www.ArmenianHouse.org հայկական գրադարանում հրատարակվել է հետաքրքիր մի նյութ՝ անհայտ մի հեղինակի
օրագիր Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին օրերի մասին։
Թեև օրագիրը գրվել է 83 տարի առաջ, բայց կարդալուց այնպիսի տպավորություն է, որ այսօրվա մասին ես կարդում։
Մի քանի հատված՝
Սրանից ուղիղ երկու ամիս առաջ՝ իմ անփութության պատճառով, նեցուկների (բրոնյա) օրենքից օգտվելու պատճառ վկայական չունենալուս համար՝ զորահավաքի ատյանը ինձ ձերբակալեց, որպես դասալիք և իսկական դասալիքների հետ Երևանից քշեց մինչև Իգդիր, ուր ճակատ էր բռնած 4-րդ Բրիգադան և ուր նշանակված էի ծառայելու: Իհարկե, ինձ, որպես գիտակից քաղաքացու, ցավ էր պատճառում այն, որ ինձ քշում են որպես դասալիք:
Սակայն ինձ մխիթարում էր այն հանգամանքը, որ զորական և մյուս նախարարներից սկսած մինչև ինձ անձամբ ճանաչող քաղաքացիները լավ գիտեն, որ ես նեցուկի օրենքով ազատված եմ զորակոչից: Սակայն փաստը մնում է փաստ, որ ես համապատասխան վկայական չունեի` չնայած կառավարության երիցս նախազգուշացման, հետևաբար, ես դասալիք էի բառիս բովանդակ իմաստով: Այս խստությունները ինձ ուրախացնում էին: Երբ հրամանատար Սեպուհը ինձ տեսավ, զարմանքից գոչեց. «Վերջապես կառավարությունը խելքի է եկել և մտավորականները բանակ է ուղարկում»:
Երբ գլխիս եկածը պատմեցի, նա ժպտաց և ասաց. «Էլի անճարներն են տուժում, մինչ ունևորների որդիները և մտավորական կոչված ճարպիկ սրիկաները, որոնց թիվը բանակների է հասնում, նեցուկի զանազան կեղծ վկայականներով ազատվում են զորակոչից: Պետք է վերացնել նեցուկների օրենքը, որ ներկա վայրկյանին պատուհաս է մեր երկրին»:
==================================
Շամշադինից տխուր լուրեր են հասնում, պարզվում է, որ մեր հանրապետության թշնամի տարրերը կաշառքի և ստոր միջոցով գրավում են ժողովրդին իրենց կողմը և կռվի են հանում մեր դեմ: Այդ շրջանից միայն մի քանի գյուղեր կան մեր ձեռքում, իսկ մեծամասնությունը հիմարացած եղբայրասպան կռվի է ելել:
Պաշտոնական տեղեկություններ ունենք, որ այդ շրջանի գյուղացիները հաց և փող են ստանում և բոլշևիկ դառնում*: Ինձ զարմացնում է մի հանգամանք, որ «կոմունիստները» այնքան միամիտ են, որ կարծում են, թե հայ գյուղացիները սոցիալիստ կդառնան: Բայց չի կարելի չխոստովանել, որ ռուս «կոմունիստները» իսկական աշխատանք են թափում սոցիալիստական հեղափոխությունը պատվաստելու Կովկասի փոքր ժողովուրդներին: Նրանք գրականության և քարոզչության վրա շատ լուրջ ուշադրություն են դարձնում, կարողանում են մասսաներին հեղաշրջել: Բացի լավ խոսքերից, նրանք աշխատավոր ժողովրդին գործնական օգնություն են ցույց տալիս: Այսպես, օրինակ, նրանք Շամշադինի և Ղազախի հայ գյուղացիությանը ալյուր են բաժանում, և մեր փողերը, որ արժեքով այնքան ընկած են համեմատած կովկասի բոնիրին, հավասար կուրսով են ընդունում: Անշուշտ, այսպիսի գործնական քայլերը մեծապես ազդում են գյուղացիության վրա: Մեր պետական հազար ու մի հոգսերը թույլ չեն տալիս, որ ամեն մի շրջանի կարող լինենք բավարարել և հետևանքը լինում է այն, որ հայ ժողովրդի սոված մասը ձգտում է դեպի բոլշևիզմը:
_________________
* հեղինակը տեղյակ չէ 1919թ. ռուս-թուրքական Իզմիրյան գաղտնի բանակցություններից, ուր բոլշևիկները Ռուսաստանի անունից պարտավորություններ էին վերցրել իրենց վրա՝ թուրքերին օգնել ո’չ միայն զենքով ու փողով, այլև Հայաստանի Հանրապետությունը ներսից պառակտելով - Գ. Ռ.
========================
Այս վերջին հատվածում, եթե "բոլշեւիկներ" բառի տեղ դնենք "դեմոկրատներ", ներկա Հայքին խիստ կնմանվի։