտը, ես էլ այսուհետ Կարմիրն եմ… Պարզ է:
- Հիանալի՜ է,- բացականչեց Կապույտը,- մենք երկար ենք անուններ փնտրել մեզ համար, բայց ոչինչ չի ստացվել: Իսկ զսպաշապիկները մեզ ամենալավն են բնութագրում: Մենք ոչ այլ ինչ ենք, քան գույն:
Կարմիրն արդեն հասցրել էր հատակին տեղավորվել:
- Մենա՞կ եք,- հարցրեց:
- Չէ՛,- պատասխանեց Կանաչը,- շատերն են գալիս, վիժում ու գնում, իսկ մենք համառորեն հրաժարվում ենք: Հրեշտա՛կս, հուսանք` դու նրանցից մեկը չես լինի:
- Իսկ ծննդաբերողներ չե՞ն լինում:
- Չգիտեմ,- մտախոհ ասաց Կապույտը,- դեռ նման դեպք չենք տեսել… Այս ամենը մի կողմ թողնենք: Փոքրի՛կ, պատմի՛ր քո պատմությունը: Ինչպե՞ս այստեղ հայտնվեցիր, քանի՞ զավակ ունես:
- Զավակներս շատ են… Մի մասն առողջ է, մյուսները` հիվանդ: Մի մասը` լուռ, մյուսները խոսում են: Մի մասին ոչ ոք չի տեսել, մյուսները` միշտ դրսերում… Գրիչը ձեռքիս էր: Դե գիտեք… Հասկանու՞մ եք… Ո՞նց բացատրեմ… Ծննդաբերական ցավերս էին: Ուր որ է` ծննդաբերելու էի… Ու ծնվեց, գիտե՞ք: Բայց բալիկս մեռած էր: Դա ուժեղ ցավ էր ինձ համար: Հետո մտածեցի. ոչինչ, էլի կծնվեն: Բայց չէ՛, չէր ստացվում: Ասես ամպեր էին կուտակվել, իսկ ես վանդակի մեջ էի: Փախչել էի ուզում, որ հաջորդ երեխաս առողջ ծնվի, բայց չէր ստացվում: Ու հանկարծ զգացի, որ վիժում եմ… Հետո էլ չեմ հիշում: Հայտնվեցի այստեղ… Երևի հոգեբուժարան է, հա՞: Բայց մի՞թե մենք այդքան վտանգավոր ենք, որ մեզ զսպաշապիկներ են հագցրել:
- Դու չգիտես,- դառը ժպիտը դեմքին ասաց Կապույտը,- մենք շատ ավելի վտանգավոր ենք, քան իսկական հոգեկան հիվանդները: Մեզ կապել են, որ չծնենք: Միամիտ են. կարծում են, թե դա միայն ձեռքերով է հնարավոր:
- Բայց մեզ չեն կարող արգելել, չէ՞,- լացակումած ասաց Կարմիրը:
Դրան հետևեցին արցունքերը: Կարմիրն ասես չէր նկատում, չէր տեսնում Կանաչին ու Կապույտին: Ինչ-որ անհասկանալի բառեր էր ասում, իսկ մյուս երկուսը լրացնում էին նրա անհոդաբաշխ խոսքը: Հետո Կապույտը սողաց դեպի Կարմիրը: Ուսը մի կերպ բարձրացրեց, փորձեց սրբել արցունքները: Պինդ հպվեց նրան ու ասաց.
- Թանկագի՛նս, համարի՛ր, որ գրկում եմ քեզ: Գիտես, ձեռքերս կապած են: Նրանք կարող են արգելել մեր շարժումները, բայց չեն կարող, չէ՞, ստիպել, որ միտքը կանգ առնի: Ես քեզ մտքիս մեջ գրկում եմ:
Մյուս կողմից Կանաչը մոտեցավ ու կամացուկ ասաց.
- Մենք քեզ շատ լավ ենք հասկանում: Արդեն հինգ տարի է` ինչ այստեղ տառապում ենք: Գիտե՞ս` ինչ դժվար է, երբ մտքիդ ու մարմնիդ շարժումները չեն համապատասխանում: Ասում եմ, չէ՞, շատերն են եկել-գնացել, բայց նրանց դուրս են թողել, որովհետև միտքը ենթարկել են մարմնին: Մի՞թե կարծում ես, թե նրանք ազատ են: Ո՜չ, բանտարկյալներ են: Այդ մենք ենք ազատ, որովհետև մեր միտքը վանդակում չէ: Հետո՞ ինչ, որ շարժումները սահմանափակ են:
- Մի՞թե դրանով փորձում ես ինձ մխիթարել: Ես, փաստորեն, իմ ամեն ինչը ստիպել են թողնել ու լավ չեմ պատկերացնում, թե ինչու եմ այստեղ հայտնվել: Ո՞ր մեղքիս համար: Ի՞նչ վատ բան եմ արել:
- Հուսով եմ` դու էլ կձգտես ձեռքերդ շարժել մտքիդ ուղղությամբ, ոչ թե հակառակը,- քաջալերեց Կապույտը:
- Բայց ես կապված եմ: Ինչպե՞ս:
- Իսկ ես ինչպե՞ս քեզ մտքիս մեջ գրկեցի:
Կարմիրը ժպտաց: Այդ օրն այլևս չխոսեցին:
Առավոտյան նախաճաշ էին բերել: Ամեն ինչ արված էր այնպես, որ հանկարծ ձեռքերն օգտագործելու կարիք չլինի. սնունդը հեղուկ էր, ափսեներն ու բաժակներն ամնրացված էին շարժական սեղաններին, որոնք միայն ուտելու ժամերին էին հայտնվում: Թե՛ ուտելիքների, թե՛ ըմպելիքների մեջ ձողիկներ կային, որոնցով պետք է ըմպեին… Դրա համար մի քիչ դժվարանում եմ «ուտելիք» բառն օգտագործել:
Լուռ նախաճաշեցին: Կարմիրը խորամանկ էր. ուտելուց հետո ձողիկն ատամներով պոկեց, ծոցը մտցրեց:
- Ի՞նչ ես անում,- զարմացավ Կապույտը:
- Պետք կգա,- աչքով արեց Կարմիրը:
Անցավ մի ժամ: Լուռ էին: Երկրորդն անցավ: Նորից լուռ էին: Հետո Կարմիրը հանկարծ հարցրեց.
- Ինչո՞ւ են մեր զսպաշապիկները գունավոր:
- Շատ խորն են մտածել: Սպիտակը կկարողանայինք մտքոտել: Բայց թե ինչպես` մինչև հիմա ես էլ չեմ պատկերացնում: Երևի մտածում էին, որ ատամներով բերաններս կկծոտենք ու լեզվի ծայրով կկգրենք,- հեգնեց Կանաչը:
- Ինչու՞ ես ծաղրում,- հանդիմանեց Կապույտը,- ախր նրանց հայտնի չեն մեր պահանջները, չգիտեն, որ կարող ենք թռչել, թեկուզ թևեր չունենք, կարող ենք պառկել մեր սիրած ծառի տակ, խոսել մեր ուզած մարդկանց հետ: Բայց նրանք կարծում են, թե արյունով գրելու նման պարզունակ գործողությունն արգելելով կարող են զրկել մեզ ամենամեծ հաճույքներից:
- Լուրջ չես,- տխրեց Կարմիրը,- բայց ես հիմա շատ կուզենայի լինել իմ երազած վայրում, վերադառնալ այնտեղ, որտեղից եկել եմ:
- Մոռացի՛ր,- դառնացավ Կապույտը,- դու այլևս անցյալ չունես: Հիմա մենք ենք` երեքով: Պետք է հաղթենք, որովհետև ուժեղ ենք: Ես տեսնում եմ, որ դու էլ չես հեռանալու:
- Չէ՛, առաջին հնարավորության դեպքում կփախչեմ:
- Կվիժե՞ս,- խայթեց Կանաչը:
- Ո՛չ:
- Ուրեմն մոռացի՛ր հետդարձի ճամփան:
- Ես այստեղից դուրս կգամ,- խոստացավ Կարմիրը,- իսկ պատե՞րը,- անվստահ շարունակեց,- առաստա՞ղը, հատա՞կը, մահճակալնե՞րը…
- Դու նրանց գերագնահատում ես,- ծիծաղելով ասաց Կանաչը,- մտքներով չի անցել, որ զսպաշապիկի վրա արյունով գրելն ավելի դժվար է, քան, ասենք, պատերի:
- Երևի կզղջան դրա համար,- խորամանկորեն ժպտաց Կարմիրը:
- Տեսնենք,- հառաչեց Կապույտը:
- Մի՞թե դու վստահ չես,- տխրեց Կանաչը:
- Չգիտեմ…

Լույսը դեռ չէր բացվել, ավելի ճիշտ` արթնանալու ժամանակը չէր, որովհետև վիժողների սենյակում գիշեր-ցերեկ, ամառ-ձմեռ չկար. միշտ նույն եղանակն էր, նույն լուսավորությունը:
Արդեն մի շաբաթ կլիներ, ինչ Կարմիրն այնտեղ էր: Սովորել էր սպիտակ սենյակին ու նոր ընկերուհիներին, ավելի ճիշտ` բախտակիցներին, հենարաններին, քաջալերողներին:
Կանաչն ու Կապույտը դեռ քնած էին: Կարմիրը արթնացավ ու շշնջաց.
- Իսկ անցյալս չկա:
Մի ձայն միացավ. Կապույտն արթնացել էր.
- Ծիծաղելի է:
Կանաչն էլ էր նրանց հետ.
- Երջանիկ,
- Խենթ,
- Հետաքրքիր,
- Աշխույժ:
- Բայց արժեք չունի:
- Ես ունեմ ներկա:
- Թանկ է այն:
- Թա՞նկ:
- … Ապագա
- Այն ստեղծում եմ հիմա:
- Այս սենյակում:
- Ոչ ոք չի կարող խանգարել:
- Մտքեր…
- Մտքեր…
- Մտքեր…
- Կիսում ենք գիշերը:
- Գիշե՞ր:
- Թե՞ առավոտ:
- Կապ չունի:
- Քունս չի տանում:
- Որովհետև հոգնած չեմ:
- Կամ` ուղեղս տեղյակ չէ:
- Մտքեր…
- Հոգնել եմ քնելուց:
- Մենք խելագարվում ենք,- սթափվեց Կարմիրը:
- Չէ՛, մեր խոսքն ազատվում է,- բացատրեց Կապույտը:

Մի քանի օր անց Կարմիրը նորից ժամանակից շուտ արթնացավ, սկսեց բղավել.
- Վիժու՜մ եմ, վիժու՜մ:
- Չէ՛, ուշ է,- ասաց հենց նոր վեր կացած Կապույտը:
- Ուշ է,- հաստատեց Կանաչը, որը չէր էլ քնել:
- Ժամանակն է:
Կարմիրը ծոցից հանեց ձողիկը, դրեց բերանը, թաթախեց ընթրիքի սեղանից ատամներով մի կերպ պոկած սուրճի լիքը բաժակի մեջ և գրեց պատին.
- Ու ես սուզվում եմ մի հսկայական օվկիանոսում: Հեռու եմ բոլորից: Թեև խեղդվողն անկախ ամեն ինչից ենթագիտակցաբար բղավում է, օգնություն խնդրում, ես լռում եմ. չեմ մեռնում: Իջնում եմ կամաց, դանդաղ, որ չարթնացնեմ հատակում քնած ձկներին: Ջուրը սառն է, բայց շուտով իմ գրկում կտաքացնեմ նրան: Եվ մենք իջնում ենք գրկախառնված` ես և օվկիանոսը:

- Տեսնու՞մ ես` չվիժեցիր,- ժպտաց Կապույտը:
- Ուշ էր դրա համար. ծնվեց: Անունը կդնես «Վիժողները»: Մենք գալիս ենք քո հետևից:
- Սա նվիրում եմ նրանց` բոլոր վիժված մտքերի դիմաց,- ուժասպառ ասաց Կարմիրը:
- Մտքերը չեն վիժվում: Նրանք միշտ էլ կան: Այն, ինչ դու վիժում ես, մտքիդ պտուղն է: Միայն՝ զգու՜յշ, շուտ չծնես. անհաս երեխաներին դժվար է փրկել:

Old 30.11.2007, 06:26   #11
the mochinger
 
Hans Andersen's Avatar
 
Join Date: 02 2002
Location: Paranoid Android, @10:50
Age: 45
Posts: 1,894
Rep Power: 5
Default

karmir, lav es grum, shat lav!

Old 30.11.2007, 13:40   #12
Silence
 
Moonlight's Avatar
 
Join Date: 11 2004
Location: back to meta level
Posts: 3,926
Blog Entries: 3
Rep Power: 4
Default

sprachlos...
Reply




Реклама:
реклама

All times are GMT. The time now is 18:14.
Top

Powered by vBulletin® Copyright ©2000 - 2024, Jelsoft Enterprises Ltd.