Go Back   Armenian Knowledge Base > Entertainment > Literary nook

Reply
 
Thread Tools

Լևոն Փոսփոլյան
Old 25.09.2011, 00:52   #1
Младенец
 
Join Date: 09 2011
Location: Yerevan, RA
Posts: 1
Rep Power: 0
Default Լևոն Փոսփոլյան

Ճոռոմափայլ այն փաստը, թե ազգերն ունեն դեմք, բնավորություն, ճակատագիր և, վերջապես, կենսագրություն, բուռն ցանկության դեպքում կարելի է «Սոկրատեսը մարդ է և, հետևաբար, մահկանացու» տիպի դատողություններով ճղճիմացնել-հանգեցնել նրան, որ հայ ազգի ճակատագիրը հայերիս թվաքանակը, վերջին մարդահամարի տվյալներով, հասցնելով երկու միլիոն ու մի քանի հարյուր հազարի, մեծ ռիսկի տակ է դնում այդ երկու միլիոն ու մի քանի հարյուր հազար մարդկանցից մեկի ճանաչվելը մնացածներից ոմանց կողմից, եթե այդ մեկը որոշի ձեռքը գրիչ վերցնել ու կարդացվել՝ ինքը մնալով ստվերում: Երկարաշունչ այս նախադասությամբ թերևս նվազեցնում եմ այդ ռիսկը. ո՞վ կուզենա շարունակել նման սկիզբ ունեցող պատմվածքը կամ, գուցե, սոսկ հավակնությունը դրա: Ինչևէ, խոստանում եմ հնարավորինս սանձել վերջակետերը հետաձգելու ձգտումս և խոսել «ըստ էության», ինչը դատարանը պահանջում էր Միմինոյի հայրենակցից...
«Կյանք մտնել» ասվածը, ինչի մասին այդքան սիրում են ճոռոմաբանել միջնակարգ դպրոցների տնօրենները «Վերջին զանգ» կոչված միջոցառումների ժամանակ, նման է լողալ չիմացող մեկի՝ առաջին անգամ ալեկոծ ծովը մտնելուն: Հար և նման: Առանց ավելորդ չափազանցությունների, առանց ընթերցողի համակրանքը շահելու համար նման համեմատությունը նրա աչքը մտցնելու: Իրոք նման է: Սրտի տրոփյունով քայլում ես դեպի խշշոցն, ու հանկարծ աչքիդ առջև բացվում է ալեփրփրուր հսկան: Առաջին պահին շունչդ կտրվում է, զարմանքից քարանում ես, հիանում գեղեցկությամբ: Հետո վարժվում ես ու նոր միայն նկատում ալիքների վրա թռվռացող մի քանի համարձակների: Մագնիսի նման հրապուրում է ծովը, ու ինքդ քեզ հաշիվ չես էլ տալիս, թե ինչպես ալիքները սկսեցին լիզել ոտքերդ: Էլի ես գնում: Դե ի՞նչ կա որ. ջուրը դեռ գոտկատեղիցդ է, իսկ ալիքների վրա թռվռալն իրոք որ՝ հաճելի: Մեկ էլ հանկարծ մետրանոց մի ապտակ ես ստանում, ջրով ծածկվում գլխից էլ վերև, ու հատակը փախչում է ոտքիդ տակից: Զգում էս թեև, որ կարող ես ջրում պահել քեզ, բայց չես համարձակվում: Մինչև հասցնում ես ուշքի գալ մի քանի մանր ալիքների խաբուսիկ օրորով, վրա է հասնում երկրորդ ապտակն ու այդպես շարունակ: Վայ քեզ, եթե ժամանակին դուրս չեկար. անգիտակցաբար կորցնում ես ուժերդ ու սոսկումով հանձնվում ալիքներին՝ փորձելով ազատվել, կուլ չտալ աղի ջուրը, գնալ դեպի ափը, ի վերջո օգնության ես կանչում ու, եթե բախտդ բերեց, հայտնվում ես ափին: Ահա քեզ գեղեցիկ մեդալի մյուս կողմը: Չնայած այդ ամենին՝ եթե քիչ թե շատ սիրում ես ջրի տարերքը, ապա անպայման կվերադառնաս: Մի քիչ լողալ կսովորես, մի քիչ կմոռանաս եղածն ու անպայման կվերադառնաս... Մոտավորապես այս նոտաներով ժամերգվեց և Լևոն Նիկոլայի Փոսփոլյանի նորամուտը՝ կյանք:
Լևոն Նիկոլայի Փոսփոլյան: Կար ժամանակ, երբ նրան տեսնում էի գրեթե ամեն օր: Սովորում էինք միևնույն դասարանում: Փոքր-մոքր, թուլակազմ, խելացի, աչքի ընկնող երեխա էր: Ցուրտումութ տարիներից, ի լրումն սղոցից մնացած մեկ-երկու սպիների, նվեր էր ստացել վատ տեսողություն, որը, ազգանվան հետ միասին, պատուհաս էր դարձել նրա գլխին: Առանձնապես վեհերոտ չէր, առավել ևս զուրկ չէր ինքնասիրությունից, բայց երբ բանը հասնում էր բռունցներին, դրանք լռում էին: Պատահել էր, որ իրեն նեղող մեկ-երկուսի վախեցրել էր պարզած բռունցքով, սակայն դրանով էլ դրանց դերը սահմանափակվել էր: Պաշտպաններ նույնպես չուներ, ու երբեմն բանը վերջանում էր վիրավորանքները կուլ տալով: Դրանից շատ էր տանջվում:
Լևոնից առանձնապես մեծ ջանք չէր պահանջվում դասարանում առաջինը լինելու համար: Սիրված էր ուսուցիչների կողմից: Առանձնապես ուժեղ էր լեզուներից, թեև երբ հերթը հասավ մասնագիտություն ընտրելու, «ընտրեց» տնտեսագետի եկամտաբեր մասնագիտությունը: Առաջին անգամ սիրահարվեց, երբ նկատեց, որ դասարանում սիրահարվածների բանակը սկսում է գերկշռել: Ի բնե լինելով զգացմունքային, որոշեց միանալ այդ բանակին և, ընտրելով դասարանի աղջիկներից մեկին, «սիրահարվեց» նրան: Պլատոնական սիրով, իհարկե: Ի պատիվ Փոսփոլյանի պետք է նշել, որ հետագայում իրոք սիրահարվեց այդ աղջկան, ում այդպես էլ չբոցավառած կրակի ածուխներից դեռ վերջերս էլ մի քիչ մլմլում էին Լևոնի սրտում, մանավանդ երբ իմացավ, որ սերն անպատասխան չէր: Հետագայում եղան մանր-մունր սերեր, կարճատև և անխոստովան:
Նրա ամենամեծ թերությունը չափից դուրս նվիրվածությունն էր ամեն ինչին ու ամեն պատահածին, ինչի պատճառով հաճախ տուժում էր: Դյուրահավատ էր, հեշտ ոգևորվող ու ոգևորության մեջ չափն անցնող: Դպրոցից այդ տղան տարավ հիասթափություն դասընկերներից, չդասակարգված գիտելիքների պաշար, անապական հոգի և չգիտես ինչով պայմանավորված անսահման պաշտամունք դեպի կանացի սեռը (քավ լիցի, ոչ երբեք կնամոլություն), որի բագինը համալսարանական տարիներին պիտի անծուխ հանգած մնար՝ սովորելու, մարդ դառնալու անհրաժեշտությամբ ու փողի սակավությամբ ճնշված-թթվածնազուրկ: Տարավ մեկ էլ, թեև շատ էինք միմյանցից տարբեր, իմ անշահախնդիր ընկերությունը, որ հետագայում խորհրդածումների բազմաթիվ երկուստեք հաճելի երեկոներ պարգևեց, իսկ երբեմն էլ փորձվեց հրով ու կապարով՝ իմ վայրիվերո ու անհաստատ կյանքով պայմանավորված:


շարունակելի, եթե հետաքրքեց

Last edited by mitri_mitrich; 25.09.2011 at 00:53. Reason: font size correction
Reply




Реклама:
реклама

All times are GMT. The time now is 03:00.
Top

Powered by vBulletin® Copyright ©2000 - 2024, Jelsoft Enterprises Ltd.