début
Աշխատանքային օրը դեռ չէր ավարտվել, բայց սենյակում մնացել էին ընդամենը երկու հոգի, եթե չհաշվենք հինգ-վեց տարեկան մի տղայի, որ ձանձրանում էր ու անհամբեր սպասում, թե երբ պապը կավարտի աշխատանքն ու իրեն կտանի տուն: Աշխատողներից մեկն իրոք տղայի պապն եր, իսկ մյուսին, պապի գործընկեր Գ.-ին, տղան տեսել էր մի քանի անգամ: Երկուսն էլ բեղավոր էին, մաքուր սափրված, կոկիկ, փողկապներով. մի տեսակ ստոիկյան բան կար նրանց մեջ: Նույն ստոիկյան ճշտապահությամբ էլ երկու հասակավորները, որ երևի հաճախ էին միասին տուն գնում, քիչ անց «հավաքեցին լվացքն» ու տղայի հետ դուրս եկան: Տղայի կյանքում կարծես մի սովորական օր էր, առանց որևէ հավակնության տպավորվելու նրա ուղեղում, բայց նրան այսօր էլ թվում է, թե կարող է մանրամասն հիշել, թե ինչ ճանապարհով էին գնում, ինչ գնումներ կատարեցին, ինչի մասին էին խոսում պապն ու Գ.-ն: Իսկ գնումներ իսկապես կատարեցին, ու թվաց, թե Գ.-ն առանձնակի ջանասիրությամբ էր անում դա, խնամքով: Տղային տարօրինակ չթվաց նաև այն, որ ինչ-որ լուռ համաձայնության արդյունքում Գ.-ն ոչ միայն չթեքվեց դեպի կանգառ և շարունակեց ճանապարհը նրանց հետ, այլև այդ երեկո դարձավ նրանց հյուրը: Տուն մտնելիս Գ.-ն կատարած գնումներով լի իր ցանցը (հին ու բարի ժամանակների այդ ցանցը) տնավարի տեղավորեց խոհանոցում այնպես, որ տանտիրուհիները երևի կարծեցին, որ նա ուղղակի օգնել է դա տեղ հասցնել: Այդ երեկո ոչինչ կարծես տարօրինակ չէր տղայի համար, ու նա չհասկացավ, չէր էլ կարող հասկանալ, թե ինչպիսի նրբանկատություն պահանջվեց նրա հարազատներից բաժակաճառով պատասխանելու համար Գ.-ի այն հանկարծակի հայտարարությանը, թե այդ օրն իր ծննդյան տարեդարձն էր...
Տարիներ հետո տղան հասկացավ, որ այդ օրվա նրանց հյուրը մի Մենակ Մարդ էր, ու նա սարսափեց Մենակությունից...
|